неделя, 14 декември 2008 г.

Սբ Իգնատիոս և Ադդե հայրապետների ու Մարութա եպիսկոպոսի հիշատակության օր

Սուրբ Իգնատիոս Անտիոքացի

Ս. Իգնատիոս Անտիոքացին կոչվել է նաև «Աստվածազգյաց», քանզի, ըստ ավանդության, նա այն երջանիկ մանուկն էր, որին Հիսուս Քրիստոս գրկեց և իր առաքյալներին պատգամեց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք այս մանուկների նման, երկնքի արքայություն չեք մտնի» (Մատթ. ԺԸ 3): Եղել է Պետրոս և Հովհաննես առաքյալների աշակերտը, ինչպես նաև Անտիոքի երկրորդ եպիսկոպոսը և մեծ հեղինակություն վայելել Արևելքում: Տրայանոս կայսեր հրահրած քրիստոնեական հալածանքների ժամանակ ձերբակալվել է և հռոմեական զինվորների ուղեկցությամբ տարվել Հռոմ, ուր և նահատակվել է 113/117թթ.՝ ինքնակամ նետվելով առյուծների առաջ: Գրել է բազմաթիվ նամակներ՝ ուղղած քրիստոնեական տարբեր համայնքների, որոնցից պահպանվել են 7-ը: Հայ Առաքելական Եկեղեցին ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդեի և Մարութա եպիսկոպոսի հիշատակը տոնում է Հիսնակաց պահքի Դ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը:


Սուրբ Ադդե հայրապետ

Ս. Ադդե հայրապետը (Ա դ.) եղել է Եդեսիայի եպիսկոպոսը՝ իր ձեռնադրությունն ստանալով Թադեոս առաքյալից: Նահատակվել է հեթանոս թագավորի հրամանով Ա դարի երկրորդ քառորդում: Հայ Առաքելական Եկեղեցին ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդեի և Մարութա եպիսկոպոսի հիշատակը տոնում է Հիսնակաց պահքի Դ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը:


Սուրբ Մարութա եպիսկոպոսը

Ս. Մարութան եղել է Չորրորդ Հայքի Նփրկերտ քաղաքի եպիսկոպոսը: Նրա հայրն ասորի էր, իսկ մայրը՝ հայ: Մեծ հեղինակություն է վայելել Պարսկաստանում և Բյուզանդիայում: Մասնակցել է 381 թ. Կ. Պոլսի Տիեզերական ժողովին: Երկու անգամ, իբրև Թեոդոս կայսեր բանագնաց, գնացել է պարսից Հազկերտ արքայի մոտ բանակցելու՝ քրիստոնյաների դեմ հալածանքները դադարացնելու համար: Վախճանվել է 422 թ.: Հայ Առաքելական Եկեղեցին ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդեի և Մարութա եպիսկոպոսի հիշատակը տոնում է Հիսնակաց պահքի Դ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը:

Няма коментари:

Публикуване на коментар