петък, 12 декември 2008 г.

«Մենք Հայ Ենք Պէտք Է Ըսէք», կ՛ըսէ Ղասսան Ռահպանի Կեդրոնական Բարցրագոյն Վարժարանի Աշակերտներուն



Լիբանանի անկախութեան 65-րդ ամեակը մեծ շուքով տօնուեցաւ երեքշաբթի, 25 նոյեմբեր 2008-ին, Հայ աւետարանական կեդրոնական բարձրագոյն վարժարանին մէջ, որ սկսաւ Լիբանանի եւ Հայաստանի քայլերգներով։Հայրենիք կորսնցուցած եւ արտերկրի տարածքին սփռուած հայ նոր սերունդի զաւակները բաւական լաւ իւրացուցած են հայրենիքի անկախութեան գաղափարն ու անոր սիրոյն կատարուած զոհողութիւնները։ 65-րդ տարեդարձի անկախութեան մթնոլորտէն ու Լիբանանը իբրեւ երկրորդ հայրենիք նկատելու սէրէն ներշնչուելով՝ միջնակարգէն ու երկրորդականէն երեք աշակերտներ ինքնագիր բանաստեղծութիւններով (մէկը՝ հայերէն) արտայայտեցին իրենց սէրն ու յարգանքը Լիբանանին ու անոր անկախութեան։11-րդ դասարանի աշակերտները երկու երգերով՝ Ժուլիա Պութրոսի «Էնէ պըթնաֆաս հուրիէ» եւ Ղասսան Ռահպանիի «Նահնա հոն մընիիշ», իրենց մասնակցութիւնը բերին յայտագիրին։Արաբերէնի ուսուցչուհիին՝ Սիլվա Գալֆայեանին կողմէ ներկայացուեցաւ Ղասսան Ռահպանին իբրեւ արուեստագէտ ընտանիքի մը յատկանիշը իւրացուցած նորօրեայ արուեստագէտը։Հայասէր եւ հայ մշակոյթը արժեւորող Ղասսան Ռահպանի հաճելի ոճով եւ իւրայատուկ վերլուծումով ներկայացուց անկախութեան գաղափարը՝ շեշտը դնելով «Անկախութիւնը չի տրուիր, այլ կը խլուի» նշանաբանին վրայ։ Ան աւելցուց, որ բացարձակ անկախութիւն չկայ, եւ ինչպէս բոլոր երկիրներու պարագային, Լիբանանի քաղաքական հարցերուն միջամուխ եղողներ պիտի ըլլան։ Ան իր խօսքին մէջ արժեւորեց Լիբանանի ներկայ անկախութիւնը, որ կը ղեկավարուի լիբանանցիներով։Հետաքրքրական էր Ղասսան Ռահպանիին մօտեցումը հայ պատկանելիութեան առնչութեամբ, որովհետեւ մեզ՝ հայերս «յանդիմանեց»՝ ըսելով, թէ՝ «Դուք կը տառապիք բարդոյթէ մը, երբ որդեգրած էք «լիբանանցի ենք, ծագումով հայ» բացատրութիւնը։ Դուք հպարտ պէտք է ըլլաք, որ հայ ժողովուրդի զաւակներն էք եւ պէտք է ըսէք «Հայ եմ»։Աշակերտներուն կողմէ բուռն ծափահարութիւններու արժանանալէ ետք վարժարանիս տնօրէնուհին՝ Մարալ Տէյիրմենճեան Ղասսան Ռահպանիին յանձնեց յուշանուէր մը, որուն վրայ արձանագրուած էր «Յանդուգն արուեստագէտ» մը ըլլալու գնահատական խօսքը։

ՎԱԽՃԱՆՈՒՄ՝ ՎԵՐ. ԴՈԿՏ. ՅՈՎՀԱՆՆԷՍ ԳԱՐՃԵԱՆԻ



Մերձաւոր Արեւելքի հայ աւետարանական եկեղեցիներու միութիւնը խոր ցաւով կը գուժէ վախճանումը իր բազմավաստակ պատուոյ նախագահին, նախկին նախագահին, անդադրում քարոզիչին, անձնուէր հովիւին եւ ժրաջան առաջնորդին՝ վեր. դոկտ. Յովհաննէս Գարճեանի։ Վերջին քանի մը տարիներուն քաղցկեղի դէմ տարած իր պայքարէն ետք, ան վախճանեցաւ կիրակի, 23 նոյեմբեր 2008-ի կէսօրէ ետք ժամը 4։45-ին, հանդարտ քունի ընթացքին, իր տան մէջ, Սուարթամոր-Փենսիլվանիա (Միացեալ Նահանգներ)։Վեր. Գարճեան ծնած էր Մարաշ (Թուրքիա), 30 յուլիս 1927-ին։ 1936-ին ընտանիքը կը փոխադրուի Հալէպ, ուր ան նախ կը յաճախէ Հայ աւետարանական Բեթէլ նախակրթարանը, ապա՝ Հալէպ քոլէճ, որուն երկրորդական ուսման ընթացքը կ՚աւարտէ 1945-ին։ Անմիջապէս կը սկսի երիտասարդ Յովհաննէս Գարճեանի քարոզչական-դաստիարակչական ծառայութիւնը՝ Գալատուրանի (Քեսապի շրջան) Հայ աւետարանական եկեղեցիին եւ նախակրթարանին մէջ։ Բարձրագոյն ուսման պապակը հանգիստ չի ձգեր զինք. ուստի Մերձաւոր Արեւելքի Աստուածաբանական ճեմարանի դասընթացքին կը միանայ շուտով։ 1953-ին կը վկայուի պսակաւոր աստուածաբանութեան եւ պսակաւոր արուեստից վկայականներով, աստուածաբանական դպրոցէն եւ Պէյրութի ամերիկեան համալսարանէն։ Նոյն տարին կ՚ամուսնանայ օրդ. Ռեբեկա Վարդանեանի հետ, եւ ընտանիքը կ՚օրհնուի չորս զաւակներով Փոլին՝ Նայիրի, Սեւան (տիկին Պալապանեան) եւ Տաթեւ-Նշան։Վերապատուելի Յովհաննէս Գարճեանի հովուական ծառայութիւնը, որ սկսած էր 1945-ին, կը շարունակուի 1953-էն ետք եւս՝ Գամիշլիի Հայ աւետարանական եկեղեցիին, եւ ապա Հալէպի Հայ աւետարանական Էմմանուէլ եկեղեցիին մէջ, ուր կը ստանայ իր հովուական ձեռնադրութիւնը 1961-ին։ Պէյրութի Հայ Աւետարանական Ա. եկեղեցին անոր հովուական առաջնորդութիւնը կը վայելէ 1978-1986, Լիբանանի ներքին պատերազմի տարիներուն։ 1986-ին ան կ՚ընտրուի միութեան նախագահի պաշտօնը վարելու, նաեւ փոխանորդի միջոցով, տնօրինելու Լիբանանի Հայ աւետարանական համայնքի համայնքապետի պաշտօնը, մինչեւ պաշտօնապէս իր հանգստեան կոչուիլը, 1988-ին։ Բայց վեր. Գարճեանի հասկացողութեան մէջ դադար չկար հոգեւոր հովիւին համար. իբրեւ միութեան նախագահ ծառայած ատեն, ան երկու տարի յանձն առաւ Սիտնիի Հայաստանեայց աւետարանական եկեղեցիի հովւութիւնը, իսկ վերջին տարիներուն Ամերիկա հաստատուելէն ետք, Հեվըրթաունի Հայ աւետարանական եկեղեցիին հայերէն քարոզելու պարտականութիւնը։Հովուական եւ միութենական ծառայութեան զուգահեռ՝ վեր. Գարճեան ծառայած է նաեւ իբրեւ Սուրիոյ Հայ աւետարանական համայնքի համայնքապետ, Հայկազեան համալսարանի եւ Մերձաւոր Արեւելքի աստուածաբանական ճեմարանի հոգաբարձութեանց անդամ եւ ատենապետ, նախագահ Աստուածաբանական ճեմարանին, Հայ աւետարանական համաշխարհային խորհուրդի անդամ եւ նախագահ, Միջին Արեւելքի եկեղեցիներու խորհուրդի Գործադիր մարմինի եւ Եկեղեցիներու համաշխարհային խորհուրդի անդամ։ Ան եղած է նաեւ հայերէն լեզուի դասատու, տնօրէն եւ Հալէպ քոլեճի նախագահ։ Վերապատուելին ունեցած է նաեւ հրատարակչական գործունէութիւն՝ շրջան մը խմբագրելով միութեան «Ջանասէր» պարբերաթերթը եւ հրատարակելով իր քարոզներու շարքերը։Մերձաւոր Արեւելքի Հայ աւետարանական եկեղեցիներու միութիւնը երախտագիտութեամբ կ՚անդրադառնայ իր պատուոյ նախագահին՝ վեր. դոկտ. Յովհաննէս Գարճեանի պտղաբեր կեանքին եւ բեղուն ծառայութեան՝ փառք տալով Աստուծոյ անոր համար եւ աղօթելով առ Բարձրեալն, որ յաւիտենական կեանքի յոյսով մխիթարէ տիկին Ռեբեկան, անոր զաւակները եւ թոռները, եւ նման մշակներ հանէ իր հունձքէին։ՆԱԽԱԳԱՀ ԵՒ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՄԵՐՁԱՒՈՐ ԱՐԵՒԵԼՔԻ ՀԱՅ ԱՒԵՏԱՐԱՆԱԿԱՆԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՄԻՈՒԹԵԱՆ24 նոյեմբեր, 2008Պէյրութ

ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ՄԾԲՆԱ ՀԱՅՐԱՊԵՏ - ՀՈՎԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հովիվները հոտի գլուխն են և իրենց խաշներին կերակրում են կենաց կերակուրով։ Ով տքնում և չարչարվում է, հոգ տանում իր արոտի ոչխարների համար, նա աշակերտն է մեր բարի Հովվի, Որն Իր Անձը տվեց Իր խաշների համար։ Իսկ ով չի հոգում իր հոտի համար, վարձկանի նման է։ Ո՛վ հովիվներ, նմանվո՛ղ եղեք առաջին արդար հովիվներին։ Հակոբը հովվեց Լաբանի խաշներին, չարչարվեց, տքնեց, պահեց և ստացավ։ Նա ասաց Լաբանին. «Ահա քսան տարի է ծառայում եմ քեզ. և իմ գալուց հետո ոչխարների թիվն անչափ աճել է։ Ցերեկն արևակեզ էի լինում, իսկ գիշերը փայտանում էի ցրտից, քունը կտրվեց աչքերիցս [նրանց պահպանելու համար]»։ Հովիվնե՛ր, տեսե՛ք այս հովվին, որքա՜ն էր հոգում իր արոտի խաշների համար. գիշերն արթուն էր՝ պահպանելու, իսկ ցերեկը տքնում ու չարչարվում էր՝ արածեցնելու համար։ Հովիվ էր Հակոբը, հովիվ էր Հովսեփը, հովիվ էին նրանց եղբայրները, հովիվ էր Մովսեսը, նաև Ամովսն էր հովիվ։ Այս բոլոր հովիվները հովվեցին իրենց ոչխարներին և բարվոք առաջնորդեցին։ Սիրելի՛, իսկ ինչո՞ւ այս հովիվները նախ ոչխարներին հովվեցին, ապա ընտրվեցին՝ հովվելու մարդկանց։ Որպեսզի սովորեն՝ ինչպե՛ս պետք է հովվել հոտին, ինչպե՛ս պետք է տքնել և չարչարվել նրա համար։ Եվ երբ սովորում էին հովվություն, ընտրվում էին՝ առաջնորդ լինելու։ Հովվեց Հակոբը Լաբանի խաշներին, չարչարվեց ու տքնեց, բարվոք առաջնորդեց, իսկ հետո առաջնորդեց իր որդիներին և նրանց սովորեցրեց հովվություն։ Նաև Հովսեփն էր իր եղբայրների հետ ոչխարներ արածեցնում և եգիպտացիների երկրում զորքի առաջնորդ եղավ և առաջնորդեց նրան, ինչպես լավ հովիվը՝ իր հոտին։ Մովսեսը նույնպես հովվեց Հոթորի ոչխարներին և ընտրվեց՝ հովվելու իր ժողովրդին, և իբրև քաջ հովիվ՝ առաջնորդեց նրան։ Նա բարձրացնում էր իր ցուպն իր ուսերի վրա և գնում էր իր ժողովրդի առջևից։ Նա հովվեց քառասուն տարի, և իբրև քաջ ու հոգածու հովիվ՝ տանջվեց ու չարչարվեց իր խաշների համար։ Իսկ երբ Տերը նրանց մեղքերի համար կամեցավ բնաջնջել նրանց (քանզի երկրպագեցին հորթին), Մովսեսն աղոթում էր, Տիրոջը խնդրում. «Թողությո՛ւն շնորհիր այս ժողովրդի մեղքերին, հակառակ դեպքում ի՛նձ ջնջիր կենաց գրքից, ուր գրեցիր»։ Սա՛ է քաջ հովիվը, որն իր անձը մատնեց իր ոչխարների համար։ Սա՛ է առաքինի առաջնորդը, որն իր անձը դրեց իր ոչխարների համար։ Եվ սա՛ է գթացող հայրը, որ գթաց իր որդիներին և սնեց նրանց։ Եվ իմաստուն վարդապետ Մովսեսը սովորեցրեց իր աշակերտին՝ Նավեի որդի Հեսուին՝ հոգիների այրին, որն առաջնորդեց Իսրայելի որդիների ամբողջ բանակին։ Կոտորեց թագավորներին, հնազանդեցրեց երկիրը և նրանց արոտի տեղ տվեց, իր խաշներին մակաղելու տեղեր բաշխեց։ Դավիթն էլ հովվեց իր հոտի ոչխարներին և ապա բարձրացավ՝ հովվելու իր ժողովրդին. հովվեց նրանց իր սրտի պարզությամբ և իր ձեռքերի իմաստությամբ առաջնորդեց նրանց։ Իսկ երբ նա սկսեց հաշվել իր հոտի խաշներին, նրանք սրտմտեցին, բարկացան և սկսեցին կոտորվել։ Այնժամ Դավիթն իր անձը մատնեց իր խաշների համար, աղոթեց և ասաց. «Տե՛ր Աստված, ես մեղանչեցի, քանի որ հաշվեցի իմ ժողովրդին։ Թող Քո ձեռքն ինձ, իմ հոր տան և այս անմեղ ոչխարների վրա լինի»։ Բոլոր քաջ հովիվներն այսպե՛ս էին դնում իրենց անձերն իրենց ոչխարների համար։ Իսկ այն հովիվները, ովքեր չէին հոգում իրենց խաշների համար, վարձկաններ էին. քանզի միայն իրենց անձերն էին արածեցնում։ Այս պատճառով է մարգարեն ասում. «Ո՛վ հովիվներ, որ ցրում և կորստյան եք մատնում իմ արոտի խաշներին, լսե՛ք Տիրոջ պատգամները։ Այսպես է ասում Տերը. «Ահա պիտի հաշվեմ իմ խաշներին, ինչպես որ հովիվն է հաշվում նրանց մառախլապատ օրերին, և հաշիվ պիտի պահանջեմ ձեզնից։ Ո՛վ անմի՛տ հովիվներ, որ խմում եք կաթը, բուրդը հագնում և մորթում պարարտներին, բայց իմ հոտերը չեք արածեցնում, հիվանդացածին չեք բժշկում, տկարացածին չեք զորացնում, չարչարվածին չեք փայփայում, վիրավորվածին չեք փափաթում, մոլորվածին ետ չեք դարձնում, կորածին չեք փնտրում, իսկ դիմացկունին էլ՝ բռնությամբ ու խաբեությամբ տանջում։ Լավ ու փափուկ արոտներում նախ դուք էիք ուտում, մնացածը ոտնակոխ էիք անում, մաքուր ու քաղցրահամ ջուրը դուք էիք խմում, իսկ մնացածը ոտքով պղտորում, իսկ իմ հոտերը ձեր ոտնակոխ արածն էին ուտում և ձեր պղտորած սմբակահամ ջրերն էին խմում։ Սրանք լիրբ ու վարձկան հովիվներն էին, որովհետև ո՛չ արածեցրին հոտերը, ո՛չ բարվոք առաջնորդեցին և ո՛չ էլ գայլերից ազատեցին նրանց։ Երբ գա մեծ Հովիվը՝ հովիվների Վարդապետը, պիտի հաշվի Իր հոտերը, պիտի բերի այդ հովիվներին ու հաշիվ պահանջի նրանցից և պիտի դատապարտի նրանց՝ իրենց գործերի համար։ Իսկ նրանց, ովքեր բարվոք հովվեցին հոտերին, հովիվների Վարդապետը պիտի ուրախացնի և կյանք ու հանգիստ պիտի տա։ Ո՛վ անպիտա՛ն հովիվ, թողեցի իմ խաշներին քո աջ բազուկի, աջ աչքի տակ, և այն բանի փոխարեն, որ դու նրանց մասին ասացիր, թե՝ «Որը մեռնելու է, թող մեռնի, որը սատկելու է, թող սատկի, և որը մնալու է, թող ուտի իր ընկերոջ մարմինը», այդ իսկ պատճառով պիտի կուրացնեմ քո աջ աչքը, պիտի չորացնեմ քո աջ բազուկը, քանի որ այն ճշմարտությամբ չառաջնորդեց և պիտի չորանա։ Իսկ դուք, իմ արոտի ոչխարնե՛ր, մարդիկ եք, Ես ձեր Տեր Աստվածն եմ, այսուհետ պիտի արածեցնեմ ձեզ փափուկ ու գեղեցիկ արոտներում»։ Եվ լավ հովիվն Իր անձը մատնեց Իր խաշների փոխարեն։ Դարձյալ ասում է. «Ես ուրիշ ոչխարներ էլ ունեմ, նրանց ևս պետք է այստեղ բերեմ, որպեսզի լինի մեկ հոտ և մեկ Հովիվ։ Իմ Հայրն ինձ այն բանի համար է սիրում, որ ես իմ անձն եմ դնում իմ ոչխարների համար»։ Դարձյալ ասում է. «Ես եմ ոչխարների դուռը, ով իմ միջով մտնի, կփրկվի. կմտնի ու կելնի և ճարակելու բան կգտնի» [Հովհ. Ժ 9]։ Ո՛վ հովիվներ, նմանվեցե՛ք այս լավ Հովվին, որ ամբողջ հոտի գլուխն է. որքա՜ն ջանք թափեց Նա Իր հոտերի համար։ Մոտեցրեց հեռավորներին, ետ դարձրեց մոլորվածներին, բժշկեց հիվանդացածներին, զորացրեց տկարացածներին, փաթաթեց վիրավորվածներին և պահպանեց պարարտներին, Իր անձը մատնեց Իր խաշների փոխարեն։ Եվ ընտրեց ու ուսուցանեց առաքինի աշակերտների, նրանց ձեռքն ավանդեց ամբողջ հոտը և ասաց Շմավոն վեմին. «Արածեցրո՛ւ իմ գառներին» և՝ «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին»։ Եվ արածեցրեց Շմավոնը և ավարտեց իր ժամանակը. ձե՛զ ավանդեց այդ հոտերը և գնաց։ Արածեցրեք և դո՛ւք և բարվո՛ք առաջնորդեք։ Հովիվը, որը հոգ է տանում իր ոչխարների մասին, ուրիշ գործ չի անում. ո՛չ այգի է տնկում, ո՛չ բուրաստաններ և ո՛չ էլ դժվարությունների մեջ ընկնում։ Երբևէ չի տեսնվել, որ հովիվը թողնի ոչխարներին և մաճկալ դառնա։ Եթե թողնի իր հոտերը, նրանք գայլերի ձեռքը կընկնեն։ Հիշի՛ր, սիրելի՛, մեր առաջին հայրերի մասին ասածներս, որոնք նախ հովվություն էին սովորում, այդտեղից էլ ձեռք էին բերում հոգաբարձության փորձ, և ապա ընտրվում էին՝ առաջնորդ լինելու, որպեսզի սովորեն և իմանան, որ ինչպես հոգում էին իրենց հոտի մասին և առաջնորդում նրան, այնպես էլ պետք է այժմ առաջնորդ լինեն։ Հովսեփը, Մովսեսը, Դավիթը հովվությունից ընտրվեցին՝ ժողովրդի առաջնորդ լինելու, և այլևս չվերադարձան դեպի ոչխարները։ Ամովսին Տերը վերցրեց ոչխարների միջից և նրան մարգարե դարձրեց, և նա այլևս չվերադարձավ՝ ոչխարներ արածեցնելու և թութ քաղելու։ Եվ Եղիսեին վերցրեց եզների միջից, որպեսզի մարգարե լինի Իսրայելի մեջ, և նա այլևս չվերադարձավ իր եզների մոտ, այլ ծառայեց Եղիային և նրա տեղը բռնեց։ Եվ որովհետև նրա աշակերտը սիրեց ագարակներ, առևտուր, ձիթենիներ և գործեր, նա չկամեցավ, որ իրեն աշակերտի և հոտերը չհանձնեց նրա ձեռքը։ Դարձյալ ասում է. «Ես ուրիշ ոչխարներ էլ ունեմ, նրանց ևս պետք է այստեղ բերեմ, որպեսզի լինի մեկ հոտ և մեկ Հովիվ։ Իմ Հայրն ինձ այն բանի համար է սիրում, որ ես իմ անձն եմ դնում իմ ոչխարների համար»։ Դարձյալ ասում է. «Ես եմ ոչխարների դուռը, ով իմ միջով մտնի, կփրկվի. կմտնի ու կելնի և ճարակելու բան կգտնի» [Հովհ. Ժ 9]։ Ո՛վ հովիվներ, նմանվեցե՛ք այս լավ Հովվին, որ ամբողջ հոտի գլուխն է. որքա՜ն ջանք թափեց Նա Իր հոտերի համար։ Մոտեցրեց հեռավորներին, ետ դարձրեց մոլորվածներին, բժշկեց հիվանդացածներին, զորացրեց տկարացածներին, փաթաթեց վիրավորվածներին և պահպանեց պարարտներին, Իր անձը մատնեց Իր խաշների փոխարեն։ Եվ ընտրեց ու ուսուցանեց առաքինի աշակերտների, նրանց ձեռքն ավանդեց ամբողջ հոտը և ասաց Շմավոն վեմին. «Արածեցրո՛ւ իմ գառներին» և՝ «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին»։ Եվ արածեցրեց Շմավոնը և ավարտեց իր ժամանակը. ձե՛զ ավանդեց այդ հոտերը և գնաց։ Արածեցրեք և դո՛ւք և բարվո՛ք առաջնորդեք։ Հովիվը, որը հոգ է տանում իր ոչխարների մասին, ուրիշ գործ չի անում. ո՛չ այգի է տնկում, ո՛չ բուրաստաններ և ո՛չ էլ դժվարությունների մեջ ընկնում։ Երբևէ չի տեսնվել, որ հովիվը թողնի ոչխարներին և մաճկալ դառնա։ Եթե թողնի իր հոտերը, նրանք գայլերի ձեռքը կընկնեն։ Հիշի՛ր, սիրելի՛, մեր առաջին հայրերի մասին ասածներս, որոնք նախ հովվություն էին սովորում, այդտեղից էլ ձեռք էին բերում հոգաբարձության փորձ, և ապա ընտրվում էին՝ առաջնորդ լինելու, որպեսզի սովորեն և իմանան, որ ինչպես հոգում էին իրենց հոտի մասին և առաջնորդում նրան, այնպես էլ պետք է այժմ առաջնորդ լինեն։ Հովսեփը, Մովսեսը, Դավիթը հովվությունից ընտրվեցին՝ ժողովրդի առաջնորդ լինելու, և այլևս չվերադարձան դեպի ոչխարները։ Ամովսին Տերը վերցրեց ոչխարների միջից և նրան մարգարե դարձրեց, և նա այլևս չվերադարձավ՝ ոչխարներ արածեցնելու և թութ քաղելու։ Եվ Եղիսեին վերցրեց եզների միջից, որպեսզի մարգարե լինի Իսրայելի մեջ, և նա այլևս չվերադարձավ իր եզների մոտ, այլ ծառայեց Եղիային և նրա տեղը բռնեց։ Եվ որովհետև նրա աշակերտը սիրեց ագարակներ, առևտուր, ձիթենիներ և գործեր, նա չկամեցավ, որ իրեն աշակերտի և հոտերը չհանձնեց նրա ձեռքը։ Աղաչո՜ւմ եմ ձեզ, հովիվնե՛ր, հոտի վրա անմիտ, տգետ, ագահ ու հարստություն սիրող աշակերտներ մի՛ կարգեք։ Ամեն ոք, որ ոչխարներ է արածեցնում, խմում է նրանց կաթից, ով եզներ է վարում, նրանց վաստակից հոգում է իր կարիքները։ Եվ քահանաները պետք է բաժանեն այն սեղանից։ Ով խմում է այն կաթից, նրա սիրտը այդ հոտի հետ կլինի, ով իր կարիքները հոգում է իր եզների վաստակով, սիրով կանի իր գործը։ Նաև քահանաները զգուշությամբ թող ծառայեն սեղանին։ Ղևտացիները, որոնք ստանում էին իրենց տասանորդը, Իսրայելի մեջ բաժին չունեին։ Ո՛վ հովիվներ, մեր մեծ Հովվի աշակերտնե՛ր, աղաչո՜ւմ եմ ձեզ, վարձկանների մի՛ նմանվեք, քանզի վարձկանի համար ի՞նչ փույթ իր հոտը։ Նմանվո՛ղ եղեք մեր Հովվին, Որ առավել խաշներին սիրեց, քան Իր անձը։ Սիրեցե՛ք երիտասարդներին, բարձրացրե՛ք կույսերին, գգվեցե՛ք գառներին. նրանք թող ձեր ծոցում սնվեն։ Որպեսզի երբ հովիվների Վարդապետի մոտ գնաք, ձեր խաշներին կատարյա՛լ մատուցեք նրան, և Նա ձեզ կտա, ինչ որ խոստացավ, թե՝ «Ուր որ ես եմ, այնտեղ էլ իմ պաշտոնյան կլինի»։ Այս սակավը բավական է խաշներին ու հովիվներին։ Վերևում գրեցի, հիշեցրի ձեզ ընթացքը, որ վայելում է հոտին, և այս խոսքերը գրեցի քեզ հովիվների՝ հոտերի առաջնորդների մասին։ Գրեցի քեզ, սիրելի՛, ինչ որ քո նամակում հարցնում էիր ինձ։ Հազարապետն ինձ տարավ արքունական գանձարան և այնտեղ ինձ ցույց տվեց բազում երանություններ. ով վերցնում է այնտեղից, հարստանում է և հարստացնում։ Այն բաց է բոլորի առջև, ովքեր փնտրում են այն։ Շատերն են վերցնում այնտեղից, և ոչինչ չի պակասում։ Իսկ երբ տալիս են իրենց վերցրածից, իրենցն ավելի ու ավելի է շատանում։ Ովքեր վերցնում են, թող ձրի տան, ինչպես առել են այն։ Այն փողով չի վաճառվում, քանզի ոչինչ չկա, որ արժենա նրան։ Ո՛չ գանձն է պակասում, ո՛չ էլ առնողներն են հագենում։ Ըմպում են և ծարավ են, ուտում են և քաղցած են։ Ով չի ծարավում, չի կարող ըմպել, ով չի քաղցում, չի կարող ուտել։ Նրա քաղցը շատերին է հագեցնում, նրա ծարավը աղբյուրների վտակներ է առաջացնում։ Նման է մարդու, որ մոտենում է աստվածպաշտության, ծարավ մարդու, որ մոտենում է աղբյուրներին, խմում է և հագենում, և այն աղբյուրից ջուրը չի պակասում, նման է հողի, որ թեև ջրվում է, սակայն դարձյալ կարոտ է ջրվելու։ Այսպիսին է Աստծո գիտությունը. որքան մարդ էլ վերցնի նրանից, չի պակասում և ոչ էլ բովանդակվում է մարմնավորներից։ Ո՛չ առնողն է ձեռնահաս լինում առնելու, և ո՛չ էլ, երբ տալիս է, պակասում է որևէ բան։ Երբ ճրագ վառես, դու նրանով բազում ճրագներ կարող ես վառել. ո՛չ կրակը կվերջանա, և ո՛չ էլ ճրագը կթուլանա։ Ո՛չ մարդը կարող է առնել արքունական բոլոր գանձերը, և ո՛չ էլ ծարավը, աղբյուրից խմելով, կպակասեցնի նրա ջուրը։ Եվ ոչ էլ, երբ մարդ կանգնի բարձր լերան վրա, նրա աչքը հասու կլինի մերձավորին և հեռավորին, կամ երբ հաշվի երկնքի աստղերը, կարող է բովանդակել երկնային զորությունները։ Եվ ոչ էլ երբ մոտենա աստվածպաշտության, ամեն բան կարող է ստանալ։ Թեև հույժ շատ էլ ստանա, չի երևա, թե պակասել է։ Եվ ոչ էլ երբ տա, ինչ որ առել է, կսպառվի այն և կվերջանա։ Հիշի՛ր, սիրելի՛, որ հավատի առաջին խոսքում գրել էի քեզ, թե ով ձրի է ստանում, ձրի՛ էլ պետք է տա ստացածը, ինչպես մեր Տերն ասաց. «Ձրի առաք, ձրի՛ տվեք»։ Ով չտա նրանից, ինչ ստացել է, կվերցվի նրանից։ Ուստի և, սիրելի՛, այս ժամանակում որքան կարողացա վերցնել այն գանձից, որ չի վերջանում, բերեցի քեզ։ Քեզ բերեցի ինձ մոտ եղած ամբողջ գանձը, որ չի վերջանում, քանզի այն Աստծո իմաստությունն է, իսկ հազարապետը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, ինչպես Ինքն իսկ վկայեց, թե՝ «Ամեն բան տրված է ինձ իմ Հորից»։ Եվ որովհետև Ինքն է իմաստության հազարապետը, Նա Ինքն է իմաստությունը, ինչպես առաքյալն ասաց. «Քրիստոսն է Աստծո զորությունն ու իմաստությունը»։ Հենց այս իմաստությունը բաշխվեց շատերին, և նրանից ոչինչ չպակասեց, ինչպես վերևում ասացի քեզ. քանզի Քրիստոսի Հոգուց ստացան բոլորը, և Քրիստոս չպակասեց։ Ես քեզ տասը ճառեր գրեցի, և ինչ որ հարցրիր, պատասխանեցի քեզ։ Ինչ որ խնդրեցիր ինձնից, տվեցի քեզ։ Թևակոխի՛ր դու դրանց մեջ ամեն ժամ, չարչարվի՛ր և Սուրբ Գիրք ընթերցիր, որ ընթերցվում է Աստծո տանը՝ եկեղեցում։ Այս ամենը, որ գրեցի քեզ, ընթերցի՛ր և սովորի՛ր, թող ընթերցեն նաև մեր ուխտակից և հավատակից եղբայրները, որ հեռու լինի նրանցից խեղկատակությունը։ Հիշի՛ր, ինչ որ գրեցի քեզ։ Այս լսե՛ք ինձնից առանց հակառակվելու, մեր երիտասարդ եղբայրներին նույնպես խելամուտ դարձրեք դրանց։ Եվ ինչ որ լսում ես, ընդունի՛ր դու։ Ես, իբրև քարերը կռող, քարեր բերեցի շինության համար, իսկ իմաստուն ճարտարապետները թող քանդակեն և դնեն շինվածքի մեջ։ Տիրոջից վարձք կստանան։ [Նրան փառք հավիտյանս. ամեն։]

Մծբինի սուրբ Հակոբ հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օր

13 դեկտեմբեր 2008
Մծբինի սուրբ Հակոբ հայրապետ

Սուրբ Հակոբ (Մծբնեցի) հայրապետ Սբ Հակոբ (Մծբնեցի) հայրապետն Ընդհանրական Եկեղեցու հեղինակավոր և սիրված սրբերից է: Կատարած բազում հրաշքների շնորհիվ նրան կոչել են նաև «Սքանչելագործ»: Վարքագրական աղբյուրների համաձայն՝ ս. Հակոբը պարթևական տոհմից էր և մեր առաջին հայրապետ ս. Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ որդին: Երբ Անակ Պարթևի տոհմը բնաջնջվում է, դայակները մանուկ Սուրենին և Հակոբին փախցնում են Կեսարիա, ուր նրանք դաստիարակվում են քրիստոնեական ոգով և շնչով: Շատ չանցած, մանուկ Հակոբն իր քրոջ Սակդենի տեղափոխվում են Պարսկաստան և որոշ ժամանակ ապրում արքունիքում: Սակայն Հակոբը թողնում է այդ ճոխ կյանքը՝ իրեն նվիրելով ճգնակեցությանը: Հետո ս. Հակոբը գնում է Մծբին՝ հանդիպելով Մարուգե ճգնավորին, ով հռչակված էր իր սրբակենցաղությամբ և հոգետեսությամբ: Վերջինից լսելով, որ այդ կողմերի մարդկանցից շատեր, թեպետև հավատքի են եկել, բայց թերահավատորեն են մոտենում Ս. Գրքին և կասկածում Նոյյան տապանի գոյությանը, որոշում է բարձրանալ լեռը՝ տապանը տեսնելու և նրանից մի մաս բերելու համար: Հակառակ սրբի անկոտրում կամքի՝ նա չի կարողանում հասնել Արարատի գագաթը և երկար տանջվելուց հետո նիրհում է: Երազում հրեշտակը այցելում է նրան և տապանից մի մասունք է դնում սրբի գլխատակին: Ըստ ավանդության՝ ս. Հակոբի պառկած տեղում մի սառնորակ աղբյուր է բխել, որը հայտնի է եղել իր բուժիչ և հրաշագործ հատկություններով, իսկ աղբյուրի կողքին հետագայում սրբի անունով եկեղեցի է կառուցվել: Նոյյան տապանի այդ մասունքը ցայսօր պահվում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Լինելով ժամանակի պատկառելի անձնավորություներից մեկը՝ մասնակցել է 325 թ. Նիկիայի Տիեզերական ժողովին: Իր կյանքի ընթացքում բազմաթիվ հրաշքներ է գործել: Մծբինի եպիսկոոսի մահից հետո Աստված Մարուգեին հայտնում է, որ Հակոբն է լինելու աթոռի արժանի հետնորդը: Երկար տարիներ իր հոտը հովվելուց հետո մահանում է 350 թ.: Հայ Առաքելական Եկեղեցին Մծբինի ս. Հակոբ հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակը տոնում է Դ Հիսնակաց կիրակիին նախորդող շաբաթ օրը:
Մելիտոս եպիսկոպոս

Սուրբ Մելիտոս եպիսկոպոս Ս. Մելիտոս եպիսկոպոսը († 381) ծնվել է Փոքր Հայքի Մելիտինե քաղաքում: 358 թ. դառնում է Փոքր Հայքի Սեբաստիա քաղաքի եպիսկոպոսը, իսկ 360 թ. ընտրվում է Անտիոքի Աթոռի գահակալ: Նա, լինելով վարքով սրբակենցաղ, վարվեցողությամբ` քաղցրաբարո, աստվածպաշտության մեջ` անկեղծ, միաժամանակ խուսափում էր ժամանակի աստվածաբանական վիճաբանություններից: Եվ ժողովուրդն ակնկալում էր, որ նրան կհաջողվեր խաղաղություն հաստատել կրոնական վեճերի պատճառով պառակտված Անտիոք քաղաքում: Արդարև, նա ի զորու է լինում սիրաշահել այս անհանդարտ քաղաքի բնակչությանը. հեռու մնալով աստվածաբանական վիճելի խնդիրների արծարծումից` բավականանում է միայն բարոյական ու գործնական քարոզներով, աշխատում է աստիճանաբար բարեկարգել որոշ անկարգություններ: Սակայն Կոստանդիոս արիոսական կայսեր կազմակերպած Անտիոքի ժողովում, որի նպատակն էր երևան հանել Մելիտոսի վարդապետական համոզումները, բացահայտում է իր ուղղափառ լինելը: Արիոսականների սադրանքով երիցս դատապարտվում է աքսորի: Ս. Մելիտոս եպիսկոպոսի գրչին է պատկանում «Հավատքի շարադրում» աստվածաբանական երկը, որն օգնել է բազում մոլորվածների վերադառնալու ճշմարիտ հավատքի: Սուրբը մասնակցել է 381 թ. Կ. Պոլսի Բ Տիեզերաժողովին` նախագահելով այն, սակայն տակավին ժողովը չավարտված` վախճանվել է: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Անտիոքի Մելիտոս հայրապետի հիշատակը տոնում է Խաչվերացի Թ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը, ինչպես նաև Հիսնակաց Դ կիրակիին նախորդող շաբաթ օրը։

ՀԱՆԴԻՊՈՒՄ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԵՒ ԱՄԵՆԱՊԱՏԻՒ ՍՖԷՅՐ ՊԱՏՐԻԱՐՔԻ ՄԻՋԵՒ






















12/12/2008







Ուրբաթ 12 Դեկտեմբեր 2008-ին, Մարոնիներու պատրիարքարանին մէջ, Պքէրքէ, հանդիպում մը տեղի ունեցաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի եւ Մարոնիներու պատրիարք Ն.Ա. Նասրալլա-Պութրոս Սֆէյր պատրիարքին միջեւ: Վեհափառ Հայրապետին կ’ընկերանային Լիբանանի Հայոց Առաջնորդ Գերշ. Տ. Գեղամ Եպս. Խաչերեան եւ Միջ-եկեղեցական յարաբերութեանց բաժանմունքի վարիչ՝ Գերշ. Տ. Նարեկ Եպս. Ալեէմէզեան:
Երկու հոգեւոր պետերուն միջեւ այս հանդիպումը կ’իյնար, Վեհափառ Հայրապետին Վատիկան կատարած պաշտօնական այցելութեան աւարտին, ուր Նորին Սրբութիւնը կարեւորութեամբ անդրադարձած էր նաեւ Լիբանանին:
Խօսակցութեան նիւթ դարձան Վեհափառ Հայրապետին վատիկանեան հանդիպումները, քննարկուեցան ընդհանրապէս Միջին Արեւելքի եւ յատկապէս Լիբանանի առնչուած երեսները:
Արամ Ա. Կաթողիկոս յայտնեց, որ թէ՜ Պապին եւ թէ արտաքին յարաբերութեանց պատասխանատու կարտինալին հետ իր հանդիպումներուն ընթացքին շեշտած է Լիբանանի եւ ընդհանրապէս Միջին Արեւելքի քաղաքական իրավիճակը:
Երկու հոգեւոր պետերը անդրադարձան նաեւ Լիբանանի այժմու կացութեան, շեշտեցին ներքին միասնականութիւնը ու երկրին ապահովութիւնը ամրապնդելու անհրաժեշտութիւնը, եւ խաղաղ մթնոլորտի մէջ յառաջիկայ խորհրդարանական ընտրութիւնները կատարելու հրամայականը:






Լուսին Գաբրիէլեանի Մանրանկարչական Գործերու Ցուցահանդէս

12 Դեկտեմբեր 2008

ԼիբանանՀայ Կաթողիկէ Մեսրոպեան Բարձրագոյն վարժարանի հիմնադրութեան 70 ամեակի առիթով ծրագրուած մշակութային ձեռնարկներու ծիրին մէջ, նախագահութեամբ դոկտ.Մովսէս Հերկելեանի, Հինգշաբթի 11 Դեկտեմբեր 2008-ին, երեկոյեան ժամը 8։00-ին, բացումը տեղի ունեցաւ տաղանդաւոր արուեստագէտուհի՝ Լուսին Գաբրիէլեանի մանրանկարչական գործերու անհատական ցուցահանդէսին։Լուսին Գաբրիէլեան՝ 1983-ին աւարտած է Հալէպի Ազգային Քարէն եւ Եփփէ Ճեմարանը (Սուրիա) եւ Հալէպի «Արշիլ Կորքի» եւ «Մարտիրոս Սարեան» գեղարուեստից ակադեմեաները։1997-ին եղած է շրջանաւարտ Երեւանի Գեղարուեստի Պետական Ակադեմիայի, արժանանալով Մագիստրոս Արուեստից վկայականին եւ մասնագիտանալով «Մեսրոպ Մաշտոց» Ազգային Մատենադարանի մանրանկարչութեան ճիւղին մէջ։1996-2000, Հայաստանի մէջ հետեւած է Ֆրանսերէնի, հին յունարէնի, գրաբարի եւ համակարգիչի դասընթացքներուն։1983-2006 Լուսին Գաբրիէլեան ունեցած է նկարչութեան դասաւանդման մանկավարժական գործունէութիւն, Սուրիոյ, Հայաստանի եւ Լիբանաի կրթական եւ բարեսիրական զանազան հաստատութիւններուն մէջ։1992-ին ունեցած է իր առաջին անհատական ցուցահանդէսը Հալէպի «Լեւոն Շանթ» ցուցասրահին մէջ։2004-2006 կատարած է որմանկարներու եւ եկեղեցական սպասներու մանրանկարչական ձեւաւորումներ Զմմառու վանքին մէջ։2001-2007 մասնակցած է զանազան հաւաքական ցուցահանդէսներու եւ կատարած է ամսագրային նկարազարդումներ։Լուսին Գաբրիէլեան Հայ Քրիստոնէական սրբանկարչութեան դարաւոր աւանդներուն հաւատարիմ արուեստագիտուհին է, որուն գործը արժանի է ամենայն գնահատանքի եւ քաջալերանքի։Մեսրոպեան Բարձրագոյն վարժարանի համար, Հայ մշակոյթը կրթութեան հետ միասին կարեւորագոյն լծակներէն մէկը կը հանդիսանայ Հայ ինքնութեան պահպանման պայքարին, որուն հաւատարիմ եւ լծուած կը մնայ վարժարանը 70 տարիէ ի վեր։Ցուցահանդէսը բաց է մինչեւ Շաբաթ՝ 13 Դեկտեմբեր 2008 երեկոյեան ժամը 9։00-ը։

«Մեր հույսերի, մեր տեսիլքների իրագործման մեծ ճանապարհ ունենք անցնելու»


Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի խոսքը

Մեծարգո նախագահ Հայաստանի Հանրապետության, տիար Սերժ Սարգսյան, սիրելի աստվածասեր, բարեպաշտ ժողովուրդ. լրացավ 20—րդ տարելիցը 1988 թ. երկրաշարժի, որը մեծ ավերածություններ պատճառեց մեր երկրին, մեծ կորուստներ եւ վիշտ՝ մեր ժողովրդին։ Այսօր աղոթքով ոգեկոչում ենք հիշատակը աղետի հազարավոր զոհերի։Այս օրերին ցավի զգացումով ապրեցինք վերհուշը տարերային աղետի կործանարար հետեւանքների։ Մեր առջեւ հառնեցին համատարած փլուզումների պատկերները, մարդկանց վշտահար ու տանջահար դեմքերը, բայց նաեւ՝ Հայաստանից եւ աշխարհի տարբեր կողմերից օգնության շտապող գթասիտ մարդկանց անհատնում հոսքը, ավտոմեքենաների անվերջ շարասյուները, որ մխիթարություն, քաջալերանք ու լավատեսություն էին բերում։ Արդարեւ, սիրելիներ, այդ դժնդակ օրերին զորացյալ հույսով ապրեց, հավատով գործեց, սիրով համախմբվեց մեր ժողովուրդը՝ ամոքելու վիշտը, վերացնելու երկրաշարժի աղետալի հետեւանքները։ Ծանր ու դժվարին եղան նաեւ երկրաշարժին հաջորդած տարիները։ Արցախը մարտնչում էր ազատ կյանքի համար, եւ Հայաստանն ու Արցախը հայտնվել էին անօրինական շրջափակման մեջ։ Երկրաշարժից վիրավոր, մթության ու ցրտի, սովի ու կարիքի մեջ անգամ իր արդար դատի պաշտպանությունից չնահանջեց մեր ժողովուրդը։ Այդ օրերին Հայրենիքում եւ սփյուռքում մեկ եւ նույն մտքով էր ապրում ազգս հայոց՝ վերացնել աղետի պատճառած ավերածությունները, հաղթահարել տնտեսական կյանքի ճգնաժամը, շրջափակման դժվարությունները, պաշտպանել Արցախը։ Աստծո պարգեւած զորությամբ, միասնական ուժերով մեր ժողովուրդը ձեռնամուխ եղավ ծառացող հրամայականների դիմագրավմանը, Հայաստանում եւ Արցախում հայրենի պետականության վերականգնմանը եւ իր ազատ կյանքի կառուցմանը։ Այսօր մենք հիշում ենք 20 տարիների հերոսական պատմությունը մեր ժողովրդի, զոհողությունների ու նվիրումի պատմությունը, պայքարի եւ կառուցումի պատմությունը։ Այդպիսին պիտի մնան ու հիշվեն այդ տարիները, պիտի հիշվեն մարդիկ իրենց գործերով, պիտի փառաբանվի Աստված, որ «տվեց մեզ հավիտենական մխիթարություն եւ բարի հույս իբրեւ շնորհ» (Բ Թեսաղ. Բ 15) եւ օրհնեց մեր ժողովրդի ջանքերը եւ արդար հույսերը։Երկրաշարժից հետո հսկայածավալ աշխատանք է կատարվել, ահռելի ջանք ու միջոց ներդրվել։ Այսօր աննվազ են հայրենի կառավարության, մեր ժողովրդի ջանքերը՝ ամբողջովին վերացնելու երկրաշարժի հետեւանքները, վերակառուցումներով, բարելավվող կյանքով լուսավորելու եւ պայծառացնելու մեր երկիրը՝ համայն հայության հայրենիքը։ Արդարեւ, աշխարհասփյուռ հայության միասնական ջանքերով, հավատով ու նվիրումով ձեռք բերված հաջողություններն ու հաղթանակները այս տարիների ընթացքում մեծ տեղաշարժեր ու փոփոխություններ են բերել, բայց չի փոխվել ու Աստծո ողորմությամբ չի փոխվելու մեր ժողովրդի հավատարմությունը ինքն իրեն՝ Քրիստոսասեր իր ազատ, արարող, արդարասեր հոգուն։Սիրելիներ, այսօր հանուն աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդի, մենք վերստին մեր երախտագիտությունն ենք հայտնում այն աջակցության համար, որ ցուցաբերեցին բազմաթիվ երկրներ ու ժողովուրդներ, կազմակերպություններ եւ անհատներ՝ Հայաստան առաքելով բազմապիսի օգնություն եւ կիսելով մեր ժողովրդի վիշտը։ Այդ աջակցությունն ու սատարումը արտահայտությունը եղավ եղբայրասիրության, արտահայտությունը եղավ մարդկության կամքի՝ ընթանալու դեպի բարօր, խաղաղ ու ապահով աշխարհ։Առ Բարձրյալն աղոթքով մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում մեր ժողովրդի զավակներին, ովքեր տարիներ շարունակ ջանք ու միջոց են ներդրել վերացնելու համար երկրաշարժի ավերածությունները, վերականգնելու աղետյալ բնակավայրերը։ Մեր գնահատանքը, սերն ու օրհնությունը՝ աղետի գոտու մեր հարազատ բոլոր զավակներին, որ համբերեցին ու դիմացան նեղություններին եւ վերստին կառուցեցին իրենց տները, քաղաքներն ու գյուղերը ու զավակներ մեծացրեցին՝ հույսով ու հավատով։ Մեր հույսերի, մեր տեսիլքների իրագործման մեծ ճանապարհ ունենք անցնելու, եւ ինչպես հայացքը ընդգրկում է հորիզոնը, ինչպես երազը պատկերում է նպատակը, այս հստակատեսությամբ ու լավատեսությամբ, առ Աստված ապավինությամբ պիտի ընթանանք դեպի մեր հայրենիքի բարեշեն ու բարեհույս ապագան, դեպի բարօր եւ միասնական կյանքը համայն մեր ժողովրդի։Խոնարհումով երկրաշարժի զոհերի հիշատակի առջեւ, աղոթք բարձրացնենք երկինք նրանց հոգիների համար եւ հայցենք Բարձրյալի խաղաղությունը, շնորհն ու օրհնությունը համայն աշխարհին, մեր հայրենիքին եւ մեր կյանքին։ Եվ Աստված, որ «տվեց մեզ հավիտենական մխիթարություն եւ բարի հույս՝ իբրեւ շնորհ, թող հաստատ պահի ձեր սրտերը ամեն բարի խոսքի եւ գործի մեջ»։ Եվ թող «Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծու սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզ հետ լինեն։ Ամեն։
09-12-2008

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ Կ’ԸՆԴՈՒՆԻ ԿԱՐՏԻՆԱԼ ՍԱՆՏՐԻՆ

11/28/2008

Ուրբաթ 28 Նոյեմբեր 2008-ի առաւօտուն, Վատիկան տուած իր պաշտօնական այցելութեան վերադարձէն անմիջապէս յետոյ, Վեհափառ Հայրապետին այցելեց Վատիկանի Արեւելեան Կաթոլիկ Եկեղեցիներու Բաժանմունքի Նախագահ Կարտինալ Սանտրին: Յայտնենք, որ Կարտինալ Սանտրին վերջին չորս օրերուն կը գտնուէր Լիբանան, մասնակցելու Լիբանանի մէջ կայացած արեւելեան կաթոլիկ եկեղեցիներու հոգեւոր պետերու ժողովին:
Աւելի քան ժամ մը տեւող հանդիպման ընթացքին լայնօրէն քննարկուեցաւ Վեհափառ Հայրապետին այցելութիւնը՝ Վատիկան: Վեհափառ Հայրապետը ընդհանուր գիծերով ներկայացուց իր այցելութեան յատկանշական երեսները: Կարտինալ Սանտրին, մօտէն հետեւած ըլլալով Վեհափառ Հայրապետին այցելութեան բոլոր հանգրուաններուն, պատմական որակեց այս այցելութիւնը ու մեծապէս արդիւնաւէտ: Ան անդրադարձաւ յատկապէս նահատակաց համաքրիստոնէական օր մը ճշդելու եւ Ս. Զատկուայ միացեալ թուական ունենալու Վեհափառ Հայրապետին արծարծած գաղափարներուն: Ան նաեւ անդրադարձաւ Վեհափառ Հայրապետին Անթիլիասէն տարած Նահատակաց մասունքին եւ այդ առիթով Վեհափառին արտասանած խօսքին:
Հանդիպման ընթացքին նաեւ անդրադարձ կատարուեցաւ ընդհանրապէս Միջին Արեւելքի քրիստոնէութեան ներկայութեան եւ մասնաւորաբար Լիբանանի կացութեան: Վեհափառը յայտնեց, որ այս մասին ինք խօսած է Ն.Ս. Պապին հետ եւ Վատիկանի բարձրաստիճան պատասխանատուներու հետ եւ անոնց մօտ յստակօրէն տեսած է զօրակցութիւն՝ Լիբանանի եւ ամբողջ շրջանի քրիստոնէութեան նկատմամբ: Կարտինալ Սանտրին իր կարգին հաստատեց Վեհափառ Հայրապետին մօտեցումը, ըսելով, որ իր ներկայութիւնը Լիբանան ինքնին շօշափելի արտայայտութիւն մըն է Վատիկանի զօրակցութեան:
Կարտինալ Սանտրին նաեւ անդրադարձաւ Հռոմի եկեղեցիներէն՝ Սուրբ Վլաս եկեղեցին Հայ եկեղեցւոյ տրամադրութեան տակ դնելու մասին, որպէսզի անհրաշետութեան պարագային հոն կատարուին հայ եկեղեցւոյ ծէս ու պատարագ: Ան նաեւ յայտնեց այս գծով գոյութիւն ոնեցող կարգ մը զգայնութիւնները: Վեհափառ Հայրապետը նախ իր գոհունակութիւնը յայտնեց այս գծով Հայ եկեղեցւոյ նկատմամբ կաթոլիկ եկեղեցւոյ էքիւմենիք վերաբերումին գծով, միաժամանակ մաղթելով որ զգայնութիւնները շուտով փարատին:
Սոյն հանդիպման Կարտինալին կողքին ներկայ էին նաեւ Լիբանանի մօտ Պապական Նուիրակը, Կարտինալին օգնական երկու եպիսկոպոսները, եւ Պքէրքէի ներկայացուցիչը:
Հանդիպման աւարտին Վեհափառ Հայրապետը լանջախաչ մը նուիրեց Կարտինալ Սանտրիին:

ՄԻՋԻՆ ԱՐԵՒԵԼՔԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ԽՈՐՀՈՒՐԴԻ




12/08/2008

Երկուշաբթի 8 Դեկտեմբեր 2008-ի առաւօտուն, Անթիլիասի Մայրավանքին մէջ Արամ Ա. Կաթողիկոսին նախագահութեամբ տեղի ունեցաւ Միջին Արեւելքի Եկեղեցիներու Խորհուրդի բարձրաստիճան պատասխանատուներու հանդիպում:
Հանդիպման ներկայ էին Խորհուրդի կաթոլիկ եկեղեցիներու նախագահը Մաթար Արքեպիսկոպոս, ընդհանուր քարտուղար Դոկտ. Կրկէս Սալեհ, տնտեսական յանձնախումբի փոխ-ատենապետ Դոկտ. Հապիպ Պատր եւ ուրիշներ:
Հանդիպման ընթացքին ընդհանուր արժեւորումը կատարուեցաւ Միջին Արեւելքի Եկեղեցիներու Խորհուրդի վերջին ամիսներու գործունէութեան գլխաւոր երեսներուն, ինչպէս նաեւ շորրջ երկու շաբաթներ առաջ Պէյրութի մէջ Խորհուրդի տնտեսական օժանդակութիւն կատարող արեւմտեան եկեղեցական կազմակերպութիւններու ներկայացուցիչներուն հետ տեղի ունեցած համդիպման: Յայտնենք, որ միջազգային տնտեսական տագնապը նաեւ իր անդրադարձը ունեցած է Խորհուրդի կեանքին: Այս կացութեան դիմաց առնուեցան կարեւոր որոշումներ երկու հանգրուանով գործադրելի: Հանդիպման ընթացին Վեհափառ Հայրապետը նաեւ հեռախօսային հաղորդակցութիւն ունեցաւ Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի ընդհանուր քարտուղարին հետ երկու խորհուրդներուն միջեւ գործացկութիւնը աւելի ծաւալելու հեռանկարներուն շուրջ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԸՆԴՈՒՆԵՑ



12/11/2008

Լիբանանի մէջ Յունաստանի դեսպան Փանոս Քալօճէօփուլոս, Հինգշաբթի 11 Դեկտեմբեր 2008-ի առաւօտուն այցելեց Անթիլիասի Մայրավանքը եւ հանդիպում մը ունեցաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի հետ:
Հանդիպման ընթացքին կողմերը քննարկեցին լիբանանեան քաղաքականութեան վերջին զարգացումներուն տարբեր երեսները, ինչպէս նաեւ հայ ժողովուրդի գործօն մասնակցութիւնը երկրի քաղաքական ու ընկերային կեանքին:
Ընդառաջելով դեսպանին փափաքին, Վեհափառ Հայրապետը նաեւ իրեն պարզեց անցեալ շաբաթ Վատիկան տուած իր այցելութեան գլխաւոր երեսները:
Շրջանային ու միջազգային կացութեան շրջագծին մէջ, անդրադարձ կատարուեցաւ հայ եւ յոյն եկեղեցիներու յարաբերութեան, ինչպէս նաեւ վերջին քանի մը օրերուն Աթէնքի ու շրջակայ քաղաքներուն մէջ տեղի ունեցող վայրագութեանց դրդապատճառներուն: