събота, 20 декември 2008 г.

Քրիստոսին առաջինը հավատացած մեր թագավորի՝ սբ Աբգար նախավկայի հիշատակության օր

Սուրբ Աբգար թագավորը

Ըստ ավանդության՝ Ա դարի քրիստոնյա անդրանիկ թագավորն է, պարթև Արշակունի Արշամի որդին: Նրան անվանել են «ավագ այր», որովհետև բոլորից իմաստուն և հանճարեղ էր: Այս թագավորի մասին են գրել Պատմահայր Մովսես Խորենացին, ասորի պատմիչ Լաբուբնա Եդեսացին, Պրոկոպիոս և Եվսեբիոս հույն պատմիչները: Նա կառուցել է նաև Եդեսիա քաղաքը: Քաղաքը կառուցվեց այնտեղ, որտեղ հայոց զորքը պահպանում էր Եփրատի անցուղին հռոմեացի Կասիոս զորավարի բանակից: Թագավորը հետագայում Մծբինից այնտեղ է տեղափոխում արքունիքը, բոլոր կուռքերը և այլն:
Այս թագավորի օրոք է ծնվում աշխարհի Փրկիչ Հիսուս Քրիստոսը: Եվ Աբգարը, լսելով Հիսուսի հրաշքների և սքանչելագործությունների մասին, հավատում է Նրան և իր պատգամավորների միջոցով նամակ-խնդրագիր ուղարկում Երուսաղեմ՝ Փրկչին, որպեսզի Նա գա և բժշկի իրեն: Այդ ժամանակ Աբգար թագավորը տառապում էր չարաչար ցավերով: Պատասխան թղթում ասվում է, որ Քրիստոս դեռ գործեր ունի Երուսաղեմում կատարելու, բայց անպայման իր աշակերտներից մեկին կուղարկի, ով կժշկի արքային: Փրկչի համբարձումից հետո Ս. Թադեոս առաքյալը գալիս է Եդեսիա, բժշկում Աբգարին, քարոզում Ավետարանը և քաղաքում իրեն հաջորդ կարգում Ադդե մետաքսագործին: Հիսուս Աբգարին էր ուղարկել նաև իր դաստառակը՝ անձեռագործ պատկերը: Այս դաստառակը երկար ժամանակ պահվել է Եդեսիայում, ապա նաև տարբեր վայրերի եկեղեցիներում:
Այս ամենից հետո Աբգար թագավորը նամակներ է գրում Տիբերիոս կայսրին, Ասորեստանի Ներսեհ թագավորին՝ հորդորելով նրանց ևս ընդունել Հիսուս Քրիստոսին՝ որպես Աստվածորդու և Փրկչի:
Աբգարը մահացել է հավանաբար Ա դարի առաջին կեսին:
Հայ Առաքելական Եկեղեցին Քրիստոսին առաջինը հավատացած սուրբ Աբգար նախավկա թագավորի հիշատակը տոնում է հիսնակաց պահքի Դ կիրակիին հաջորդող շաբաթ օրը:

Няма коментари:

Публикуване на коментар