понеделник, 15 декември 2008 г.

«Թող մեր ձեռաց գործերը ըլլան ուղիղ, որպեսզի Տերը հաջողությամբ պսակե զանոնք»


Կյանքը. հայրենիք եւ սեր
Մարդու հայրենիքը Երկիր մոլորակն է, որ սկիզբ է առնում աշխարհի այն անկյունից, ուր քո հայրենիքն է։ Մարդու ժողովուրդը համայն մարդկությունն է, որ սկիզբ է առնում այն ժողովրդից, որին պատկանում ես դու։ Որքան մեծ է մարդկային հոգին, եւ որքան մեծ է սերն առ մարդկություն, նույնքան մեծ է սերն իր ժողովրդի ու հայրենիքի նկատմամբ։Վազգեն կաթողիկոսի անձը շաղախված էր քրիստոնեական սիրո բաղադրատոմսով, եւ կյանքը գործուն սեր էր մարդու, մարդկության ու իր ժողովրդի հանդեպ, ըստ էության՝ աստվածային սեր ե՛ւ Աստծու սեր, հովվապետի սեր ե՛ւ մոլորյալ ոչխարի, ե՛ւ անմեղ գառան նկատմամբ։Այն ուներ եւս մեկ ապշեցուցիչ հատկություն. կենարար էր եւ վարակիչ։ Ընտրյալներ կան, ում վերուստ տրված սիրո պաշարը հորդում է անսպառ աղբյուրի նման, ճաճանչվում լույսի նման, տարածվում, ոռոգում, ողողում միտք ու հոգի։Եվ քանի որ դա գործուն սեր էր, վերածվում էր գործի, մարմնավորվում որպես հայրենասիրություն։ Հայրենասիրությունը ծառայություն է հայրենիքին ու ժողովրդին։ Եվ այդ ծառայության դիսեւորումներից մեկը ազգապահպան լիցքն էր, որ Վեհափառի հոգուց բխելով՝ տարածվում էր ի Հայաստանս եւ ի սփյուռս։ Վազգեն կաթողիկոսն իր գահակալության տարիներին կատարել է բազում հովվապետական այցեր, որոնք, այլեւայլ արդյունքից զատ, մեծապես նպաստել են նաեւ սփյուռքահայության պահպանմանը եւ առաջ բերել յուրահատուկ արձագանք՝ ուխտագնացություն դեպի Հայաստան, դեպի Էջմիածին։Անհնար է պատկերացնել, թե այն ժամանակներում սփյուռքահայի համար ինչ էր Հայաստանն ու Էջմիածինը։ Իր գահակալության առաջին իսկ օրից Վազգեն Առաջինը երազանք է ունեցել. «Մայր Աթոռը դարձնել անխորտակելի կամուրջ, որ միացնե մեր սփյուռքը հայրենի հողին»։ Վազգեն կաթողիկոսը երջանիկ մարդ էր. նրան բախտ էր վիճակված կյանքի կոչել բազում երազանքներ, մեծապատիվ մտահղացումներ. այս մեկը՝ նույնպես։Բայց ինչու՞ սոսկ այս մեկը։ Երբ մարդ գործում է սիրո եւ ծառայության մղումով՝ հայրենասիրության է վերածվում նրա ողջ կյանքը, ողջ գործունեությունը։ Այդպես հայրենասիրություն էր եկեղեցաշինությունը, մշակութային գործունեությունը, կաթողիկոսական ծիսակեցությունից մինչեւ առօրյա պարզ կյանքը, լուսաբացի հրճվանքն ու քարոզը պատարագի ժամանակ։ Ու թերեւս ամենամեծ գործը, որ արել է Վազգեն կաթողիկոսն այս աշխարհում, սիրո այն համընդհանուր շունչն էր, որ տարածում էր նա իր շուրջ, եւ այդ մթնոլորտում ճաճանչվող ուրույն նրբերանգ՝ սեր առ հայրենիք։
Խոսքը
Սերը երբեք չի կորչում«Սիրեցեք զմիմեանս», սիրեցեք մեկդ մյուսին։«Սիրեսցե զընկեր քո, իբրեւ զանձն քո», սիրիր քո ընկերոջը, ինչպես քո անձը։«Սէր երբեք ոչ անկանի», սերը երբեք չի կորչում։Սիրելի հավատացյալներ, ահա երեք պատգամներ, որ արտասանած է երկու հազար տարիներ առաջ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոս։ Հիսուսի Ավետարանը տակավին բազմաթիվ նման արտահայտություններ ունի սիրո մասին, մարդասիրության մասին։ Դրա համար էլ Հիսուսի Ավետարանը կոչվում է նաեւ սիրո Ավետարան, իսկ քրիստոնեական ուսմունքը՝ սիրո վարդապետություն։Իրոք, մարդկային կյանքում, ե՛ւ ընտանեկան կյանքում, ե՛ւ հասարակական կյանքում, ե՛ւ աշխատանքի վայրում, ի՞նչ կա ավելի կարեւոր ու անհրաժեշտ, քան մարդկանց փոխադարձ սերը մեկը մյուսի նկատմամբ։ Մարդկային, ընտանեկան եւ հավաքական կյանքի հիմքերը ամրացված են մարդկանց փոխադարձ սիրո հարաբերությունների վրա։ Առանց անխառն սիրո վատառողջ վիճակ կստեղծվի թե՛ ընտանիքում, թե՛ աշխատանքի վայրում, թե՛ հասարակական կյանքում եւ թե քաղաքացիական կյանքում։Այս ճշմարտությունը Հիսուս հստակորեն հաստատել եւ մեզ է պատգամել, որ մարդկային բնականոն կյանքի, առողջ կյանքի, շինարար կյանքի, իմաստավորված կյանքի կառույցը հիմնված է մարդկանց միջեւ փոխադարձ սիրո վրա։ Ուրեմն, քանի որ այդպես է, հարց տանք, թե ի՞նչ պետք է հասականալ սեր ասելով, մարդասիրություն ասելով։Հավաքական կյանքում սեր ասելով պետք է հասկանալ առաջին հերթին՝ գութ եւ կարեկցություն մեր նմանների նկատմամբ։ Երբ մեկը հիվանդ է, երբ մեկը չքավոր է կամ զրկանքների մեջ կամ անիրավված, ահա այդպիսիների նկատմամբ մենք քրիստոնեաբար զգում ենք կարեկցություն, գութ։ Մարդկային ամենաազնիվ զգացմունքներից մեկն է գութը եւ գերազանցապես քրիստոնեական։Երկրորդ՝ սեր, մարդասիրություն ասելով պետք է հասկանանք մեր նմաններին օգնելու մեր մղումը։ Բոլոր ազնիվ մարդիկ, որ կարեկցում են իրենց նմաններին, նաեւ նրանց օգնելու մասին են մտածում։ Բավական չէ միայն կարեկցել հիվանդին, աղքատին, տկարին, զրկյալին, սգավորին կամ անարդարվածին, այլ պետք է նաեւ նրան օգնության ձեռք երկարել։ Դա իրավ սիրո արտահայտություն է։ Եվ օգնելու տարբեր ձեւեր կան։ Կարելի է նյութապես օգնել, կարելի է եւ բարոյապես օգնել, կարելի է մեկին հոգեպես մխիթարել, կարելի է բարի խորհուրդներով օգտակար լինել, կարելի է քաջալերել, հույս ներշնչել։ Մարդասիրություն ասելով պետք է հասկանանք նաեւ մեկս մյուսի նկատմամբ գնահատանքի վերաբերմունք ունենալը։ Ամեն մարդ ծնված է որոշ ընդունակություններով, որոշ շնորհներով, առավել կամ նվազ չափով, եւ մեզանից ամեն մեկը իր նմանի մեջ պետք է տեսնի եւ գնահատի այդ շնորհը, այդ ընդունակությունը։ Պետք է գնահատենք նրանց բարի գործերը, նրանց շինարար աշխատանքը, նրանց ազնիվ ձգտումները։Եվ, վերջապես, սեր ասելով պիտի հասկանանք նաեւ ներողամտություն։ Եթե իսկապես մեկը մյուսին սիրում է, նրա հանդեպ լինում է նաեւ ներողամիտ, որովհետեւ ամեն մարդ ենթակա է սխալվելու։ Ավետարանն ասում է. «Ո՞վ է այն մարդը, որ ապրում է եւ մեղք չի գործում»։ Բոլոր մարդիկ հավասարապես, կարող եմ ասել, ենթակա են սխալմունքների եւ տկարությունների։ Իսկապես սեր ունեցողը դեպի իր ընկերը ներողամիտ կլինի, խստասիրտ չի լինի եւ բազում անգամներ բարի խոսքով կփորձի նրան ցույց տալ ուղիղ ճանապարհը։ Ուրեմն, ներողամտության ոգին էլ կարեւոր արտահայտություններից մեկն է մարդասիրության, ընկերասիրության։Այսպիսով, գութ եւ կարեկցանք, ընկերոջը օգնելու ձգտում, գնահատանքի վերաբերմունք դեպի մեր նմանները եւ նաեւ ներողամտության ոգի,— ահա այս բոլորով արտահայտվում է ճշմարիտ մարդասիրությունը, ճշմարիտ ընկերասիրությունը հասարակական կյանքում։ Հայ սփյուռքը՝ մնայուն իրողություն …Մեր ուշադրությունը այս պահին կուզենք ուղղել դեպի սփյուռքի մեր եկեղեցիները, սփյուռքի հայկական կյանքը։ Տարակույս չկա, որ լավ է, որ սփյուռք չունենայինք, եւ ամբողջ հայությունը, վեց—յոթը միլիոն, իր մայր հայրենիքին մեջ ապրեր։ Սակայն քանի որ մեր անցած դժբախտ պատմությունը այսպես է տնօրինած, եւ այս է մեր ճակատագիրը, պետք է մենք քաջությամբ ընդունինք այն եւ ոչ միայն աշխատինք պահպանել սփյուռքը, այլեւ այդ սփյուռքեն օգուտ ալ քաղենք մեր ժողովրդի ապագայի համար։ Հետեւաբար մեր գիտակցության առջեւ սփյուռքահայ կյանքն ալ պիտի նկատվի հայ ժողովուրդի վերածնունդի եւ վերազարթոնքի ճանապարհին վրա զարգացող նոր իրականություն, նոր եկեղեցական ազգային ուժ։ Սփյուռքը պետք է ընդունինք իբրեւ կայուն իրականություն, մնայուն իրականություն եւ այդպես կազմակերպենք մեր կյանքը։ Կխոհրինք, թե արդեն ժամանակն է, որ հայությունը ավելի կազմակերպված ձեւով, նպատակասլաց կերպով նայի իր կյանքին, իր ներկային եւ ապագային։Սփյուռքահայ կյանքի տարածքի վրա բազում սքանչելի ձեռնարկներ կան, բազմաթիվ միություններ, կազմակերպություններ, որոնցմե ամեն մեկը իր տեղը ունի, իր իմաստը, իր անհրաժեշտությունը։ Սակայն համայն հայությունը ի մի հավաքող, մեկ կամարի տակ համախմբող կազմակերպությունը մեր սուրբ Եկեղեցին է՝ Աստուծո մեծագույն պարգեւը հայ ժողովրդին ոչ միայն հոգեւոր, այլ նաեւ ազգային տեսակետով։ Գուցե երբեմն մենք կանգիտանանք կամ հարկ եղած կարեւորությամբ չենք գնահատեր մեր Եկեղեցվո այս գերագույն դերը, գոյության իմաստը, բայց մեր ամբողջ պատմությունը կվկայե այդ մասին։ Մանավանդ օսմանյան կայսրության շրջանին, ամբողջ հինգ հարյուր եւ ավելի տարիներ շարունակ հայ ժողովուրդը կարողացած է ինքզինքը ամուր պահպանել շնորհիվ միայն հայ Եկեղեցիին։ Եվ միայն 1915—ի ահավոր հարվածն էր, որ սասանեց այն։ Հետեւաբար, ուղիղ գնահատելով մեր Եկեղեցվո դերը եւ կոչումը՝ քրիստոնեական, բարոյական, մշակութային եւ ազգային տեսակետով, կխորհինք, թե գոյություն ունեցող բոլոր կազմակերպությունները, պահելով հանդերձ իրենց ծրագիրները իրենց գործունեության սահմանին մեջ, պետք է նեցուկ հանդիսանան, օգնեն, որպեսզի այս համահայկական սուրբ հաստատությունը հետզհետե ամրանա, հետզհետե իր սուրբ առաքելությունը կարողանա իրագործել առավելագույն արդյունքով։
Ազատություն եւ փառք
Քանի մը օրեր առաջ, երբ Ժնեւ կգտնվեինք, առավոտ մը, երբ Լեմանի ափին կքալեինք, շենքի մը պարսպին զետեղված մարմարե մեծ տախտակի վրա կարդացինք հետեւյալ քանդակված խոսքերը.«La liberte des plus faibles est la gloire des plus forts» (Lamartine)։(«Տկարների ազատությունը ուժեղների փառքն է»)։Հուզումի ուժգին ցնցում մը ապրեցանք, ըմբոշնելով պահ մը վեհությունը, գաղափարական գեղեցկությունը այս մտածումին։ Ինչքան այժմեական է այսօր ալ Լամարտինի այդ խոսքը։ Բայց եւ տխրությամբ պետք է ավելացնենք, թե մեր օրերու մարդկությունը ինչքան հեռու է այդ մեծ գաղափարի կենսագործումեն։ Մանավանդ մենք, իբրեւ փոքր ժողովուրդ, տակավին ինչքան ծարավի ենք արդարության։ Այնուամենայնիվ, հավատքով զորացած ու միշտ ապագայի հույսերով լուսավորված, լավատես հոգիով մենք պետք է դեպի հառաջ ընթանանք, մեր բոլոր ուժերը լարած, մեր պարտքը կատարելով մեր Եկեղեցվո եւ մեր ժողովրդի հանդեպ, այն հաստատ համոզումով, որ ի վերջո համայն մարդկությունը պիտի հասնի իսկական խաղաղության, արդարության եւ ազատության նավահանգիստը, հերջանկություն բոլոր ազգերու եւ մանավանդ հերջանկություն եւ ի մխիթարություն անցյալի մեջ տանջված եւ այժմ վերածնված մեր ժողովուրդին։


Հակոբ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»

Няма коментари:

Публикуване на коментар