петък, 12 декември 2008 г.

Մծբինի սուրբ Հակոբ հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օր

13 դեկտեմբեր 2008
Մծբինի սուրբ Հակոբ հայրապետ

Սուրբ Հակոբ (Մծբնեցի) հայրապետ Սբ Հակոբ (Մծբնեցի) հայրապետն Ընդհանրական Եկեղեցու հեղինակավոր և սիրված սրբերից է: Կատարած բազում հրաշքների շնորհիվ նրան կոչել են նաև «Սքանչելագործ»: Վարքագրական աղբյուրների համաձայն՝ ս. Հակոբը պարթևական տոհմից էր և մեր առաջին հայրապետ ս. Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ որդին: Երբ Անակ Պարթևի տոհմը բնաջնջվում է, դայակները մանուկ Սուրենին և Հակոբին փախցնում են Կեսարիա, ուր նրանք դաստիարակվում են քրիստոնեական ոգով և շնչով: Շատ չանցած, մանուկ Հակոբն իր քրոջ Սակդենի տեղափոխվում են Պարսկաստան և որոշ ժամանակ ապրում արքունիքում: Սակայն Հակոբը թողնում է այդ ճոխ կյանքը՝ իրեն նվիրելով ճգնակեցությանը: Հետո ս. Հակոբը գնում է Մծբին՝ հանդիպելով Մարուգե ճգնավորին, ով հռչակված էր իր սրբակենցաղությամբ և հոգետեսությամբ: Վերջինից լսելով, որ այդ կողմերի մարդկանցից շատեր, թեպետև հավատքի են եկել, բայց թերահավատորեն են մոտենում Ս. Գրքին և կասկածում Նոյյան տապանի գոյությանը, որոշում է բարձրանալ լեռը՝ տապանը տեսնելու և նրանից մի մաս բերելու համար: Հակառակ սրբի անկոտրում կամքի՝ նա չի կարողանում հասնել Արարատի գագաթը և երկար տանջվելուց հետո նիրհում է: Երազում հրեշտակը այցելում է նրան և տապանից մի մասունք է դնում սրբի գլխատակին: Ըստ ավանդության՝ ս. Հակոբի պառկած տեղում մի սառնորակ աղբյուր է բխել, որը հայտնի է եղել իր բուժիչ և հրաշագործ հատկություններով, իսկ աղբյուրի կողքին հետագայում սրբի անունով եկեղեցի է կառուցվել: Նոյյան տապանի այդ մասունքը ցայսօր պահվում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Լինելով ժամանակի պատկառելի անձնավորություներից մեկը՝ մասնակցել է 325 թ. Նիկիայի Տիեզերական ժողովին: Իր կյանքի ընթացքում բազմաթիվ հրաշքներ է գործել: Մծբինի եպիսկոոսի մահից հետո Աստված Մարուգեին հայտնում է, որ Հակոբն է լինելու աթոռի արժանի հետնորդը: Երկար տարիներ իր հոտը հովվելուց հետո մահանում է 350 թ.: Հայ Առաքելական Եկեղեցին Մծբինի ս. Հակոբ հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակը տոնում է Դ Հիսնակաց կիրակիին նախորդող շաբաթ օրը:
Մելիտոս եպիսկոպոս

Սուրբ Մելիտոս եպիսկոպոս Ս. Մելիտոս եպիսկոպոսը († 381) ծնվել է Փոքր Հայքի Մելիտինե քաղաքում: 358 թ. դառնում է Փոքր Հայքի Սեբաստիա քաղաքի եպիսկոպոսը, իսկ 360 թ. ընտրվում է Անտիոքի Աթոռի գահակալ: Նա, լինելով վարքով սրբակենցաղ, վարվեցողությամբ` քաղցրաբարո, աստվածպաշտության մեջ` անկեղծ, միաժամանակ խուսափում էր ժամանակի աստվածաբանական վիճաբանություններից: Եվ ժողովուրդն ակնկալում էր, որ նրան կհաջողվեր խաղաղություն հաստատել կրոնական վեճերի պատճառով պառակտված Անտիոք քաղաքում: Արդարև, նա ի զորու է լինում սիրաշահել այս անհանդարտ քաղաքի բնակչությանը. հեռու մնալով աստվածաբանական վիճելի խնդիրների արծարծումից` բավականանում է միայն բարոյական ու գործնական քարոզներով, աշխատում է աստիճանաբար բարեկարգել որոշ անկարգություններ: Սակայն Կոստանդիոս արիոսական կայսեր կազմակերպած Անտիոքի ժողովում, որի նպատակն էր երևան հանել Մելիտոսի վարդապետական համոզումները, բացահայտում է իր ուղղափառ լինելը: Արիոսականների սադրանքով երիցս դատապարտվում է աքսորի: Ս. Մելիտոս եպիսկոպոսի գրչին է պատկանում «Հավատքի շարադրում» աստվածաբանական երկը, որն օգնել է բազում մոլորվածների վերադառնալու ճշմարիտ հավատքի: Սուրբը մասնակցել է 381 թ. Կ. Պոլսի Բ Տիեզերաժողովին` նախագահելով այն, սակայն տակավին ժողովը չավարտված` վախճանվել է: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Անտիոքի Մելիտոս հայրապետի հիշատակը տոնում է Խաչվերացի Թ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը, ինչպես նաև Հիսնակաց Դ կիրակիին նախորդող շաբաթ օրը։

Няма коментари:

Публикуване на коментар