вторник, 16 декември 2008 г.

Հայաստանի տարածքում վրացական եկեղեցիների գոյության ոչ մի ապացույց չկա


Երեւան (Երկիր) - «Վրաստանի քրիստոնեա-ժողովրդավարական շարժում» կոչվող կազմակերպության որոշ ներկայացուցիչների ակցիան ոչ մի բանով հիմնավորված չէ եւ նպատակ ունի վրդովեցնել հայերին` Նորաշենի հայկական եկեղեցու հետ կապված խնդիրների պատճառով: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Թբիլիսիի Սբ Գեւորգ եկեղեցու քահանա Նարեկ Ղուշչյանը: Նրա խոսքերով` երեք տարի առաջ նույն մարդիկ պահանջում էին Լոռիում հիմնել Վրաց Ուղղափառ եկեղեցու թեմ: «Սակայն այդ կոչերն այդպես էլ մնացին լոկ կոչ. այսպես կոչված նախաձեռնող խումբը չդիմեց ո'չ իրավագետների, ո'չ վրաց պետությանը: Վրաստանի հիմնական հավակնությունները վերաբերում են Ախթալայի վանական համալիրին, որը, իրենց կարծիքով, պատկանում է Վրաց ՈՒղղափառ եկեղեցուն: Սակայն դա արմատապես սխալ է. Լոռիում եւ Տաշիրում կան ուղղափառ եկեղեցիներ, սակայն դրանք բոլորը կառուցվել են ուղղափառ հայերի (քաղկեդոնացիների) կողմից: Մենք, սկզբունքորեն, դեմ չենք Հայաստանի տարածքում Վրաց Ուղղափառ եկեղեցու գոյությանը, չէ որ Վրաստանում կա Հայ Առաքելական եկեղեցու վրացական թեմ: Սակայն սա հավասարության հարց չէ՝ եթե կան եկեղեցիներ, կլինի նաեւ թեմ: Սակայն մինչ այժմ վրացական եկեղեցին չի ներկայացրել Հայաստանի տարածքում վրացական եկեղեցիների գոյության ոչ մի ապացույց»,- ընդգծել է քահանան: Դեկտեմբերի 11-ին Վրաստանի քրիստոնեա-ժողովրդավարական շարժումը ցույց էր կազմակերպել Թբիլիսիում Հայաստանի դեսպանատան մոտ: Ըստ շարժման առաջնորդ Գիորգի Անդրիաձեի` ցույցը անցկացվում էր Հայաստանում գտնվող վրացական վանք-եկեղեցիները վերադարձնելու պահանջով: «Հայաստանի հյուսիսում` պատմական Լոռի-Տաշիրի տարածքում, կան տասնյակի հասնող կարեւոր վրացական վանքեր ու եկեղեցիներ: Ցավոք, դրանք բոլորը թալանված են, ինչն էլ վկայում է, որ դրանք պատկանում են Վրաց ուղղափառ եկեղեցուն, ոչ թե հայկական: Հակառակ դեպքում դրանք պատշաճ կերպով կխնամվեին»,- հայտարարել էր նա: Ցույցին մասնակցել էր շուրջ 10 հոգի:

Няма коментари:

Публикуване на коментар