събота, 20 декември 2008 г.

ԱՅՍՕՐ ԱԲԳԱՐՆԵՐԻ ՏՈՆՆ Է






Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ս. Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող Անդրանիկ թագավորի հիշատակության օրը: Այս մասին Panorama.am-ին ասաց Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու քահանա Տեր Շմավոն Ղևոնդյանը: Նրա խոսքով, այս առիթով եկեղեցիներում ժամերգության ընթացքում հատուկ շարականներ են ընթերցվելու: «Տոնի խորհուրդը ժամերգությունների կամ պատարագի միջոցով բոլոր սրբերին հիշելն է»,-ասաց Տեր Շմավոնը:





Ավանդույթի համաձայն, Աբգար թագավորի օրոք ծնվել է աշխարհի Փրկիչ Հիսուս Քրիստոսը: Եվ Աբգարը, լսելով Հիսուսի հրաշքների և սքանչելագործությունների մասին, հավատացել է Հիսուսին և պատգամավորների միջոցով նամակ-խնդրագիր ուղարկել Երուսաղեմ` Փրկչին, որպեսզի Նա գա և բժշկի իրեն: Այդ ժամանակ Աբգար թագավորը տառապել է «չարաչար ցավերով»:





Պատասխան թղթում ասվել է, որ Քրիստոս դեռ գործեր ունի Երուսաղեմում կատարելու, բայց նրան բժշկելու համար անպայման կուղարկի աշակերտներից մեկին: Փրկչի համբարձումից հետո Ս. Թադեոս առաքյալը եկել է Եդեսիա, բժշկել Աբգարին, քաղաքի բոլոր հիվանդներին և ախտավորներին, քարոզել Ավետարանը և իրեն հաջորդ կարգել Ադդե մետաքսագործին:





Ինչպես նշվում է, Հիսուսն Աբգարին է ուղարկել նաև իր դաստառակը` անձեռագործ պատկերը: Այս դաստառակը երկար ժամանակ պահվել է Եդեսիայում, ապա նաև տարբեր վայրերի եկեղեցիներում: Այս ամենից հետո Աբգար թագավորը նամակներ է գրել Տիբերիոս կայսրին, Ասորեստանի Ներսեհ թագավորին` հորդորելով նրանց ևս ընդունել Հիսուս Քրիստոսին` որպես Աստվածորդու և Փրկչի: Աբգարը մահացել է Ա դարի առաջին կեսին:

Няма коментари:

Публикуване на коментар