петък, 19 декември 2008 г.

«Դիմանկարներ» ժամանակակից Հայաստանից



Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում երեկ տեղի ունեցավ գրականագետ Ֆելիքս Բախչինյանի գրքերի շնորհանդեսը։ Դրանք վերջին երկու տարվա ընթացքում «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի հրատարակած 12 անուն գրքերն են, որոնց մեծամասնությունը հայ ներկա պատմության մեջ հայտնի քաղաքական, հասարակական, մշակութային, հոգեւոր գործիչների յուրօրինակ դիմանկարներն են։Գրքերը վաճառքի ենթակա չեն, դրանք բաժանվելու են դպրոցներին, գրադարաններին։ Դիմանկարների շարքը շարունակելի է. «Ես պատվերով չեմ գրում, այլ սրտի կանչով։ Եթե մարդն ինձ հարազատ է, եւ կարծում եմ, որ նա բարի գործ է անում»։ Ընթերցողի սեղանին են մաեստրո Հովհաննես Չեքիջյանի, գրող Վարդգես Պետրոսյանի, «ՎիվաՍել ՄՏՍ»—ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանի, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ մայոր Ալիկ Սարգսյանի, ՀՀ ոստիկանության գեներալ լեյտենանտ Հովհաննես Հունանյանի, 1930—ականներին Հայաստանի փոխվարչապետ Արամայիս Երզնկյանի եւ այլոց դիմանկարները։ Գրքերից առաջինը մենագրություն է նվիրված՝ հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենին։Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը գրական գործունեության ընդարձակում մաղթեց գրականագետին։ Հայաստան—Լիտվա, Հայաստան—Վրաստան, Հայաստան–Ռուսաստան գրական կամուրջներն ամրապնդելու գործում գրականագետի դերը բացառիկ է գնահատում ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը՝ նշելով, որ այդ աշխատանքի շնորհիվ կյանքի կոչված գրքերը մոտ 60—ն են։Գրականագետ Աելիտա Դոլուխանյանն ասում է. «Նանսենը ունի մի հետաքրքիր գիրք, կոչվում է Հայաստանը եւ Մերձավոր Արեւելքը։ Դիմելով բոլոր պետություններին, որպեսզի ողբերգությունից հետո օգնեն հայերին, նա վերջում հայերին է դիմում եւ ասում, որ հայերը հույսը իրենց վրա դնեն։ Ֆելիքս Բախչինյանի այս գրքերն ուզում են ասել, որ մենք ունենք գործիչներ, ունենք արվեստագետներ, որոնք մտածում են մեր ազգի մասին։ Այս կերպ նա ուզում է իրականացնել Նանսենի պատգամը»։Ֆելիքս Բախչինյանը ներկայացրեց նաեւ «Սե լա վի» («Այսպիսին է կյանքը») պատմվածքների առաջին ժողովածուն։

Կ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
18-12-2008

Няма коментари:

Публикуване на коментар