петък, 19 декември 2008 г.

Ծննդեան Տօնին Ծիսակատարութիւն

Ամենապատիւ եւ Գերերջանիկ Տէր Ներսէս Պետրոս ԺԹ. Կաթողիկոս Պատրիարք Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց սուրբ Ծննդեան առիթով Հայրապետական Սուրբ Պատարագը պիտի մատուցանէ եւ օրուան պատգամը պիտի տայ սուրբ Գրիգոր Լուսաւորիչ սուրբ Եղիա Աթոռանիստ եկեղեցի, Տեպպաս հրապարակ, Հինգշաբթի 25 Դեկտեմբեր 2008 առաւօտեան ժամը 10.30ին։
Հոգեւոր Տէրը շնորհաւորութիւնները պիտի ընդունի Պատրիարքարանի դահլիճին մէջ հետեւեալ ժամերուն.
Հինգշաբթի 25 Դեկտեմբեր ժամը 12.00էն- 13.30 եւ 16.30էն- 19.00։
Ուրբաթ 26 Դեկտեմբեր ժամը 11.00էն- 13.00 եւ 16.30էն- 19.00։
Հինգշաբթի 1 Յունուար 2009 ժամը 11.00էն- 13.00 եւ 16.30էն- 19.00։
Դիւան Հայ Կաթողիկէ Պատրիարքութեան
Պէյրութ, 19 Դեկտեմբեր 2008

«Դիմանկարներ» ժամանակակից Հայաստանից



Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում երեկ տեղի ունեցավ գրականագետ Ֆելիքս Բախչինյանի գրքերի շնորհանդեսը։ Դրանք վերջին երկու տարվա ընթացքում «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի հրատարակած 12 անուն գրքերն են, որոնց մեծամասնությունը հայ ներկա պատմության մեջ հայտնի քաղաքական, հասարակական, մշակութային, հոգեւոր գործիչների յուրօրինակ դիմանկարներն են։Գրքերը վաճառքի ենթակա չեն, դրանք բաժանվելու են դպրոցներին, գրադարաններին։ Դիմանկարների շարքը շարունակելի է. «Ես պատվերով չեմ գրում, այլ սրտի կանչով։ Եթե մարդն ինձ հարազատ է, եւ կարծում եմ, որ նա բարի գործ է անում»։ Ընթերցողի սեղանին են մաեստրո Հովհաննես Չեքիջյանի, գրող Վարդգես Պետրոսյանի, «ՎիվաՍել ՄՏՍ»—ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանի, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ մայոր Ալիկ Սարգսյանի, ՀՀ ոստիկանության գեներալ լեյտենանտ Հովհաննես Հունանյանի, 1930—ականներին Հայաստանի փոխվարչապետ Արամայիս Երզնկյանի եւ այլոց դիմանկարները։ Գրքերից առաջինը մենագրություն է նվիրված՝ հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենին։Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը գրական գործունեության ընդարձակում մաղթեց գրականագետին։ Հայաստան—Լիտվա, Հայաստան—Վրաստան, Հայաստան–Ռուսաստան գրական կամուրջներն ամրապնդելու գործում գրականագետի դերը բացառիկ է գնահատում ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը՝ նշելով, որ այդ աշխատանքի շնորհիվ կյանքի կոչված գրքերը մոտ 60—ն են։Գրականագետ Աելիտա Դոլուխանյանն ասում է. «Նանսենը ունի մի հետաքրքիր գիրք, կոչվում է Հայաստանը եւ Մերձավոր Արեւելքը։ Դիմելով բոլոր պետություններին, որպեսզի ողբերգությունից հետո օգնեն հայերին, նա վերջում հայերին է դիմում եւ ասում, որ հայերը հույսը իրենց վրա դնեն։ Ֆելիքս Բախչինյանի այս գրքերն ուզում են ասել, որ մենք ունենք գործիչներ, ունենք արվեստագետներ, որոնք մտածում են մեր ազգի մասին։ Այս կերպ նա ուզում է իրականացնել Նանսենի պատգամը»։Ֆելիքս Բախչինյանը ներկայացրեց նաեւ «Սե լա վի» («Այսպիսին է կյանքը») պատմվածքների առաջին ժողովածուն։

Կ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
18-12-2008

ՀԵՂԻՆԱԿԻ ԱՆՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ ՉԷ՞

Վերջերս վերահրատարակվել եւ «բարեպաշտ ընթերցողին է հասցեագրվել» եզակի մի գիրք` «Հայ եկեղեցու պատարագամատույցը», որը պարունակում է Ս. պատարագի գրաբար ամբողջական բնագիրը` արեւելահայերեն թարգմանությամբ ու բացատրություններով:
Իսկ թե ով է թարգմանության հեղինակը, չի նշվում: Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի պաշտոնական կայքէջում տեղադրված լուրի մեջ, օրինակ, նշվում է միայն, որ գիրքը վերահրատարակվել է թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, եւ որ վերահրատարակելու համար իր սիրահոժար համաձայնությունն է տվել է ԱՄՆ արեւելյան թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը: Իսկ վերջինիս տնօրինությամբ «Պատարագամատույցը» մի անգամ արդեն տպագրվել է Նյու Յորքում` 2002 թվականին: Դրա հեղինակը Անանիա արքեպիսկոպոս Աբաջյանն է, ում անունը, սակայն, հայաստանյան վերահրատարակության արդյունքում անհետացել է, ինչը նրան դառնացնում է: Այս քայլը ԱՄՆ-ում ապրող արդեն նախկին արքեպիսկոպոսը, ում աշխարհիկ անունը Ավետիք Արաբաջյան է, մեզ հետ հեռախոսազրույցում մանր արարք որակեց, «որը ցավ է պատճառում եւ որը եկեղեցու սպասավորներին վայել չպիտի լինի»: «Սա գրական վանդալիզմի ամենաաչքառու օրինակ է, եւ դաժան ձեւով անտեսված է իմ հեղինակային իրավունքը»,- վստահ է Ավետիք Արաբաջյանը: Իսկ հնարավոր համարո՞ւմ է, որ իր անունն ուղղակի պատահմամբ է դուրս մնացել: Այս հարցին նա բացասական պատասխան է տալիս: Այդ դեպքում ինչո՞ւ են որոշել իր հետ այդպես վարվել: «Ինձ թվում է` պատճառը եկեղեցական ասպարեզից հեռացած լինելս է: Չուզեցին` անունս մնա այդ գրքի մեջ, ինչը արդար չէ, ճիշտ չէ»,- ասում է նախկին արքեպիսկոպոսը` միեւնույն ժամանակ նկատելով, որ եկեղեցական ասպարեզից հեռանալը որեւէ նշանակություն չպիտի ունենա գրականության մեջ ու որոշիչ հանգամանք չպիտի դառնա ստեղծագործողի կամ թարգմանչի անունը հիշատակելու հարցում: Աշխարհական Ավետիք Արաբաջյանը պատմում է, որ 1981-89 թվականներին ինքը եղել է Ադրբեջանի թեմի առաջնորդը: Կոտորածից հետո եկել է Էջմիածին, իսկ դրանից հետո Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը նրան հրավիրել է ԱՄՆ` Ադրբեջանից գաղթած հայերին օգտակար լինելու համար: «2000-ին ինքը առաջարկեց, որ ես այդ «Պատարագամատույցը» թարգմանեմ ռուսերեն, որպեսզի Ադրբեջանից եկած հայերը հասկանան, քանի որ հայերեն չէին հասկանում, գրաբար չէին հասկանում: Հետո միտք ծագեց, որ նաեւ արեւելահայերեն թարգմանենք, որովհետեւ հայեր էլ կային Հայաստանից, որ գրաբար լավ չգիտեին եւ չգիտեն: Ու «Պատարագամատույցը» արեւելահայերեն եւ ռուսերեն փոխադրեցի կամ թարգմանեցի: Երկու տարի աշխատեցի վրան, 2002 թվականին այստեղ հրատարակվեց»,- գրքի հրատարակման նախապատմությունն է ներկայացնում Արաբաջյանը: Նրա խոսքով` Նյու Յորքում տպագրված եւ Հայաստանում վերահրատարակված գրքերի ձեւավորումն ամբողջովին նույնն է, միայն թե երկրորդում իր անունն է բացակայում: Ինչ վերաբերում է «Պատարագամատույցի» վերահրատարակությանը Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի համաձայնությանը, ապա, ըստ Ավետիք Արաբաջյանի, ինքը զանգահարել է նրան եւ հայտնել, որ վշտացած է: Վերջինս էլ պատասխանել է, թե վերահրատարակելու համաձայնություն տալու ժամանակ տեղեկություն չի ունեցել, թե Արաբաջյանի անունը պետք է հանվի: Առաջարկել է դիմել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին` ուղղելու բացթողումը: Ավելին, ինչպես փոխանցում է մեր զրուցակիցը, Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանն ասել է, որ արվածը ճիշտ չէ: «Նավասարդ սրբազանի հետ չեմ խոսել: Այդպիսի արարքից հետո ի՞նչ խոսեմ: Արդեն ամեն ինչ անվերադարձ է, գիրքը վաճառքի մեջ է: Ուղղակի միտքս ի՞նչ է. ես ուզում եմ, որ պատմության առաջ, երբ որ ժամանակը գա, որեւէ մի տեղ հիշատակություն լինի, որ այսպիսի բան կատարվեց, եւ Հայաստանի մեջ իմանան, որ ես եմ դրա հեղինակը: Մի քիչ ուզում եմ ինձ պաշտպանած լինեմ այդ իմաստով»,- ասում է ԱՄՆ-ում գտնվող նախկին հոգեւորականը:
Երեկ դիմեցինք Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվան` նշված խնդրի կապակցությամբ մեկնաբանություն խնդրելու: Նախ ասացին, թե չեն հիշում` ով է վերահրատարակված «Պատարագամատույցի» հեղինակը, քանի որ ֆայլը Խաժակ սրբազանն է տրամադրել, ապա մեր հիշեցնելուց հետո ասացին, թե գրքի վրա մի ամբողջ խումբ է աշխատել եւ բոլորի անունը չէին կարող գրել: Նկատեցին, որ բացառիկ գիրք է հրատարակվել, հոյակապ գործ է արված, եւ եթե մարդ իրական հավատք ունի, պետք է ուրախ լինի դրա համար: Իսկ եթե մենք այդտեղ էլ ինչ-որ վատ բան գտնենք ու գրենք այդ մասին, ապա կարող ենք այլեւս որեւէ հարցով չզանգահարել իրենց: Հետո, սակայն, սխալ համարելով մեկնաբանություն տալը, հայտարարեցին` գրեք` մամլո դիվանը անբարյացկամ է, մեր հարցերին չի պատասխանում:

ԱՆՆԱ ԶԱԽԱՐՅԱՆ

նիստերը` շուտով եկեղեցիներում

Երեկ ՀՀ կառավարությունը Արագածոտնի մարզում անց է կացրել արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նիստն անց է կացվել կացվել Օշական գյուղում գտնվող Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցուն կից դպրատանը: Խիստ ազնվաբարո կյանք վարող մեր կառավարության անդամ «քրիստոնյաները» եկեղեցու հարեւանությամբ անցկացված այս նիստում որոշում են կայացրել ԱԱԾ-ին նոր հսկայական շենք նվիրել Նուբարաշենում եւ նոր շենք ոստիկանությանը` Իջեւանում:

Սուրբ Ծննդեան Ընդունելութիւն

Ս. Ծննդեան եւ Աստուածայայտնութեան տօնին օրը՝ Յունուար 6, Հայց. եկեղեցւոյ Արեւմտեան թեմի առաջնորդարանի «Արշակ եւ Էլիանոր Տիգրանեան» համալիրի «Գալայճեան» սրահին մէջ տեղի պիտի ունենայ առաջնորդին հիւրընկալութեամբ ընդունելութիւն մը, երեկոյեան ժամը 6էն 9: Ընդունելութիւնը սրտաբաց հրաւէր մըն է բոլոր հաւատացեալներուն, առիթ մը ստեղծելով առաջնորդ Յովնան արք. Տէրտէրեանին իր օրհնութիւնները բաշխելու եւ միեւնոյն ատեն գնահատելու թեմէն ներս տարուող աշխատանքները:
Երեկոն պիտի սկսի առաջնորդին գլխաւորութեամբ հոգեւորականներու կողմէ կատարուող աւանդական «Տնօրհնէք»ի արարողութեամբ, ապա պիտի գործադրուի գեղարուեստական յայտագիր մը:

Հայց. Առաքելական Եկեղեցւոյ Կազմութիւնը Միացեալ Նահանգներու Մէջ

ՄԵՍՐՈՊ Ա. ՔՀՆՅ. ԹԱՇՃԵԱՆ

Ա.Կ՚ըսուի թէ Միացեալ Նահանգներու հայ գաղութը կազմուիլ սկսած է 1800ական թուականներուն, թէեւ հայեր եղած են 17րդ դարու սկիզբներուն, նաեւ անկէ վերջ հայեր պատահաբար եկած են այս ափերը։Մեր նպատակը եղած է գիտնալ թէ հայ եկեղեցին ե՞րբ կազմուիլ սկսած է Ամերիկայի մէջ։
1800ական թուականներուն, հայեր սկսած են Ամերիկա հասնիլ եւ բնակութիւն հաստատել Մէսէչուսէց եւ Ռոտ Այլընտ նահանգներուն մէջ, որոնք իրարմէ կէս ժամուան հեռաւորութեան վրայ կը գտնուին։ Ուստըր եղած է սկզբնական շրջանի ամենէն բազմամարդ հայ գաղութը։ Հոս կը գտնուէր հայ բողոքական եկեղեցի մը։ Առ ի չգոյէ հայեր կը սկսին հոն յաճախել. քարոզիչը Ասատուր Անդրէասեան անունով պատուելի մը եղած է։ 1888ին Կիրակի օր մը, պատուելին անարգական յայտարարութիւն մը կը կատարէ հայ եկեղցւոյ հասցէին։ Ասոր վրայ Հայ Առաքելական եկեղեցւոյ հայերը կ՚ընդվզին եւ առ ի բողոք դուրս կ՚ելլեն եկեղեցիէն։ Ապա կը սկսին յաճախել Եպիսկոպոսական եկեղեցի մը, որուն հովիւը՝ Թամսէն, սիրով կ՚ընդունի հայերը։ Մի քանի անգամ շրջանի իրլանտացի երիտասարդները ծեծած կ՚ըլլան հայերը, կարծելով թէ ասոնք Քրիստոնէացած թուրքեր են։ Թամսէն կը տեղեկանայ կացութեան եւ հայրաբար հայերուն կը թելադրէ, որ միայն եկեղեցի մը ունենալով է որ դրացիները ձեզ յարգել կը սկսին, իսկ կառավարութիւնն ալ ձեզ կ՚ընդունի որպէս Ամերիկահայեր եւ գաղթականներ։ Դժբախտաբար, քանի որ Ամերիկա մուտք գործող հայեր առհասարկ Թրքահայաստանէն եկած կ՚ըլլան եւ թրքական անցագիրերով կը մտնեն Միացեալ Նահանգներ, տոմարներու մէջ ալ որպէս թուրքեր կը ճանչցուին։ Հայեր կը համաձայնին Թամսէնի առաջարկին եւ նամակ կը ղրկեն Կ. Պոլսոյ Պատրիարքութեան։ Թրքական օրէնքին համաձայն, Թրքահայաստանի մէջ ապրող հպատակ հայերը իրաւունք չունէին Էջմիածին կամ Կիլիկիոյ Կաթողիկոսարաններուն դիմելու կրօնական որեւէ հարցով։
Օրուան Պատրիարքը՝ Տ. Խորէն Աշըգեան Եպիսկոպոս )1888-1894(, ընթացք կու տայ դիմումնագրին եւ Ամերիկա կ՚ուղարկէ Երուսաղէմի ժառանգաւորացի սան, քառասնամեայ հոգեւորական մը, Տ. Յովսէփ Ծ. Վրդ. Սարաճեան անունով։ Հայր Սուրբը Ուստըր կը հասնի 1889 թուի Յուլիսին եւ իր անդրանիկ պատարագը կը մատուցանէ Ուստըրի մէջ։ Գործը յառաջ տանելու համար, հոգաբարձութիւն մը կը կազմէ։ Կ՚այցելէ Պոսթըն, Փրավիտէնս եւ Նիւ Եորք ու կը պատարագէ յիշեալ քաղաքներուն մէջ։ Ուստըրի մէջ ժողով մը կը գումարեն եւ կ՚որոշեն եկեղեցի մը շինել։ Տարի մը վերջ հարցը կը լրջանայ, հանգանակութեան մը կը ձեռնարկեն եւ եկեղեցւոյ կառուցումը ճամբու կը դրուի։ Կ՚աւարտի շինարարութիւնը ու Ամերիկահայոց առաջին եկեղեցին կ՚ըլլայ. օծումը կը կատարուի 18 Յունուար 1891ին եւ կը կոչուի Ս. Փրկիչ Հայց. Առաքելական եկեղեցի։ 1893ին Սարաճեան վարդապետը կը հրաժարի իր պաշտօնէն եւ կը վերադառնայ Պոլիս։ Ուստըրի հոգաբարձութիւնը դարձեալ դիմում կը կատարէ Կ. Պոլիս. կ՚առաքուի Մաղաքիա Ծ. Վրդ. Տէրունեանը, որ իր պաշտօնին կը ձեռնարկէ 1894 թուի Մարտին։ Շուտով դժգոհութիւններ կը ծագին եւ Տէրունեան վարդապետը 1897ին կը մեկնի Էջմիածին։ Էջմիածնայ մէջ, Խրիմեան Հայրիկ Եպիսկոպոս կը ձեռնադրէ Սարաճեան եւ Տէրունեան վարդապետները։
1897ի Մայիսին Տէրունեանի յաջորդը՝ Տ. Մաշտոց Վրդ. Փափազեանը Ամերիկա կը ժամանէ, որպէս Ս. Փրկիչ եկեղեցւոյ հովիւ։ Մինչ այդ, Ամերիկայի հայութեան թիւը կ՚աճի եւ 1898ին արդէն իսկ 15,000ի կը հասնի։ Այդ թուականներուն գաղթականներուն հետ միասին Ամերիկա կը հասնէին բազմաթիւ հոգեւորականներ.-
Տ. Վահան Քհնյ. Մսըրլեան՝ Ուէսթ Հոպոքէնի ծուխին
Տ. Ստեփան Քհնյ. Տէր Ստեփանեան՝ Լովէլ եւ Լորէնսի ծուխին
Տ. Խադ Վրդ. Մարգարեան՝ Մանչեսթըր Նիւ Համշըր ծուխին
Տ. Վաղինակ Վրդ. Սեւակեան՝ Փրավիտէնսի համար
Տ. Ահարոն Վրդ. Մելգոնեան՝ Ֆրէզնոյի համար
Ուրեմն՝ 1898ի վախճանին Ամերիկայի մէջ գոյութիւն ունէին հայկական մէկ եկեղեցի եւ վեց հոգեւորականներ։
Թեմական կազմակերպութեան առաջին փորձը կը կատարուի 1897 Դեկտեմբեր 1ին, երբ Մաշտոց եւ Վաղինակ վարդապետները շրջաբերականով մը, ամերիկահայութեան կը յայտարարէին, որ Ամերիկան չորս Թեմերու պիտի բաժնուի հետեւեալ կարգադրութեամբ.-
ա( Մէսէչուսէց նահանգ - Տ. Մաշտոց Վրդ.
բ( Ռոտ Այլընտ նահանգ - Տ. Վաղինակ Վրդ.
գ( Շիքակօ եւ Միջին արեւմուտք – Տ. Խադ Վրդ.
դ( Ֆրեզնօ եւ Գալիֆ. նահանգ - Տ. Անտոն Վրդ.
Ծրագիրը կը ձախողի, երբ Խադ վարդապետը, բազում վէճերէ ետք, Նիւ Եորք կ՚երթայ , իսկ Մաշտոց վարդապետն ալ կը հրաժարի Ուստըրէն եւ երկրէն կը հեռանայ։ Որովհետեւ Ամերիկայի հայ համայնքները թրքահայերէ կազմուած էին, ուստի պարտաւոր էին Պոլսոյ Պատրիարքութեան ենթարկուիլ եւ անոր որոշումները գործադրել։ Այլ խօսքով Պոլիսն է որ ուզած հոգեւորականը կը ղրկէ։ Երբ Ուստըրը կ՚որոշէ նոր խնդրագիր մը ներկայացնել, Պոլսոյ Պատրիարքութեան Աթոռին համար նոր Պատրիարք մը ընտրուած էր, Մաղաքիա Արք. Օրմանեան։ Վերջինս, հմուտ աստուածաբան, բանասէր եւ վարչագէտ հոգեւորական մըն էր, որ ապագայի մասին կը մտածէր, ուստի թելադրեց Կաթողիկոս Խրիմեան Հայրիկին, որ Էջմիածնայ հովանաւորութեան ներքեւ առնուին Եւրոպայի եւ Ամերիկաներու հայ համայնքները։ Խրիմեան Հայրիկ կը համաձայնի եւ կը նուիրագործէ Եւրոպայի եւ Ամերիկաներու առաջնորդութիւնները։ Ամենայն Հայոց Հայրապետը 1898 Յուլիս 2ին, կոնդակով մը կը հռչակէ Հիւսիսային Ամերիկայի Հայ Եկեղեցւոյ Թեմի կազմութիւնը։ Մինչ այդ, Ուստըրը պաշօնապէս հովիւ չունէր։ Ուստի հոգաբարձութիւնը կ՚որոշէ դարձեալ Տ. Յովսէփ Եպս. Սարաճեանը հրաւիրել։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը յատուկ կոնդակով մը Տ. Յովսէփ Եպս. Սարաճեանը Ամերկա կ՚ուղարկէ, որպէս հայ եկեղեցեւոյ Թեմի առաջին Առաջնորդը։ Սրբազանը ճամբայ կ՚ելլէ Ս. Էջմիածնէն եւ ճամբուն վրայ կ՚այցելէ կարգ մը հայկական կեդրոներ, ուստի նորակառոյց եկեղեցւոյ համար հանգանակութիւններ ալ կ՚ընէ, Նիւ Եորք կը հասնի 7 Հոկտեմբեր 1898ին եւ կը պատարագէ 16 Հոկտեմբերին։ Այդ օր Խադ վարդապետը, որ անցած էր Նիւ Եորք, Հայրիկի կոնդակը կը կարդայ, ուր ըսուած էր. «Ապա ուրեմն եւ դո՛ւ տարագիր հայ ժողովուրդ Ամերիկայի, լսի՛ր քո քաջ հովուի ձայնը, ետեւիր նորա առաջնորդող քայլերին, կատարիր նորա բարի կամքը եւ պահիր նորա բարի խրատը»։
Յովսէփ Սրբազան 23 Հոկտեմբերին Ուստըր կը հասնի ու կը դիմաւորուի ջերմ ընդունելութեամբ։ Հոս տեղին է յիշեցնել, որ իսկապէս գործունեայ, աշխատասէր, բարի եւ վարչագէտ հոգեւորական մը եղած է Յովսէփ Սարաճեան Սրբա զանը։ Մինչեւ 1906 թուականը, ութ տարիներու ընթացքին, հակառակ բազմաթիւ դժուարութիւններու եւ արգելքներու, շատ արդիւնաւոր շրջան մը կը բոլորէ։ Վարդապետ կը ձեռնադրէ նախկին պատուելի՝ Կարապետ Մարտուկէսեան անունով հոգեւորական մը, զայն վերանուանելով Ղեւոնդ Վարդապետ։ 1900 թուի 14 Հոկտեմբերին, օծումը կը կատարէ Ֆրէզնոյի Հայոց Ս. Երրորդութիւն նորաշէն եկեղեցիին։ Առաջնորդական պաշտօնէն հրաժարելէ ետք ալ կ՚օծէ Նիւ Ճըրզիի Հոպոքէն քաղաքի եկեղեցիին, 1907ին, զայն կոչելով Ս. Խաչ։ Օծած է նաեւ Քալիֆորնիա նահանգի Ֆաուլըր գիւղաքաղաքի Ս. Լուսաւորիչ եկեղեցին 1910ին։ Յաջորդաբար Առաջնորդներ պաշտօնավարեցին. Հայց. Առաքելական եկեղեցին 1898 Յուլիս 2էն սկսեալ ունեցաւ հետեւեալ Առաջնորդները.-
1. Տ. Յովսէփ Եպս. Սարաճեան )1898-1906(, որուն օրով յայտնապէս եղած են կարգ մը դժուարութիւններ, սակայն Սարաճեան Սրբազանի խոհեմութիւնը մեծ դեր ունեցած է, եւ նոյն նուիրումով եւ սիրով շարունակած է իր պարտականութիւնը։
2. Տ. Եզնիկ Արք. Ապահունի )1908(, Եզնիկ Սրբազանը պաշտօնի ձեռնարկելէն ամիս մը յետոյ, Նիւ Եորքի Քարնեկի սրահին մէջ սարքուած հանդէսի մը ընթացքին, իր ճառին մէջ Թուրքիոյ վեհապետին համար բարի մաղթանքներ կատարելու անխոհեմութիւնը կ՚ունենայ, առանց անդրադառնալու, որ ներկայ ժողովուրդի բոլոր անդամները թրքական ջարդերէ ճողոպրած որբեր եղած են։ Հայը ինչպէ՞ս կրնայ մոռնալ իր տուած արեան գինը։ Առաջնորդին ճառը բողոքի արտայայտութիւններով կ՚ընդհատուի։ Նոյն տարուան Սեպտեմբեր 27ին, Սրբազանը կը հրաժարի պաշտօնէն եւ Կ. Պոլիս կը վերադառնայ։ Տեղապահութիւնը կը վարէ Պօղոս Վրդ. Գաֆթանեանը, որուն դէմ սակայն, հակառակութիւննեը կը շատնան։ 1910ին Ուէսթ Հոպոքէնի Երեսփոխանական Ժողովին կարգ մը ծուխեր Ուստըրի կը միանան եւ կը մերժեն Ճանչնալ Գաֆթանեանի հեղինակութիւնը։ Ժողովը կ՚ալեկոծի եւ անկարգութիւն մը ծայր կուտայ։ Պահ մը ետք, ժողովը Առաջնորդ կ՚ընտրէ Տ. Մուշեղ Եպս. Սերոբեանը, որ սակայն կը մերժէ ստանձնել պաշտօնը։ Կացութիւնը կը շարունակէ մնալ անկարգ եւ անկանոն եւ եկեղեցին կազմալուծման վտանգին կը մատնուի։ Իրաց այս կացութեան մէջ, 1913 թուին, Մայր Աթոռը լիազօր պատուիրակ կը նշանակէ Եւրոպայի Հայոց Առաջնորդը՝ Գէորգ Արք. Իւթիւճեանը, որ Յուլիսի վերջերուն Ուստըր կը հասնի, Սեպտեմբերին կը գումարէ Երեսփոխանական Ժողով եւ Առաջնորդ կ՚ընտրուի Արսէն Ծ. Վրդ. Վեհունին։ Գէորգ Ե. Սուրէնեանց Կաթողիկոսը կը հաստատէ ընտրութիւնը։
3. Տ. Արսէն Ծ. Վրդ. Վեհունի )1913-1917(. Երբ նորընտիր Առաջնորդը պաշտօնին կը ձեռնարկէր, Թեմը քաոսային վիճակի մէջ էր։ Առաջնորդը կ՚այցելէ շրջաններու 13 ծուխերը եւ կը յաջողի հնազանդութեան հրաւիրել բոլոր անկարգ եկեղեցականները, կը հանդարտեցնէ ծուխերը ու կարգ ու կանոն կը դնէ Առաջնորդարանէն ներս։ Նոյն օրերուն, Երեսփոխանական ժողովը Առաջնորդարանին կը թելադրէ, որ պաշտօնապէս գործակցի Հայ Ազգային Մարմնին հետ, նկատի ունենալով հայկական ճգնաժամը։ Սակայն հարցերը կը բազմապատկուին, Առաջնորդը դժուարութիւններ կ՚ունենայ եւ ի վերջոյ Արսէն Ծ. Վարդապետը կը պաշտօնազրկուի 1917, Փետրուար 17ին գումարուած Ազգային Երեսփոխանական Ժողովին։ Տեղապահ կ՚ընտրուի Տ. Բաբգէն Եպս. Կիւլէսէրեանը, որ այդ օրերուն Քալիֆորնիա կը գտնուէր։ Դժուարութիւնները կը բարդանան։ Դադարեալ Առաջնորդը կը մերժէ Առաջնորդարանը յանձնել։ 1917 Յուլիսին, Ուստըրի մէջ կը գումարուի Ազգային Երեսփոխանական Ժողով մը, որ նոր կեդրոնական վարչութիւն մը կ՚ընտրէ, միեւնոյն ժամանակ ընտրելով նաեւ հաշտարար յանձնախումբ մը, Թեմին միութիւնը վերահաստատելու համար։ Բաբգէն Սրբազան յանձն կ՚առնէ Առաջնորդարանի ընթացիկ գործերը վարել, մինչեւ որ Տեղապահ կ՚ընտրուի Պոսթընի հովիւ, Շահէ Ծ. Վրդ. Գասպարեանը։ Տեղապահութեան շրջանին մեծ պատերազմն ու Ռուսական յեղափոխութիւնը պատճառ կ՚ըլլան որ Ամերիկայի Թեմին եւ Մայր Աթոռին յարաբերութիւննրը դժուարութեանց բախին թղթակցութեանց յապաղումով։ 1918 Ապրիլ 7-8ին կը գումարուի Երեսփոխանական Ժողովը Ուստրի մէջ, նախագահութեամբ Տեղապահ Շահէն Ծ. Վրդ. Գասպարեանի։ Այս ժողովին կ՚որոշուի 21 տարեկանէն վեր կանանց քուէարկելու իրաւունք տրուի, նաեւ Քալիֆորնիան առանձին Թեմ դառնալու հարցն ալ քննարկել եւ որոշում կայացնել։ Միւս կողմէ, Արսէն Ծ. Վրդ. կը շարունակէ չանսալ իր դէմ տրուած որոշումներուն եւ կը փորձէ Փրավիտէնսի մէջ ուրիշ Երեսփոխանական Ժողով մը գումարել, աւելի խորացնելով պառակտումը։
Զինադադարէն վերջ, Մայր Աթոռը Ամերիկա կ՚ուղարկէ Տ. Խորէն Արք. Մուրատբէկեանը, իբրեւ լիազօր պատուիրակ։ Սրբազանը Նիւ Եորք կը հասնի 1920ի Մայիսին։ Յուլիսին կը գումարուի Երեսփոխանական Ժողով՝ ընտրելու նոր Կեդրոնական վարչութիւն եւ առաջնորդ։ Կը կատարուին ընտրութիւնները եւ առաջնորդ կ՚ընտրուի Տ. Տիրայր Արք. Տէր Յովհաննէսեանը։ Խորէն Սրբազան լիազօր պատուիրակը՝ 10 Օգոստոս 1920ին կը վերադառնայ Էջմիածին։
4. Տ. Տիրայր Արք. Տէր Յովհաննէսեան )1921-1928( Տիրայր Սրբազան կ՚ունենայ ութամեայ բեղուն շրջան մը։ Իր օրով մեծ համեմատութեան կը հասնի հայ գաղթականներուն թիւը։ Առաջնորդարանի պիւտճէն կը հասնի 15,000ի։ Ծուխերու թիւի հասած կ՚ըլլայ 21ի։ Կը կազմուին եկեղեցասէր Տիկնանցները, երիտասարդաց միութիւնները, Կիրակնօրեայ դպրոցները։ 1923ին Առաջնորդարանը Ուստրէն կը փոխադրուի Պոսթըն եւ 1927ին ալ Պոսթընէն Նիւ Եորք։ 1922 Նոյեմբեր 28ին, Հայրապետական կոնդակով կը հաստատուի Քալիֆորնիոյ անկախ Թեմը եւ Առաջնորդ կ՚ընտրուի Գարեգին Եպս. Խաչատուրեանը։ Տիրայր Սրբազան կը հրաժարի Օգոստոս 14, 1928ին։ Այդ օրերուն Թեմը ունէր 19 սեփական եկեղեցիներ, որոնցմէ 10ը հիմնուած՝ Տիրայր Սրբազանի ջանքերով։
5. Տ. Ղեւոնդ Արք. Դուրեան )1931-1933(։ Տիրայր Սրբազանի հրաժարումէն վերջ, տեղապահութեան պաշտօնը կը վարեն Տ. Սերովբէ Քհնյ. Ներշապուհ )1920-1930( եւ Տ. Յարութիւն Աւ. Քհնյ. Սարգսեան )1930-1931(։ Փետրուար 1, 1931ին Թեմի Երեսփոխանական Ժողովը Առաջնորդ կ՚ընտրէ Մանչէսթըրի հոգեւոր հովիւ Տ. Ղեւոնդ Արք. Դուրեանը, որ Նիւ Եորք կը ժամանէ Մայիս 28, 1931ին եւ իր անդրանիկ գոհաբանութեան մաղթանքը կը կատարէ Ս. Լուսաւորիչ Մայր եկեղեցւոյ մէջ, 27րդ փողոցին վրայ։ Դուրեան Սրբազան պաշտօնավարութեան կարճ շրջան մը կ՚ունենայ, որ լեցուն եղած է անվերջանալի վէճերով եւ վիճաբանութիւններով։ Իր ընտրութիւնն ալ կարելի չէր եղած միաձայնութեամբ կատարել։ Եւ դժբախտաբար ինքն ալ չէ կրցած համակրանք ստեղծել իր շուրջ։ Անախորժ դէպքեր իրարու կը յաջորդեն շատ զգայուն դէպքերու առիթով։ Օրինակ գերզգայուն դէպք մըն է Ապրիլ 24ի տօնակատարութիւնը, Շիքակոյի Հայկական Օրուան հանդիսութեան առիթով Հայաստանի Եռագոյն դրօշին ներկայութիւնը։ Այնպէս կը թուի, թէ բոլոր դժուարութիւնները յառաջացած են ազգային հարցեր յուզող երեւոյթներէ, որոնց մէջ կրօնական խնդիր գոյութիւն չունի։ Ըստ երեւոյթին, գիտնալով հանդերձ որ Առաջնորդ Սրբազանը ուսեալ մարդ մըն էր, բայց որպէս հոգեւորական՝ չէ կրցած լեզու գտնել հօտին մաս կազմող խոշոր հատուածի մը անդամոց հետ։ Առաջնորդի մը եւ կամ հովիւի մը առաջին պարտականութիւնը կ՚ըլլայ ծուխերու հետ շփման մէջ մտնել եւ ճանչնալ զանոնք բառին լրիւ իմաստով։ Չկայ մէկը որ տեսակէտներ չ՚ունենայ, ըլլայ կրօնական, ըլլայ ազգային, ըլլայ կրթական թէ փիլիսոփայական, եւ հարկաւ քաղաքական ոլորտներու մէջ։ Ոեւէ առաջնորդ, ինչ մարզի մէջ ալ գործէ, կարեւոր է որ յարգէ ուրիշներու տեսակէտներն ու համոզումները եւ ըստ այնմ ուղղութիւն տայ իր գործունէութեան գնացքին։ Կա՞յ ազգ մը, որ տարբեր խմբաւորումներ կամ կուսակցութիւններ չունի։ Անոնք խօսքի ազատութեամբ պաշտպանուած են, այնքան ատեն որ չեն խանգարեր կարգն ու կանոնը, չեն հարուածեր նուիրականացած իրողութեանց կապուած հոգեւոր եւ սրտի լարերը։ Հոգեւոր դաշտի մէջ մանաւանդ, ժամկոչէն սկսեալ մինչեւ Կաթողիկոս, ամէն ոք կոչուած է ծառայելու։ Ծառայել խոնարհութեամբ, ողջմտութեամբ, խոհեմութեամբ եւ մանաւանդ՝ սիրով։ Սիրոյ առջեւ ամէն ինչ կ՚ազնուանայ, կը գեղեցկանայ եւ խաղաղութիւն կը բերէ։ Հոգեւորական մը լաւ գիտէ կամ պէտք է գիտնայ, որ իր կոչմամբ ինք ուխտած է ծառայել հօտին, որուն մէջ ամէն տեսակի անձեր կան տարբեր համոզումներու տէր, որոնց կարելի չէ եւ իրաւունք ալ չունինք պարտադրելու մեր կամքը կամ մեր կարծիքները։ Տագնապներով լեցուն շրջան մը եղած է։ Կը գիտակցիմ եւ խորապէս կը ցաւիմ։ Ոչ մէկ ձեւով կ՚արդարանան գործուած սխալները, բայց ո՞ւր է ներողամտութեան ոգին։ Ո՞ւր է սէրը։ Ինչո՞ւ առիթ տրուի Չարին, որ բզքտէ զմեզ, իրարու դէմ լարէ զմեզ, որ ատելութեամբ լեցուինք եւ հեռանանք Աստուծոյ ներկայութենէն։ Ափսոս Չարը յաղթանակած է։ Երկուստէք կորսնցուցած են իրենց հոգիներու խաղաղութիւնը։ Ափսոս որ մարդկային հոգի մը պիտի զոհուէր, որպէսզի լուծում գտնէր տագնապը։ Եւ պատահեցաւ անցանկալին եւ երկփեղկուեցաւ Ամերիկայի Հայց. Առաքելական Ս. Եկեղեցին, որ հայ ժողովուրդն էր։

Բ.
Լաւ կը յիշեմ։ 1960ական թուականներուն էր, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ՆՍՕՏՏ Երանաշնորհ Հայրապետը հովուապետական այցելութեամբ Միացեալ Նահանգներ ժամանած էր։ Կիլիկեան Արեւլեան Թեմէն պատուիրակութիւն մը պիտի հանդիպէր Վեհին օրհնութիւնները ստանալու։ Անարժանաբար մաս կը կազմէի այդ պատուիրակութեան։ Ուրախ էի։ Քաղցր անակնկալներ կային ինծի սպասող, ո՛չ միայն պատիւը ունեցայ Հայրապետին Ս. Աջը առնելու, այլ նաեւ հանդիպեցայ Սաղիմական նախկին միաբաններէն եւ ուսուցիչներէն Արթուն Հատիտեանին եւ դասընկերներէս՝ Կոմիտաս Արք. Տէր Ստեփանեանին։ Երբ շրջապատեցինք Հայրապետը, խօսակցութեան մէջ՝ ցաւալի միջադէպին ակնարկելով ըսաւ. «Երկու մեծ սխալներ գործուած են, մէկը գործուած չար արարքը, իսկ միւսն ալ հազարաւոր հայորդիներու եկեղեցիներէն դուրս հանուելու չար արարքը»։ Համարձակութիւնը ունեցայ ըսելու. «Վեհափառ Տէր, Քրիստոսի եկեղեցին յարանուանութեան մը, կազմակերպութեան մը, կամ անհատի մը չի՛ պատկանիր։ Հայ եկեղեցին, որ Քրիստոսի եկեղեցւոյ մէկ անբաժանելի մասն է, հայ ընտանիքին համար Աստուծոյ տունն է, ուր Քրիստոս կը սպասէ, որ իրեն երթան բոլորը՝ մեծ ու փոքր»։ Վերադառնանք մեր նիւթին։
Նոր ընտրուած էր Երանաշնորհ Զարեհ Ա. Հայրապետը, 1956ին։ Ամերիկահայութեան խոշոր հատուածը, որ կը շարունակէր պահել իրենց վարչութիւնը, ժողով մը կը գումարէ Նիւ Եորքի Ս. Լուսաւորիչ Մայր եկեղեցւոյ մէջ, 1958 Մայիսին, խօսելու իրենց ունեցած դժուարութեանց մասին, որոնցմէ մէկն էր եւ գուցէ մեծագոյնը՝ հազարաւոր հայ ընտանիքներու զրկումը եկեղեցական խորհուրդներէն, ինչպէս նաեւ ձուլուելու մեծ վտանգը, որ «Դամոկլեան Սուր»ի մը նման կախուած էր ժողովուրդի գլխուն։
Ժողովը միաձայնութեամբ կ՚որոշէ դիմել Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, խնդրել եւ յատուկ կերպով ներկայացնել անել կացութիւնը, որուն մէջ կը տուայտէին մեր ընտանիքները։ Ժողովը նաեւ պիտի ղրկէր պատգամաւորութիւն մը, կազմուած երեք ազգայիններէ, յանձինս Պրն. Ճորճ Մարտիկեանի, Պրն. Սուրէն Սարոյեանի )երկուքն ալ Սան Ֆրանսիսքոյէն( եւ Պրն. Եղիշէ Մելիքեանի )Ֆիլատելֆիայէն(, որպէսզի հանգամանօրէն խորհրդակցին Վեհափառ Հայրապետին հետ եւ պարզեն հարցին լրջութիւնը։ Ութ ամիս ետք միայն, երջանկայիշատակ Հայրապետը կը պատասխանէ խնդրանք-դիմումնագրին՝ «Այո» բառով մը։ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը նուիրակ մը կը ղրկէ, յանձին Գերշ. Տ. Խորէն Արք. Բարոյեանի, որպէսզի Միացեալ Նահանգներու եւ Քանատայի մէջ հանդիպումներ ունենայ պաշտօնական մարմիններու հետ եւ ըստ այնմ տեղեկագրէ Անթիլիաս։ Լիազօր նուիրակին կը բացատրուի եղելութիւնը եւ թէ՝ ինչպէս անարգուած են չըսուելիք ածականներով։
Հայրապետական նուիրակին առաջին այցը՝ 1957ի Հոկտեմբեր 17ին էր։ Նուիրակը Ուստըր Թաունի Ս. Ստեփանոս նորակառոյց եկեղեցին կ՚օծէ։ Նոյն տարուան Նոյեմբեր 2ին Ֆիլատելֆիոյ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ կը գումարուի Ազգային Երեսփոխանական Ժողովը, ուր կը կարդացուի երանաշնորհ Զարեհ Ա. Վեհափառին կոնդակը՝ խանդավառութեան մէջ։ Առաջնորդական Տեղապահ կ՚ընտրուի Տ. Հրանդ Եպս. Խաչատուրեանը, որ Ամերիկա կը ժամանէ 7 Յուլիս, 1959ին։ Երեսփոխանական Ժողովը կ՚որոշէ Կիլիկիոյ Ս. Աթոռին աթոռատուրք վճարել 30,000 տոլար, եւ ձեռնարկել մեծ հանգանակութեան մը, որուն արդիւնքը հասած կ՚ըլլայ 500,000ի։
Խորէն Սրբազանը երկրորդ այցելութիւն մը կու տայ 1959ին։ Կը նախագահէ Նիւ Ճըրզիի մէջ գումարուած Երեսփոխանական Ժողովին, ուր կ՚ընտրեն նոր Կեդրոնական Վարչութիւն մը, բաղկացած երեք հոգեւորականներէ եւ վեց աշխարհականներէ։ Այդ օրերուն Ամերիկա ժամանած էին 18 քահանաներ։ Յատուկ յիշատակութեան կ՚արժանանան այն հոգեւորականները, որոնք 1933 թուականէն սկսեալ հաւատարիմ կերպով շարունակած են իրենց հովուական առաքելութիւնը։ 1961ին Հրանդ Սրբազան իր պաշտօնին կը ձեռնարկէ որպէս Առաջնորդ։ Եկեղեցիներ կ՚օծէ, քահանաներ կը ձեռնադրէ, դպրաց դասերը կը կազմակերպէ։ Կիլիկիոյ միաբանութենէն կը հրաւիրէ Տ. Սմբատ Ծ. Վրդ. Լափաճեանը )այժմ հանգստեան կոչուած Արքեպիսկոպոս(, Տ. Եփրեմ Եպս. Թապաքեանը )Արեւմտեան Թեմի նախկին Առաջնորդներէն, հանգստեան կոչուած, Արքեպիսկոպոս(, Սուրէն Ծ. Վրդ. Գաթարոյեանը )որ երկար տարիներ Բերիոյ Թեմի առաջնորդութիւնը վարած է, այժմ Արքեպիսկոպոս, հանգստեան կոչուած( Ոսկան, Վահրամ, Գրիգոր եւ Երուանդ վարդապետները։ Սրբազանը երկու անգամ վերընտրուած է Առաջնորդ։ 1973ին, Ամերիկահայոց Ազգային Երեսփոխանական Ժողովը, Մայիսին, Առաջնորդ կ՚ընտրէ Իրանա-Հնդկաստանի Թեմի Առաջնորդ՝ Գարեգին Արք. Սարգիսեանը, զոր սակայն Խորէն Ա. Կաթողիկոսը չվաւերացուց օրինական նկատումներով։ Այսուհանդերձ, Կաթողիկոսական փոխանորդի հանգամանքով, Գարեգին Սրբազան Ամերիկա ժամանեց Սեպտեմբեր 1973ին եւ ընդունուեցաւ ժողովրդային մեծ խանդավառութեամբ։ 1974ի Ազգային Երեսփոխանական Ժողովը միաձայնութեամբ Առաջնորդ ընտրեց զինք եւ ստացուեցաւ Հայրապետական վաւերացում։ Գարեգին Սրբազանի երեք ու կէս տարիներու առաջնորդական գործունէութեան մէկ երեսն էր Միջ-եկեղեցական գործունէութիւնը, ուր Սրբազանը փայլեցաւ եւ փայլեցուց Հայ Եկեղեցին։ Ան ձեռնադրեց երեք հովիւներ եւ գլխաւորեց Լիբանանի ի նպաստ 1976ի հանգանակութիւնը։ Իր օրով լոյս տեսան բազմաթիւ հատորներ եւ հրատարակութիւններ։ Մայիսին՝ 1977ին, Խորէն Ա. երանաշնորհ հայրապետին փափաքով, Անթիլիասի մէջ կայացաւ Ազգային Պատգամաւորական Ժողով եւ Աթոռակից ընտրուեցաւ Գարեգին Սրբազանը։ Օծումը կատարուեցաւ Մայիս 29ին, ձեռամբ Խորէն Ա.ի եւ մասնակցութեամբ Ս. Էջմիածնի ներկայացուցիչներ՝ Սերովբէ եւ Ներսէս Սրբազաններուն եւ Կիլիկեան Թեմերու Առաջնորդներուն։ Դեկտեմբեր 1977ին, Նիւ Ճըրզիի Սրբոց Վարդանանց եկեղեցւոյ մէջ, Առաջնորդ ընտրուեցաւ Մեսրոպ Եպս. Աշճեանը։ Սրբազանը քահանայ ձեռնադրեց կարգ մը հոգեւորականներ եւ իր օրով պաշտօնի կոչուեցան Խաժակ Ծ. Վարդապետը )այժմ Քանատայի Առաջնորդ(, Անուշաւան Ծ. Վարդապետը )այժմ Եպս. եւ Առաջնորդական փոխանորդ(, Շահէ Ծ. վարդապետը )այժմ Եպս.( եւ Նարեկ վարդապետը )այժմ Եպսիսկոպոս եւ Համաշխարհային Եկեղեցիներու Վարչութեան Կաթողիկոսարանի ներկայացուցիչը(։ Մեսրոպ Սրբազանի օրով, հայերէն եւ անգլերէն լեզուներով կրօնական ու պատմական բազմաթիւ հատորներ լոյս տեսան։ Հրատարակուեցաւ նաեւ Առաջնորդարանի «Աութրի»չ ամսաթերթը։ Մեծ թափ ստացան մշակութային եւ պատմական թուականներու նուիրուած ձեռնարկները, նշուեցան Զարեհ Ա. Կաթողիկոսի վախճանման 25ամեակը, Նուարսակի Դաշնագրի 1500ամեակը, Խրիմեան Հայրիկի վախճանման 80ամեակը, 1985ին աննախընթաց շուքով նշուեցաւ Ցեղասպանութենէն վերապրողներու համազգային հաւաքը՝ աւելի քան 800 վերապրողներու մասնակցութեամբ՝ Ուաշինկթընի մէջ։ Լոյս իջնէ գերեզմանին։

ՔԱԼԻՖՈՐՆԻՈՅ ԱՆԿԱԽ ԹԵՄԸ

Քալիֆորնիոյ նահանգի հայութեան թիւը հետեզհետէ կը մեծնար, դառնալու Սփիւռքի մեծագոյն համայնքը։ 1972ին, Թեմը պաշտօնապէս հաստատուեցաւ եւ առաջին Առաջնորդը ընտրուեցաւ, յանձին Տ. Սմբատ Արք. Լափաճեանի։Որպէս հովիւ, Առաջնորդական փոխանորդ, քարոզիչ եւ ուսուցիչ, Առաջնորդ եւ տեսուչ, ընդհանրապէս Քալիֆորնիոյ եւ մասնաւորաբար Լոս Անճելըսի մէջ, իր ծառայութեան շրջանը կ՚ընդգրկէ 32 տարի։ Իր օրով հաստատուեցաւ Առաջնորդարանը, կազմակերպուեցաւ վարչական դրութիւնը։ Լիբանանի համար կատարուած հանգանակութենէն հաւաքուեցաւ շուրջ կէս միլիոն տոլար։ Հաստատուեցաւ եւ կազմակերպուեցաւ Օրէնճ Քաունթիի համայնքը, որ յետագային պիտի պայծառանար Ս. Քառասնից Մանկանց եկեղեցիով։ Հաստատուեցաւ Կլենտէյլի Ս. Աստուածածին եկեղեցին, ինչպէս նաեւ Անոյշ եւ Վահան Շամլեան վարժարանը։ Հիմը օրհնուեցաւ եւ իննսուն տոկոսով կառուցումը կատարուեցաւ Հոլիվուտի Ս. Կարապետ եկեղեցւոյ։
Տ. Եփրեմ Արք. Թապագեան 1977ին թեմակալ Առաջնորդ ընտրուած է Արեւմտեան Թեմի Ազգային Երեսփոխանական Ժողովին կողմէ, իսկ 1980ին արժանացած է եպիսկոպոսական ձեռնադրութեան։ Անոր պաշտօնավարութեան օրերուն էր որ Լիբանանի ու Պարսկաստանի մէջ ստեղծուած քաղաքական անորոշութեանց հետեւանքով, մեծ թիւով հայեր Լոս Անճելըս կը գաղթեն, ստեղծելով նոր կարիքներ եւ յառաջացնելով նոր կարելիութիւններ՝ կրօնական, կրթական, ազգային եւ այլ մարզերու մէջ։
Առաջնորդին առաջին գործը կ՚ըլլայ Ազգ. Առաջնորդարանը օժտել սեփական շէնքով։ Այս շրջանին նաեւ իրականացան շարք մը ծրագիրներ. այսպէս, կառուցուեցաւ Ֆերահեան վարժարանի նոր համալիրը, իրականացան «Կանթեղ» դասագիրքերը, հրատարակուեցաւ «Հռոմկլայ» տարեգիրքը՝ կրօնական, ազգային եւ բանասիրական բովանդակութեամբ։
Տ. Տաթեւ Արք. Սարգիսեան առաջնորդական պաշտօնին կը կոչուի 1985ին։ Իր պաշտօնավարութեան շրջանին, օծուեցան Օրէնճ Քաունթիի Ս. Քառասնից Մանկանց եւ Կլենտէյլի Ս. Աստուածածին եկեղեցիները, բացումը կը կատարուի Փասատինայի Դաւիթեան վարժարանին եւ Կլենտէյլի Թիւֆէնքեան մանկամսուրին։ Մասնակցած է էքիւմենիք ժողովներու եւ Էջմիածին-Կիլիկիա յարաբերութեանց մասին գումարուած ժողովներու։Տ. Մուշեղ Արք. Մարտիրոսեան. բանիմաց, ժրաջան եւ վարչագէտ Առաջնորդ մըն է Գերշ. Տ. Մուշեղ Արք. Մարտիրոսեան, որ 1995ին կը կոչուի առաջնորդական պաշտօնին։ Եպիսկոպոս կը ձեռնադրուի 1997ին։ Մուշեղ Սրբազանին պաշտօնավարութեան օրով է որ ծրագրուեցաւ ու կառուցուեցաւ սքանչելի Առաջնորդարանը, որ պատիւ կը բերէ Կիլիկեան Թեմին։ Շէնքը իր յարակից սրահներով եւ սենեակներով ու մանաւանդ Տրդատ թագաւորին եւ Աշխէն թագուհիին անունով կոչուած մատուռը, առինքնող իր գեղեցկութեամբ, յաւելեալ փայլք կը բերէ Առաջնորդարանի համալիրին։Մուշեղ Սրբազան վերաշխուժացուցած է Կիրակնօրեայ վարժարանները։ Իր ցուցաբերած հետաքրքրութիւնները՝ մշակութային կազմակերպութեանց համար մղիչ ուժ մը դարձած են վերակազմակերպուելու եւ վերանորոգուելու։ Իր հետաքրքրութեան եւ ուշադրութեան ծիրին մէջ կ՚իյնան Առաջնորդարանի Տիկնանց Միութիւնը, ՀՕՄի Տիկնանցը, Դպրեվանքի Սանուց եւ Նոր Ջուղայի Յանձնախումբերը։ Իր օրերուն էր որ Լոս Անճելըսի սահմաններէն դուրս եկաւ Ազգային Առաջնորդարանը եւ աւելի կազմակերպ վիճակի հասցուց Լաս Վեկասի, Քորոնայի, Լա Քրեսենթայի, ինչպէս նաեւ Քոլորատոյի ծուխերը։ Սրբազանը զօրաւոր կապեր հաստատելու գաղտնիքը ունի հանրածանօթ հայ թէ օտար անձնաւորութեանց հետ։ Պերճախօս է Սրբազանը հարուստ բառապաշարով եւ իմաստալից գաղափարներով կրկնակիօրէն կը պայծառացնէ Հայ Եկեղեցին։ Երբ ան կը խօսի, չես կրնար մտիկ չընել, որ կը նշանակէ թէ արդէն իսկ տիրած է սրտիդ։

----------------------------------------------

Թեմիս 35Ամեակին Տօնակատարութիւնը՝ Դեկտեմբեր 21ինԿիրակի, 21 Դեկտեմբերին, երեկոյեան ժամը 6ին, Կլէնտէյլի Ս. Աստուածածին եկեղեցւոյ մէջ տեղի պիտի ունենայ հանդիսաւոր տօնակատարութիւն՝ նուիրուած Հիւսիսային Ամերիկայի մէջ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ծառայական առաքելութեան 50ամեակին, ինչպէս նաեւ մեր թեմի 35ամեակին։ Ձեռնարկը կը վայելէ հովանաւորութիւնն ու ներկայութիւնը առաջնորդ Մուշեղ արք. Մարտիրոսեանին, որ վերադարձած է Լոս Անճելըս, Վատիկան եւ Լիբանան այցելութիւններէն ետք:Հանդիսութիւնը կազմակերպուած է Կրօնական ժողովի ու Ազգային վարչութեան կողմէ։ Խօսք պիտի առնեն Ազգային կեդրոնական վարչութեան անդամ Խաժակ Տիքիճեան եւ իրաւաբան Արման Քէօսեան, նաեւ պիտի իրագործուի գեղարուեստական յայտագիր: Մուտքը ազատ է։

«Քրիստոնէական Դաստիարակութեան Շաբաթ» Կիպրոսի Թեմին Մէջ

ԿԻՊՐՈՍ.- 2008 տարին Արամ Ա. կաթողիկոսի կողմէ Քրիստոնէական դաստիարակութեան տարի հռչակուելուն առիթով, Կիպրոսի հայ թեմը, հովանաւորութեամբ կաթողիկոսական փոխանորդ Վարուժան արք. Հերկելեանի եւ միացեալ գործակցութեամբ կաթողիկոսարանի Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքին եւ Կիպրոսի Ազգ. իշխանութեան Կրօնական ժողովին, Նոյեմբերի վերջընթեր շաբաթը՝ 19-23 Նոյեմբեր, Քրիստոնէական դաստիարակութեան նուիրուած ձեռնարկներ տեղի ունեցան Կիպրոսի մէջ:

Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի վարիչ Թորգոմ աբղ. Տօնոյեան դասախօսութիւններով հանդէս եկաւ Կիպրոսի երեք քաղաքներուն մէջ՝ Նիկոսիա, Լառնագա եւ Լիմասոլ, նիւթ ունենալով «Քրիստոնէական դաստիարակութեան տարին առիթ՝ մտերմանալու Աստուածաշունչին հետ»։ Այս շրջագիծէն ներս, հայր սուրբը նաեւ հանդիպում-զրոյց ունեցաւ երիտասարդներուն հետ, նիւթ ունենալով «Աստուածաշունչը, Հայ եկեղեցին եւ բարոյագիտական հարցեր»: Ան այցելեց «Նարեկ» վարժարան եւ մանուկներուն ու պատանիներուն խօսեցաւ անոնց քրիստոնէական կազմաւորման մասին։

«Քրիստոնէական դաստիարակութեան շաբաթ»ը իր աւարտին հասաւ կիրակնօրեայ ուխտի պատարագով, որ կը զուգադիպէր Աստուածամօր տաճար ընծայման տօնին։

Wednesday, December 17, 2008

«Բարի Գործերու Ծառայութեան» Մրցանակներ Կը Յանձնուին Հայ Աշակերտներու

Դեկտեմբեր 8ի երկոյեան, թեմակալ առաջնորդ Յովնան արք. Տէրտէրեանի նախագահութեամբ, առաջնորդարանին մէջ տեղի ունեցաւ երիտասարդներու արձանագրած իրագործումներուն նուիրուած երեկոյ մը, որուն հիւրընկալն էր Հայ արհեստավարժներու միութիւնը: «Բարի գործերու ծառայութեան» մրցանակ տրուեցաւ արժանաւոր 6 ուսանողներու՝ Ռոզի Ճանէզեան («Ֆերահեան»), Նաթալի Մաճառեան («Յովսէփեան»), Նաթալի Փոստալճեան (Կրէնատա Հիլզի «Չարթըր»), Թանիա Մուխթարեան (ՀԲԸՄի Փասատինայի երկրորդականէն), Սէրլի Փոլատօղլու եւ Անի Շիրվանեան («Մանուկեան-Տէմիրճեան»):

Սիլվա Նաթալի Մանուկեան հակիրճ պատմականը ըրաւ Հայ արհեստավարժներու միութեան եւ ներկայացուց անոր առաքելութիւնը՝ քաջալերել յառաջադէմ ուսանողներուն, որպէսզի իրենց նախընտրած ասպարէզին մէջ մասնագիտանան:Մրցանակները բաժնուեցան ձեռամբ առաջնորդին, որ անոնցմէ իւրաքանչիւրին յանձնեց մետալ մը, վկայագիր մը, Ս. գիրք մը եւ փայտեայ հայկական խաչ մը:

Wednesday, December 17, 2008

Գոհաբանութեան Օրը Լոս Անճելըսի Հայ Քոյրերու Վարժարանի Մէջ

Ինչպէս այլուր Հայ քոյրերու վարժարանի ընտանիքը եւս Գոհաբանութեան օրուան առիթով կազմակերպեց միջոցառումներ: Նոյեմբեր ամսուան աշակերտական պատարագը նուիրուած էր այդ տօնին՝ Աստուծոյ փառք տալու եւ դարձեալ անդրադառնալու բոլոր այն բարիքներուն, զորս կը վայելենք մեր կեանքին մէջ: Պատարագին կը ծառայէին վեցերորդ դասարանէն Նարեկ Պուլտուքեան եւ Խաչիկ Բաբիսեան, իսկ Ալեք Քիլիսեան եւ Դալար Լեւոնեան օրուան յատուկ աղօթքներ կարդացին, ապա աշակերտները հաղորդուեցան՝ Անտոն վրդ. Սարոյեանի օրուան իմաստը մարմնաւորող քարոզէն ետք։

26 Նոյեմբերի առաւօտեան աղօթքի ժամուն սրահը զարդարուած էր: Իւրաքանչիւր դասարանէ ներկայացուցիչ մը կարդաց գոհունակութեան աղօթք մը եւ խնդրանք մը ներկայացուց առ Աստուած։ Գոհաբանութեան օրուան իմաստը եւ պատմականը ներկայացուցին առաջին դասարանի փոքրիկներ:

Նոյն օրը, Ծնողաօժանդակ մարմինի անդամները դպրոցի խոհանոցը պատրաստուած համեղ հնդկահաւերով հիւրասիրեցին աշակերտները, ապա տեղի ունեցաւ տնօրէնութեան, ուսուցչական կազմին ու պաշտօնէութեան Գոհաբանութեան տարեկան ճաշը, որուն ընթացքին իւրաքանչիւրը փոխանցեց իր մաղթանքն ու գոհունակութիւնը։

27 Նոյեմբերին, վարժարանէս աշակերտական խումբ մը, ընկերակցութեամբ Միջնակարգի հայերէնի ուսուցչուհի Լինտա Գանտիլեանի, վարժարանս ներկայացուց «Հայաստան» Համահայկական հիմնադրամի կազմակերպած թելեթոնին 4000 տոլարի նուիրատուութեամբ։

Վարժարանիս մեծ ընտանիքի Գոհաբանութեան օրուան ճաշը աւելի կանուխ տեղի ունեցաւ՝ Շաբաթ, Նոյեմբեր 22ին, վարժարանիս գեղեցկօրէն զարդարուած «Դանիէլեան» սրահին մէջ: Ճաշկերոյթին ներկայ էր շրջանս հիւրաբար գտնուող Անարատ յղութեան միաբանութեան մեծաւորուհի մայր Եւթոքսիա Քէշիշեան, որ կատարեց Գոհաբանութեան աղօթքը: Յիշենք, որ մայր Եւթոքսիա նախապէս վարժարանիս տնօրէնուհին էր։

Բացման խօսքով հանդէս եկաւ Ծնողաօժանդակ մարմինի անդամներէն Տիգուկ Պաստէքեան, որ բացատրեց, թէ օրուան հանդիսութիւնը հանգանակային նպատակ ունի եւ հասոյթը պիտի օգտագործուի վարժարանի ճաշարանի բարեզարդման համար: Տեղի ունեցաւ նաեւ աշակերտական հագուստներու ցուցադրութիւն, որուն համար հագուստներ տրամադրած էր «Փամփքին փէ»չ վաճառատունը:

Ճաշին ընթացքին ելոյթ ունեցան վարժարանիս պարախումբի աղջիկները, որոնք, պարուսոյց Քաթրին Հայրապետեանի ցուցմունքներով, նազանքով կը պարէին հայկական պարեր:

Շնորհակալութիւն ձեռնարկին մասնակցած բոլոր աշակերտներուն, ծնողներուն եւ մանաւանդ Ծնողաօժանդակ մարմինի վարչութեան եւ անոնց շուրջը բոլորուած կամաւորներուն, որոնք իրենց կարելին չխնայեցին ճաշկերոյթը յաջողութեամբ պսակելու համար, քաջ գիտնալով, որ հայ վարժարանի հիմնադրութեան չափ կարեւոր է նաեւ վարժարանը կանգուն պահելը՝ այլազան միջոցներով ապահովելու նիւթական անոր ատաղձը։

ԼԻՆՏԱ ԳԱՆՏԻԼԵԱՆ

Wednesday, December 17, 2008