петък, 12 декември 2008 г.

«Մեր հույսերի, մեր տեսիլքների իրագործման մեծ ճանապարհ ունենք անցնելու»


Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի խոսքը

Մեծարգո նախագահ Հայաստանի Հանրապետության, տիար Սերժ Սարգսյան, սիրելի աստվածասեր, բարեպաշտ ժողովուրդ. լրացավ 20—րդ տարելիցը 1988 թ. երկրաշարժի, որը մեծ ավերածություններ պատճառեց մեր երկրին, մեծ կորուստներ եւ վիշտ՝ մեր ժողովրդին։ Այսօր աղոթքով ոգեկոչում ենք հիշատակը աղետի հազարավոր զոհերի։Այս օրերին ցավի զգացումով ապրեցինք վերհուշը տարերային աղետի կործանարար հետեւանքների։ Մեր առջեւ հառնեցին համատարած փլուզումների պատկերները, մարդկանց վշտահար ու տանջահար դեմքերը, բայց նաեւ՝ Հայաստանից եւ աշխարհի տարբեր կողմերից օգնության շտապող գթասիտ մարդկանց անհատնում հոսքը, ավտոմեքենաների անվերջ շարասյուները, որ մխիթարություն, քաջալերանք ու լավատեսություն էին բերում։ Արդարեւ, սիրելիներ, այդ դժնդակ օրերին զորացյալ հույսով ապրեց, հավատով գործեց, սիրով համախմբվեց մեր ժողովուրդը՝ ամոքելու վիշտը, վերացնելու երկրաշարժի աղետալի հետեւանքները։ Ծանր ու դժվարին եղան նաեւ երկրաշարժին հաջորդած տարիները։ Արցախը մարտնչում էր ազատ կյանքի համար, եւ Հայաստանն ու Արցախը հայտնվել էին անօրինական շրջափակման մեջ։ Երկրաշարժից վիրավոր, մթության ու ցրտի, սովի ու կարիքի մեջ անգամ իր արդար դատի պաշտպանությունից չնահանջեց մեր ժողովուրդը։ Այդ օրերին Հայրենիքում եւ սփյուռքում մեկ եւ նույն մտքով էր ապրում ազգս հայոց՝ վերացնել աղետի պատճառած ավերածությունները, հաղթահարել տնտեսական կյանքի ճգնաժամը, շրջափակման դժվարությունները, պաշտպանել Արցախը։ Աստծո պարգեւած զորությամբ, միասնական ուժերով մեր ժողովուրդը ձեռնամուխ եղավ ծառացող հրամայականների դիմագրավմանը, Հայաստանում եւ Արցախում հայրենի պետականության վերականգնմանը եւ իր ազատ կյանքի կառուցմանը։ Այսօր մենք հիշում ենք 20 տարիների հերոսական պատմությունը մեր ժողովրդի, զոհողությունների ու նվիրումի պատմությունը, պայքարի եւ կառուցումի պատմությունը։ Այդպիսին պիտի մնան ու հիշվեն այդ տարիները, պիտի հիշվեն մարդիկ իրենց գործերով, պիտի փառաբանվի Աստված, որ «տվեց մեզ հավիտենական մխիթարություն եւ բարի հույս իբրեւ շնորհ» (Բ Թեսաղ. Բ 15) եւ օրհնեց մեր ժողովրդի ջանքերը եւ արդար հույսերը։Երկրաշարժից հետո հսկայածավալ աշխատանք է կատարվել, ահռելի ջանք ու միջոց ներդրվել։ Այսօր աննվազ են հայրենի կառավարության, մեր ժողովրդի ջանքերը՝ ամբողջովին վերացնելու երկրաշարժի հետեւանքները, վերակառուցումներով, բարելավվող կյանքով լուսավորելու եւ պայծառացնելու մեր երկիրը՝ համայն հայության հայրենիքը։ Արդարեւ, աշխարհասփյուռ հայության միասնական ջանքերով, հավատով ու նվիրումով ձեռք բերված հաջողություններն ու հաղթանակները այս տարիների ընթացքում մեծ տեղաշարժեր ու փոփոխություններ են բերել, բայց չի փոխվել ու Աստծո ողորմությամբ չի փոխվելու մեր ժողովրդի հավատարմությունը ինքն իրեն՝ Քրիստոսասեր իր ազատ, արարող, արդարասեր հոգուն։Սիրելիներ, այսօր հանուն աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդի, մենք վերստին մեր երախտագիտությունն ենք հայտնում այն աջակցության համար, որ ցուցաբերեցին բազմաթիվ երկրներ ու ժողովուրդներ, կազմակերպություններ եւ անհատներ՝ Հայաստան առաքելով բազմապիսի օգնություն եւ կիսելով մեր ժողովրդի վիշտը։ Այդ աջակցությունն ու սատարումը արտահայտությունը եղավ եղբայրասիրության, արտահայտությունը եղավ մարդկության կամքի՝ ընթանալու դեպի բարօր, խաղաղ ու ապահով աշխարհ։Առ Բարձրյալն աղոթքով մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում մեր ժողովրդի զավակներին, ովքեր տարիներ շարունակ ջանք ու միջոց են ներդրել վերացնելու համար երկրաշարժի ավերածությունները, վերականգնելու աղետյալ բնակավայրերը։ Մեր գնահատանքը, սերն ու օրհնությունը՝ աղետի գոտու մեր հարազատ բոլոր զավակներին, որ համբերեցին ու դիմացան նեղություններին եւ վերստին կառուցեցին իրենց տները, քաղաքներն ու գյուղերը ու զավակներ մեծացրեցին՝ հույսով ու հավատով։ Մեր հույսերի, մեր տեսիլքների իրագործման մեծ ճանապարհ ունենք անցնելու, եւ ինչպես հայացքը ընդգրկում է հորիզոնը, ինչպես երազը պատկերում է նպատակը, այս հստակատեսությամբ ու լավատեսությամբ, առ Աստված ապավինությամբ պիտի ընթանանք դեպի մեր հայրենիքի բարեշեն ու բարեհույս ապագան, դեպի բարօր եւ միասնական կյանքը համայն մեր ժողովրդի։Խոնարհումով երկրաշարժի զոհերի հիշատակի առջեւ, աղոթք բարձրացնենք երկինք նրանց հոգիների համար եւ հայցենք Բարձրյալի խաղաղությունը, շնորհն ու օրհնությունը համայն աշխարհին, մեր հայրենիքին եւ մեր կյանքին։ Եվ Աստված, որ «տվեց մեզ հավիտենական մխիթարություն եւ բարի հույս՝ իբրեւ շնորհ, թող հաստատ պահի ձեր սրտերը ամեն բարի խոսքի եւ գործի մեջ»։ Եվ թող «Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծու սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզ հետ լինեն։ Ամեն։
09-12-2008

Няма коментари:

Публикуване на коментар