четвъртък, 18 декември 2008 г.

Օսման Քյոքերը Գուգարաց թեմում

Դեկտեմբերի 13-ին Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի հրավերով Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ պոլսահայ «Սայաթ-Նովա» երգչախմբի, «Քարդեշ Թուրքուլեր» համույթի և ՊԿՍԹ պարախմբի համատեղ համերգը: Համերգը կազմակերպվել էր Հայաստան-Թուքիա «Երաժշտական կամուրջ» նախագծի շրջանակներում և վերնագրված էր «Դռները բացե՛ք գարուն է գալիս»: Միջոցառմանը հյուրերին ողջունեց Սրբազան Հայրը և նշեց, որ այս համերգը տեղի չէր ունենա, եթե չլիներ Հրանտ Դինքը, ում երազանքն է եղել Հայաստանում նման միջոցառում կազմակերպելը: Սրբազան Հոր ելույթից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հրանտ Դինքի հիշատակը:

Համերգին հնչեցին հայկական, թուրքական, քրդական, ասորական, վրացական ժողովրդական երգեր:

Դեկտեմբերի 14-ին կրկին Գուգարաց թեմի առաջնորդի հրավերով Վանաձորում էր թուրք պատմաբան Օսման Քյոքերը: Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճում տեղի ունեցավ պարոն Քյոքերի և Վանաձորի մտավորականների հանդիպումը, որի ժամանակ ողջույնի խոսքով ելույթ ունեցավ Սրբազան Հայրը: Հանդիպմանը ներկա էին քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսուցիչներ:

Թուրք պատմաբանն ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց իր «Հայերը Թուրքիայում 100 տարի առաջ» գիրքը: Այս գիրքը լույս է տեսել 2005թ. Թուրքիայում և պարունակում է բացիկներ Օրլանդո Կալումենոյի հավաքածուից: Գրքի մեջ հավաքված են հարյուր տարվա պատմություն ունեցող օսմանյան ժամանակաշրջանի բացիկներ, որոնք արտացոլում են հայկական համայնքի խաղաղ, և շատ դեպքերում բարգավաճ կյանքը Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում:

Լրագրողի պատմելու ընթացքում մեծ էկրանի վրա ցուցադրվեցին գրքում զետեղված 700 բացիկներից: Այս բացիկների միջոցով ներկայացվում են Օսմանյան Թուրքիայի տարածքում գտնվող հայկական մարզերն ու քաղաքները` համապատասխան բնակչության թվերով, դպրոցներով, եկեղեցիներ-վանքերով, կրթամշակութային կենտրոններով և արհեստագործական ու արդյունաբերական հիմնարկներով:

«Թուրքիայում միայն թուրք ազգի պատմությունն է ուսուցանվում: Երկրում բնակվող այլ ազգերը դիտվել են որպես մեծ ու փոքր խնդիրների աղբյուր: Իմ նպատակն է այսօրվա թուրք երիտասարդին ծանոթացնել հատկապես հայ ազգի անցյալի հետ, որն իր ստեղծագործ ու խաղաղասեր էությամբ միայն նպաստել է Օսմանյան Թուրքիայի զարգացմանը»,-ասաց Օսման Քյոքերը և խոստովանեց, որ այստեղ գալով` մի տեսակ անհանգստություն է ունեցել, որովհետև առաջին անգամ պիտի հանդես գար մի լսարանի առջև, որտեղ բոլոր ունկնդիրները հայեր են:

Թուրքիայում նա 7 անգամ կազմակերպել է բացիկների ցուցահանդես, որը վերնագրել է «Սիրելի եղբայրս», և ունեցել է 20 ասուլիս: Պարոն Քյոքերը նշեց, որ մտադիր է լույս ընծայել երկրորդ գիրքը, որի մեջ կզետեղվեն մոտ 1000 նոր բացիկներ:

Հանդիպման ավարտին եղավ հարց և պատասխան, ապա Սրբազան Հայրը բոլորի անունից շնորհակալություն հայտնեց պարոն Քյոքերին և ասաց. «Վանաձորցիների համար այս հանդիպումը բացառիկ մի առիթ է թուրք մտավորականից լսել հայերիս պատմական անցյալի մասին և հասկանալ կորստի չափն ու նորովի գնահատելու այսօրվա ձեռքբերումները: Մեր պատմաբանների համար չհետազոտված աղբյուր է այս տարբերակով անցյալի գնահատումը: Ուստի, հատկապես պատմության դասախոսների համար, խիստ անհրաժեշտ գիտելիքներ էր պարունակում սույն դասախոսությունը, այն ավելի առարկայական պատկերացում է տալիս հայության անսահման կորուստների մասին»:

Դիվան Գուգարաց թեմի

Սուրբ կույսերի՝ Ինդոսի, Դոմնայի, ինչպես նաև Գղերիկոս քահանայի և Նիկոմիդացիների եկեղեցում այրված երեսուն հազար նահատակների հիշատակության օր

Սուրբ Ինդոսը և Դոմնան

Ս. Ինդոսը ներքինի էր Դիոկղետիանոս կայսեր արքունիքում Նիկոմիդիա քաղաքում, իսկ Ս. Դոմնան՝ պալատական կուռքերի քրմուհին, որ ենթարկվում էր Ինդոսին: Նրանք երկուսն էլ, ծանոթանալով Աստվածաշունչ մատյանին, դարձի են գալիս և քրիստոնյա դառնում, որի պատճառով բանտ են նետվում: Երկար տանջվելուց հետո 303թ. նահատակության պսակն են ընդունում:

Հայ եկեղեցին ս. կույսերի՝ Ինդոսի, Դոմնայի, Գղերիկոս քահանայի և երեք բյուր նահատակների, որոնք այրվեցին նիկոմիդացիների եկեղեցում, հիշատակը տոնում է Հիսնակաց պահքի Դ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:


Սուրբ Գղերիկոս քահանան և երեսուն հազար նահատակները

Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ, Քրիստոսի Ծննդյան տոնին, սովորականի նման Նիկոմիդիայի քրիստոնյաները հավաքվում են եկեղեցու մեջ՝ աղոթք անելու համար: Կայսրը մի կուռք է կանգնեցնում տաճարում՝ հրամայելով, որ բոլորը երկրպագեն դրան: Գղերիկոս քահանան մերժում է կատարել կայսեր հրամանը, որի համար չարչարանքների է ենթարկվում և նահատակվում: Կայսրը բարկանում է և այրել տալիս ամբողջ եկեղեցին: Արարողությանը ներկա ողջ ժողովուրդը՝ երեք բյուր, այսինքն՝ երեսուն հազար հոգի այսպիսով նահատակվում են 303թ.:

Հայ եկեղեցին ս. կույսերի՝ Ինդոսի, Դոմնայի, Գղերիկոս քահանայի և երեք բյուր նահատակների, որոնք այրվեցին նիկոմիդացիների եկեղեցում, հիշատակը տոնում է Հիսնակաց պահքի Դ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:

ՀԱՅ ԱՒԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ Հիւսիսային Ամերիկայի Հայ Աւետարանական Միութեան Գործունէութիւնը

Հիւսիսային Ամերիկայի Հայ Աւետարանական Միութիւնը իբրեւ գործունէութեան տարածք ունի Արեւելեան, Արեւմտեան Ամերիկաները եւ Գանատան: Միութեան հովիւն է (գործադիր տնօրէն) վերապատուելի Յովսէփ Մաթոսեան, իսկ կեդրոնատեղին կը գտնուի Կլէնտէյլի մէջ (616 N. Glendale Ave., Glendale, CA 91206): Հոն կը գործեն նաեւ Քէմփ Արեւի ու Երիտասարդականի գրասենեակները:

Վեր. Մաթոսեանի հետ հանդիպում ունեցանք եւ մանրամասն տեղեկութիւններ ստացանք միութեան գործունէութեան, Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութեան եւ Հայ Աւետարանական Համաշխարհային Խորհուրդին ու անոնց պատասխանատուներուն մասին: Կը ներկայացնենք մեր տեսակցութենէն բխած հիմնական հարցերը:

Կապ հաստատեցինք նաեւ Ամերիկայի Հայ Աւետարանական Միութեան հովանիին ներքեւ գործող «Շարլոթ եւ Էլիզ Մերտինեան» վարժարանի տնօրէն Յովսէփ Ինճէճիկեանի հետ, որմէ տեղեկութիւններ ստացանք դպրոցին մասին:

Շահեկան զուգադիպութեամբ մը, մեր յօդուածի պատրաստութեան ընթացքին բարեբախտութիւնը ունեցանք հանդիպելու Հայ Աւետ. Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի նորընտիր նախագահ եւ Սուրիոյ Հայ Աւետարանական գաղութի համայնքապետ՝ վեր. Յարութիւն Սելիմեանին հետ, ընկերակցութեամբ Հիւս. Ամերիկայի Հայ Աւետ. Եկեղեցիներու Միութեան գանձապահ Զաւէն Խանճեանին, որ ընդհանրապէս այս աշխատանքին համակարգման մէջ իր ներդումը ունեցաւ: Կը ներկայացնենք նաեւ վեր. Յարութիւն Սելիմեանին հետ մեր հարցազրոյցը:

Յիշենք, թէ Հայ Աւետարանական համայնքի զաւակ Զաւէն Խանճեան երկար տարիներու վաստակ ունի համայնքէն ներս, յատկապէս նպաստելով »Մերտինեան« վարժարանի հիմնադրութեան, երկար տարիներ ծառայելով հոգաբարձական կազմին մէջ, իսկ այժմ վարելով միութեան գանձապահի պաշտօնը: Խանճեան գործօն դերակատարութիւն ունեցած է նաեւ Հայաստան Հիմնադրամի աշխատանքներուն մէջ եւ հեղինակն է «Այս տունը քուկդ է, թէ իմս» հատորին:

Անհրաժեշտ է յիշել նաեւ անունները համայնքի ակներեւ եւ հանրածանօթ աստուածաբան, պատմագէտ, բանասէր, հեղինակ հովիւներ՝ վեր. Վահան Թութիկեանի (Տիթրոյթ) եւ վեր Պարգեւ Տարագճեանի (Լոս Անճելըս): Մեծ եղած է անոնց նպաստը Հայ Աւետարանական համայնքի գործունէութեան զարգացման մէջ:

ՀՈԳԵՒՈՐ ՀՈՎԻՒ ՎԵՐ. ՅՈՎՍԷՓ ՄԱԹՈՍԵԱՆ

Ծնած է Լիբանան, յաճախած է Աստուածաբանական ճեմարանը, ապա 1960ին եկած է Միացեալ Նահանգներ, ուսումը շարունակելու եւ արժանացած Պսակաւոր Արուեստից տիտղոսին՝ աստուածաբանութեան եւ հոգեբանութեան մէջ, ու Մագիստրոսի տիտղոսին՝ աստուածաբանութեան մէջ:

1966ին ձեռնադրուած է հոգեւոր ծառայութեան եւ 1967ին սկսած է ծառայել ԱՄՆի մէջ: 15 տարի եղած է հովիւ Փասատինայի Հայ Եղբայրութեան Ատուածաշունչի եկեղեցիին, որմէ ետք 10 տարի ծառայած է իբրեւ երէց հովիւ՝ Էմմանուէլ Հայ ժողովական եկեղեցիին: 2004ին ընտրուած է Հիւսիսային Ամերիկայի Հայ Աւետարանական միութեան հովիւ եւ Յունիս 2008ին, Համաժողովի ընթացքին վերընտրուած է չորս տարուան համար:«Սահակ-Մեսրոպ» հայ քրիստոնէական վարժարանի հիմնադիր հոգաբարձական կազմի անդամ եղած է: Ծառայած է նաեւ իբրեւ հոգաբարձական կազմի ատենապետ եւ այժմ «Սահակ-Մեսրոպ» քրիստոնէական վարժարանի ընկերակցութեան նախագահն է:

Մաս կը կազմէ Հայ Աւետ. Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդին եւ անդամ է Հայաստան Հիմնադրամի Արեւտմեան Ամերիկայի վարչութեան:Ամուսնացած է եւ ունի չորս մանչ զաւակ:

ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱՒԵՏ. ՄԻՈՒԹԵԱՆ ԱՄՓՈՓ ՊԱՏՄԱԿԱՆԸ

Միացեալ Նահանգներու Մեսեչուսէց նահանգի Ուստըր քաղաքին մէջ 1881ին սկսած է կազմաւորումը Հայ Աւետարանական Եկեղեցիներուն: Օսմանեան Կայսրութեան մէջ հայերուն դէմ գործադրուած թրքական ցեղասպանական արարքները պատճառ դարձան, որ հայերը արտագաղթեն ու հաստատուին աշխարհի զանազան երկիրներուն մէջ, որոնց շարքին էր Միացեալ Նահանգները: Տարիներու ընթացքին գաղթականներու թիւը աւելցաւ ու Հայ Աւետարանական եկեղեցիներ գոյացան Միացեալ Նահանգներու եւ Գանատայի զանազան շրջաններուն մէջ: 1901ին ԱՄՆի Արեւելեան նահանգներու եկեղեցիները կազմակեպուեցան իբրեւ միութիւն, իսկ 1960ին՝ անոր միացաւ Գանատայի Թորոնթօ եւ Մոնթրէալ քաղաքներու Հայ Աւետ. Միութիւնը: Հետագային այս երկուքին միացումով յառաջացաւ Արեւելեան նահանգներու եւ Գանատայի Հայ Աւետ. Միութիւնը: Այս ժամանակաշրջանին Քալիֆորնիոյ մէջ եւս գոյացած էին Հայ Աւետարանական եկեղեցիներ, որոնք 1908ին կազմեցին Քալիֆորնիոյ Հայ Աւետ. Միութիւնը: Երկարատեւ բանակցութիւններէ ետք 1971ին, Արեւելեան նահանգներու եւ Քալիֆորնիոյ միութիւնները միաձուլուեցան եւ կազմեցին Հիւսիսային Ամերիկայի Հայ Աւետ. Միոււթիւնը՝ որով կը ճանչցուի ան մինչեւ այսօր:

ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ԱՄՆ-Ի ՀԱՅ ԱՒԵՏ. ՄԻՈՒԹԵԱՆ ԿԱՌՈՅՑԸ

Հիւսիսային Ամերիկայի Հայ Աւետ. միութեան մաս կը կազմեն 37 գործող եկեղեեցիներ, Միացեալ Նահանգներու եւ Գանատայի մէջ: Միութեան կապուած եկեղեցի մը կայ նաեւ Պրազիլի մէջ, իսկ Գանատայի եկեղեցիներուն թիւը 4 է: Այս եկեղեցիներուն կապուած հաւատացեալներուն թիւը շուրջ 10 հազար է: Հովիւներուն թիւը՝ մօտաւորապէս 50:

Հիւսիսային Ամերիկայի Հայ Աւետ. Միութեան հովանիին տակ կը գործեն նաեւ «Շարլոթ եւ Էլիզ Մերտինեան» Հայ Աւետ. վարժարանը Կլէնտէյլի Ընկերային ծառայութեան գրասենեակը, Քէմփ Արեւը, Քէմփ Արեւելքը, Աւետարանական երիտասարդաց ընկերակցութիւնը՝ իր Արեւմտեան եւ Արեւելեան շրջաններով:Ընկերային ծառայութեան գրասենեակը, որ հաստատուած է Կլէնտէյլի Քոլորատօ պողոտային վրայ, պետական յատկացումներու շնորհիւ օգտակար կը դառնայ հայ ժողովուրդին:

Արեւմտեան Ամերիկայի ճամբարը՝ Քէմփ Արեւ, Ֆրէյժըր զբօսայգիին մէջ, քառասուն արտավայր տարածութեամբ, գնուեցաւ 15 տարի առաջ: Քէմփ Արեւը բանակավայր է, ուր կը յաճախեն նախակրթարանի, միջնակարգի, երկրորդականի եւ քոլէճի քանի մը հարիւր հայ ուսանողներ, ամառ թէ ձմեռ, հոն հետեւելու համար կրօնական եւ ազգային դաստիարակութեան: Քալիֆորնիոյ զանազան շրջաններէն պատանիներ եւ պարմանուհիներ կու գան եւ Աստուծոյ խօսքը կը լսեն: Անոնք կը ստանան քրիստոնէական դաստիարակութիւն, պաշտամունք կը կատարեն, հայոց լեզուի, մշակոյթի դասընթացքներու կը հետեւին՝ դասախօսներու միջոցով եւ կը թրծուին հայկական ոգիով ու Աստուծոյ խօսքի ուսուցումով: Կան նաեւ արուեստի դասընթացքներ: Այս ճամբարը յաճախող իւրաքանչիւր խումբ երեք շաբաթ կը մնայ հոն: Շատ օգտաշատ աշխատանք մըն է: Տարուան մնացեալ ամիսներուն ճամբարը վարձու կը տրուի: Քէմփ Արեւի գրասենեակը կը գտնուի Կլէնտէյլ, Հայ Աւետ. Միութեան կեդրոնին մէջ, եւ գրասենեակին պատասխանատուն է տիկ. Ճենիֆըր Ապաճեան:

Քէմփ Արեւին մէջ կը կազմակերպուի նաեւ «Մէնզ ռիթրիթ»ը՝ չափահասներու համար, իսկ տարին անգամ մը դաշտագնացութիւն կը կազմակերպուի:

Այժմ Քէմփ Արեւը շինարարութեան մէջ է, նոր շէնք եւ մատուռ պիտի կառուցուի՝ մէկ միլիոն չորս հարիւր հազար տոլար արժողոււթեամբ:

Արեւելեան Ամերիկայի շրջանի ճամբարը՝ Քէմփ Արեւելք, կը կազմակերպուի Հայց. Առաքելական եկեղեցւոյ «Արարատ» ճամբարին մէջ, մէկ շաբթուան համար:

Հիւսիսային Ամերիկայի Հայ Աւետ. Միութիւնը ունի նաեւ Հայ Աւետ. Երիտասարդաց ընկերակցութիւնը՝ Արեւմտեան եւ Արեւելեան բաժիններով, որոնք ունին իրենց վարիչ տնօրէնները: Արեւելեանը ունի լիաժամ վարիչ տնօրէն՝ վեր. Արա Ճիզմէճեան, Արեւմտեանի վարիչ տնօրէնն է պր. Րաֆֆի Գալճեան: Երիտասարդական բաժանմունքները շատ գործօն են, կրօնականին կողքին մարզական գործունէութիւն ալ կÿունենան: Ունին նաեւ Հայ Աւետարանական Կիներու ընկերակցութիւնը եւ զանազան յանձնախումբեր:

ՎԱՐՉԱՁԵՒԸ

Հայ Աւետ. Միութեան վարչաձեւը ժողովրդավարական է, ու կը գործէ սահմանադրականօրէն ընտրուած Կեդրոնական Մարմնին միջոցով: Միութեան մէջ ներկայացուած են բոլոր եկեղեցիները, որոնցմէ իւրաքանչիւրը իր անդամներուն թիւին համաձայն ներկայացուցիչ կը ղրկէ ընդհանրապէս երկու տարին անգամ մը գումարուող համագումարներուն, ուր կ'ընտրուին միութեան Կեդրոնական Մարմնի, կամ հոգաբարձութեան անդամները: Հոգաբարձութիւնը կը բաղկանայ 16 անդամներէ՝ 8 հոգեւորական, 8 աշխարհական: Հոգաբարձութեան ատենապետն է վեր. Աւետիս Պոյներեան (Պոսթընէն), փոխ-ատենապետը՝ Դաւիթ Յակոբեան (Շիքակոյէն), քարտուղարը՝ ՌոզՄէրի Յակոբեան (Պոսթընէն) եւ գանձապահը՝ Զաւէն Խանճեան (Կլէնտէյլէն): Վարչական այս մարմնին մաս կը կազմէ նաեւ Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութեան (AMAA) վարիչ տնօրէնը՝ Անդրանիկ Թորիկեան:

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱՒԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹԻՒՆԸ (AMAA-ԱՀԱԸ)

Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութիւնը (AMAA-ԱՀԱԸ) ստեղծուեցաւ 1918ին, ԱՄՆի Մեսեչուսէց նահանգի Ուստըր քաղաքին մէջ: Ինքնավար է, իր ինքնուրոյն սահմանադրութեամբ եւ բաժանմունքներով: Ծնունդն է Ամերիկայի Հայ Աւետարանական եկեղեցիներուն: Նպատակն էր արտայայտնել Յիսուս Քրիստոսի սէրը եւ օգտակար դառնալ Ցեղասպանութենէն ճողոպրած հայ ժողովուրդի բեկորներուն՝ հաւատքի, մշակոյթի եւ ազգային ինքնութեան պահպանման մէջ: Ի մասնաւորի կ'օժանդակէ աշխարհատարած ու կարիքաւոր Հայ Աւետարանական բոլոր եկեղեցիներուն, դպրոցներուն ու համայնքապատկան հաստատութիւններուն: Տարիներու ընթացքին գործը ընդարձակուած է եւ ընկերակցութիւնը այժմ կը գործէ 22 երկիրներու, ներառեալ Հայաստանի մէջ: ԱՀԱԸ-ի գործունէութիւնը կեդրոնացած է հետեւեալ մարզերուն վրայ.

ա.- ուսումնական,
բ.- մարդասիրական,
գ.- զօրակցութիւն եկեղեցիներուն:

Լիբանանի «Հայկազեան» համալսարանը ԱՀԱԸ-ի կրթական ամենէն նշանակալից նախաձեռնութինն է: Ընկերակցութիւնը իր ներդրումը կÿունենայ նաեւ եկեղեցիներու հիմնած դպրոցներուն:1991ին, Հայաստանի մէջ ՀԱԸ-ի գրանցումէն ետք, Երեւանի մէջ բացուեցաւ ընկերակցութեան կեդրոնական գրասենեակը: ներկայիս Հայաստանի Հանրապետութեան տարբեր մարզերուն եւ Արցախի մէջ կը գործեն տասնեակ գրասենեակներ: Ընկերակցութեան նախագահն է դոկտ. Հրայր Ահարոնեան եւ գործադիր տնօրէնը՝ Անդրանիկ Թորիկեան: Իսկ կեդրոնը կը գտնուի Փարամըս, Նիւ Ճըրզի:

ՀԱՅ ԱՒԵՏ. ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Հայ Աւետ. Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդը աշխարհի վեց տարբեր շրջաններու Հայ Աւետ. միութիւնները ներկայացնող մարմինն է: Այդ շրջաններն են՝ Հիւսիսային Ամերիկան, Ֆրանսան, Եւրասիան, Հայաստանը, Եւրոպան եւ Մերձաւոր Արեւելքը: Խորհուրդին նորընտիր նախագահն է վերապատուելի Յարութիւն Սելիմեան, իսկ գործադիր տնօրէնը՝ վեր. դոկտ. Վահան Թութիկեան:

ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՈՒԱՆ ԿԱՐԵՒՈՐ ԻՐԱԳՈՐԾՈՒՄՆԵՐ

Ամենէն կարեւոր աշխատանքը եղաւ միութեան 19րդ Երկամեայ Համաժողովը, որ կայացաւ Յունիս 26-29ին, Կլէնտէյլի Հիլթըն պանդոկի ժողովասրահին մէջ, մասնակցութեամբ հարիւրաւոր պատուիրակներու եւ հիւրերու: Գործի ժողովներէն անկախ տեղի ունեցան պաշտամունքներ եւ դասախօսութիւններ: Այս վերջին շարքին մէջ՝ յատուկ եւ խորիմաստ մատուցումներ կատարուեցան, նիւթ ունենալով՝ «Հայաստանի Ա. անկախութեան 90ամեակը», «Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութեան 90ամեակը», եւ «Համաշխարային Հայ Աւետ. Խորհուրդի 30ամեակը»: Պատուիրակները ընտրեցին յաջորդ երկու տարիներու Գործադիր Մարմնին մէջ ծառայելիք անդամները, ներառեալ դիւանը: Պատուիրակները վերահաստատեցին վեր. Յովսէփ Մաթոսեանի պաշտօնը իբրեւ միութեան հովիւ (գործադիր տնօրէն)՝ վերընտրելով զայն յաջորդ չորս տարիներուն համար:

Միութեան համաժողովը մեծ ուրախութեամբ իբրեւ անդամ ընդունեց հետեւեալ եկեղեցիները եւ հոգեւոր ընկերակցութիւնները.- Օրէնճ Քաունթիի Հայ Քրիստոնէական Ընկերակցութիւնը, հոգեւոր հովիւ՝ վեր. դոկտ. Տան Սընըքճեան: Կլէնտէյլի Ս. Երրորդութիւն Հայ Աւետ. Եկեղեցին՝ հոգեւոր հովիւ վեր. Պերճ Ճամպազեան: Հիւս. Հոլիվուտի Ս. Երրորդութիւն Երիցական եկեղեցին՝ հոգեւր հովիւ վեր. Արա Չաքըրեան: Կլէնտէյլի Քրիստոնէական Առաքելութիւն ի Հայս, հոգեւոր հովիւ՝ վեր. Դանիէլ Ալպարեան: Կլէնտէյլի Քրիստոսի Հայոց Եկեղեցին, հոգեւոր հովիւ՝ վեր. Սարօ Խաչիկեան:Միութիւնը ունի հեռատեսիլի Կիրակնօրեայ պաշտամունք-յայատագիրը, կէսօրէ ետք ժամը 4:30ին, 282րդ կայանէն:

Քալիֆորնիայի Քեմբ Արեւը կ'օժտուի պատշամունքի երկու նոր մատուռներով՝ շնորհիւ իշխանական երկու նուիրատուութիւններու: Առաջինին նուիրատուն է Փասատինայի եկեղեցիէն տիկ. Անայիս Տերեան, իր ամուսնոյն՝ Հենրիին յիշատակին: Իսկ երկրորդին նուիրատուներն են Միացեալ Հայ Աւետ. եկեղեցիէն, տոքթորներ՝ տէր եւ տիկ. Հրայր եւ Նատիա Տարագճեան:

Միութեան եկեղեցիներուն համար պատրաստութեան մէջ է նոր հոգեւոր երգարան մը, շնորհիւ Հրանտ Աղպապեանի եւ Լուսինէ Աղպապեան Հըպըրտի եւ իրենց աշխատակիցներուն:

Միութեան Հայկական Ժառանգութիւն յանձնախումբը վերջերս հրատարակեց Հայ Հոգեւոր Ժառանգութիւն անունով դասատետր մը, Կիրակնօրեայ դպրոցներու մէջ գործածելու համար: Կը ծրագրուի պատրաստել հայոց պատմութեան վերաբերեալ մանկա-պատանեկան հրատարակութիւններ:Հայ ազգային եւ քրիստոնէական տօները կը յիշատակուին շրջանային Հայ Աւետ. եկեղեցիներուն համախմբումով, ինչպէս նաեւ միջ-համայնքային եկեղեցիներու գործակցութեամբ: Այդ տօներէն են՝ Վարդանանց, Ապրիլ 24, Նոր Տարի-Ս. Ծնունդի տօնախմբութիւն, Կանանց Համաշխարհային Աղօթքի Օր:

ՀԱՅ ԱՒԵՏ. ԵԿԵՂԵՑԻՆ, ԱՆՈՐ ԴԵՐՆ ՈՒ ԴԻՄԱԳՐԱՒԱԾ ԴԺՈՒԱՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Այս հարցին անդրադառնալով՝ վեր. Յովսէփ Մաթոսեան ըսաւ.«Կը հաւատանք, որ Հայ Աւետ. Եկեղեցին մաս կը կազմէ Քրիստոսի տիեզերական եկեղեցիին, որուն առաքելութիւնն է աշխարհին տարածել Աւետարանը, հրաւիրել մարդկութիւնը Աստուծոյ հետ հաշտուելու, իմաստալից, քրիստոնավայել կեանք ապրելու եւ պատրաստուելու յաւիտենականութեան, ընդունելով, որ միակ ճամբան, ճշմարտութիւնը ու կեանքը՝ Քրիստոս ինքն է:

«Մենք ընդունած ենք Նիկիոյ հանգանակը, Ուղղափառ վարդապետութեան կը հաւատանք, սակայն կը յարգենք տեսակէտներու տարբերութիւնը եւ համոզումով կը հետեւինք մեր հաւատքի ըմբռնումներուն: Մեր դասագիրքը Ս. Գիրքն է: Շեշտը քրիստոնէական կեանքը ապրելուն մէջ է: Զինուած ենք Ս. Գրիգոր Լուսաւորիչի եւ Վարդան Մամիկոնեանի հաւատքով ու կամքի զօրութեամբ:

«Գիտակից ենք դարուս առաջացուցած փոփոխութիններուն. հոսանքը ուժեղ է, մարդկային շինծու փիլիսոփայութիւններ գոյութիւն ունին, աղանդներ շատցած են, արդիական գաղափարներ շուարում կը պատճառեն շատերուն, բայց Քրիստոս փոխուած չէ, Քրիստոսի պատգամը փոխուած չէ, Աստուածաշունչը՝ հին կտակարան, նոր կտակարան, մեր մնայուն դասագիրքն է: Դարը կը փոխուի, ազգեր կը փոխուին, բայց մեր Տէրը մէկ է եւ նոյնն է՝ երէկ, այսօր եւ յաւիտեան: Մենք գիտակից ենք, որ հայ ենք ու այս արկածի հետեւանք չէ, այլ աստուածային կարգադրութիւն, որով կÿուզենք ծառայել մեր աստուծոյն եւ ազգին: Մեր աղօթքը, երազը, մաղթանքն է, որ հայ ժողովուրդը ունենայ հոգեւոր զարթօնք մը՝ աւելի Աստուծոյ մօտենալու, քրիստոնէական առաքինութիւններու տէր դառնալու, հայրենասէր ըլլալու»:

«ՇԱՐԼՈԹ ԵՒ ԷԼԻԶ ՄԵՐՏԻՆԵԱՆ» ՀԱՅ ԱՒԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԸ

Դպրոցը հիմնուած է 1982ին, նուիրուած եւ տեսիլք ունեցող փոքր խմբակի աշխատանքով եւ հովանաւորուած՝ Հայ Աւետ. Միութեան Աւետարանչականին եւ Հարաւային Քալիֆորնիոյ Հայ Աւետ. եկեղեցիներուն կողմէ:Հետագային, օրդ. Էլիզ Մերտինեանի իշխանական նուիրատուութեամբ՝ իր քրոջ յիշատակին, վարժարանը կÿանուանուի «Շարլոթ եւ Էլիզ Մերտինեան» Հայ Աւետ. վարժարան:

Դպրոցական առաջին տարեշրջանը կը սկսի 13 Սեպտեմբեր 1982ին, 13 աշակերտներով եւ 4 հոգինոց անձնակազմով, Միացեալ Հայ Ժողովական եկեղեցւոյ Կիրակնօրեայ դպրոցի սենեակներուն մէջ:

1983-1986 դպրոցը կը փոխադրուի Նորթ Հոլիվուտի Գոլֆաքս փողոցին վրայ:Իսկ 1986էն ետք, դպրոցը կÿունենայ իր մնայուն կալուածը, Հովիտի Շըրմըն Օքս քաղաքին մէջ:C And E Merdinian Armenian Evangelical School13330 Riverside DriveSherman Oaks, CA 914231987-1988 տարեշրջանին դպրոցը կը հասնի միջնակարգի մակարդակին:

Այժմ «Մերտինեան»ը ունի 250 աշակերտ, նախամանկապարտէզէն մինչեւ 8րդ կարգ, 30 հոգինոց անձնակազմով: Տնօրէնն է Յովսէփ Ինճէճիկեան:

Հոն յաճախող աշակերտները կու գան գլխաւորաբար հետեւեալ քաղաքներէն.- Շըրմըն Օքս, Նորթ Հոլիվուտ, Վեն Նայս, Սթիւտիօ Սիթի, Պըրպէնք, Կլէնտէյլ:

Կրթական բարձր մակարդակի կողքին կը շեշտուի հայեցի եւ քրիստոնէական դաստիարակութիւնը:

Դպրոցի հոգաբարձութիւնը կը ծրագրէ դպրոցը օժտել նորակառոյց շէնքով մը եւ զայն բարձրացնել երկրորդականի մակարդակին: Նախնական աշխատանքները այս ուղղութեամբ ընթացքի մէջ են:

Պատրաստեց՝ ՆԱԶ ՏԷՐ ՍԱՐԳԻՍԵԱՆ-ԳՐԻԳՈՐԵԱՆ (Ասպարէզ)