събота, 13 декември 2008 г.

Լույս ընծայվեց եզակի Պատարագամատույց


Այս տարի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ վերատպագրվեց Հայաստանում եզակի Հայ Եկեղեցու Պատարագամատույց: Բացառիկ այս գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ օրերս Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում, ուր ներկա էին ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը, որպես Պատարագամատույցի ակտիվ օգտագործող, հոգևորականներ, ծխական համայնքների ներկայացուցիչներ: Շնորհանդեսին ելույթ ունեցավ թեմի <<Ծաղկազարդ>> երգի համույթը: <<Ս. Պատարագը Հարության հույսի կենարար փրկության բաժակից ճաշակելու վեհագույն պահ է և հարկ է, որ յուրաքանչյուր հավատացյալ կարողանա լիովին ընկալել այդ խորհուրդը: Այս հրատարակությունը նպատակ ունի օգնելու հավատացյալներին, որպեսզի նրանք գիտակցելով մասնակից դառնան այս հրաշալի խորհրդին: Այս գիրքը մեր բարեպաշտ հայորդիների համար մշտական ուղեկիցը կլինի, որը նրանց հասու կդարձնի քրիստոնեական ճշմարտություններին և նորացված ոգով կզինվորագրի Հայ Եկեղեցուն>>,- նշեց Նավասարդ սրբազանն իր խոսքում:Հայ Եկեղեցու Պատարագամատույցն առաջին անգամ տպագրվել է 2002թ. Նյու Յորքում` ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի տնօրինությամբ: Նրա սիրահոժար համաձայնությամբ Պատարագամատույցը վերահրատարակվեց նաև Հայաստանում: Բացառիկ այս հրատարակության բարերարն է ազնվաշուք տիկին Մարիամ Վահանյանը: <<Ես երախտապարտ եմ Նավասարդ Սրբազանին, որ այս բացառիկ Պատարագամատույցը հրատարակելու պատիվն ինձ շնորհեց: Որքա~ն կարևոր է յուրաքանչյուր հայ քրիստոնյայի համար հասկանալ և գիտակցաբար մասնակցել Ս. Պատարագի արարողությանը: Քանի որ այս գիրքը միակն է Հայաստանում, ուր ամփոփված է Ս. Պատարագն ամբողջությամբ բոլոր բացատրություններով, նոտաներով, նկարներով և անգամ սլաքներով, որոնք բացատրում են, թե Ս. Պատարագի որ հատվածում պետք է ոտքի կանգնել, երբ կարելի է նստել և երբ հարկ է ծունկի գալ>>, -ասաց բարերար տիկին Մարիամը: Բացառիկ այս Պատարագամատույցը հնարավորություն է տալիս անգամ Ս. Պատարագի մասին չտեղեկացված յուրաքանչյուր մարդու հետևել սրբազան արարողության ընթացքին և հասկանալ այն ամբողջությամբ: Գիրքը պարունակում է Ս. Պատարագի գրաբար ամբողջական բնագիրը` արևելահայերեն թարգմանությամբ և բացատրություններով: Պատարագամատույցում կան նաև պատկերներ, որոնք բացատրում են պատարագիչ քահանայի կողմից կատարվող գործողությունները, նաև դպրաց դասի նոտաներ, որոնց օգնությամբ Ս. Պատարագին ներկա մարդիկ կարող են երգել Ս. Պատարագի այն հատվածները, որոնց երգեցողությունը նախատեսված է հավատացյալների համար: Շնորհանդեսին ներկա ՀՀ վարչապետը, ով հանդիսանում է նաև Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետ, չափազանց կարևորեց Պատարագամատույցի տպագրությունը: <<Գաղտնիք չէ, որ շատ հաճախ եկեղեցու հետևորդները մեզ դիմում էին այս խնդրանքով: Ընդհանրապես Ս. Պատարագի արարողությունը շատ հաճախ տարակուսանքի տեղիք էր տալիս մեր հանրությանը, երբ նորանկախ պետության ժամանակ արդեն մենք ամբողոջթյամբ կարողանում էինք նվիրվել մեր եկեղեցուն, մեր հավատքին, և սահմանափակող գործոններ չկային, իսկ կարոևորագույն այդ ծիսակատարությունն անհասկանալի էր մնում շատերի համար: Մենք հասկացանք, որ անհրաժեշտություն կա կրթելու մեր հասարակությանը, բացատրելու արաողության խորհուրդը, մասնակցության կարգը: Կարող եմ ասել, որ այս գրքի լույսընշայումը դեռ մի բան էլ ուշացել է>>: Հայ Եկեղեցու Պատարագամատույցը տպագրվել է 5000 տպաքանակով, հայերեն լեզվով, և ևս 500 օրինակ` անգլերեն լեզվով:

Няма коментари:

Публикуване на коментар