понеделник, 15 декември 2008 г.

Սբ Թեոպոմպոս եպիսկոպոսի, Թեովնաս վկայի և չորս զինվորների՝ Բասոսի, Եվսեբիոսի, Եվտիքեսի և Բասիլիդեսի հիշատակության օր

Սուրբ Թեոպոմպոս եպիսկոպոսը և Թեովնաս վկան

Ս. Թեոպոմպոս եպիսկոպոսը և Թեովնաս վկան նահատակվել են 303 թ. Նիկոմիդիայում Դիոկղետիանոսի հալածանքների ժամանակ: Լինելով քրիստոնյա՝ նա ընդդիմանում է թագավորին՝ չերկրպագելով կուռքերին, որի համար վառված հնոցի մեջ է նետվում: Սակայն սուրբը հրաշքով փրկվում է, և թագավորն ավելի է զայրանում և նրան բանտ են նետում: Այդ ժամանակ թագավորը կանչում է Թեովնաս մոգին և խնդրում, որ իր կախարդություններով հաղթի Թեոպոմպոսին: Սակայն Թեովնասը, պարտվելով վերջինից, հավատում է Հիսուս Քրիստոսին, որի պատճառով էլ կենդանի թաղվում է խորը փոսում, իսկ Թեոպոմպոսը՝ գլխատվում: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Թեոպոմպոս եպիսկոպոսի, Թեովնաս վկայի և չորս զինվորների՝ Բասոսի, Եվսեբիոսի, Եվտիքեսի և Բասիլիդեսի հիշատակը տոնում է Հիսնակաց պահքի Դ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը:

Սուրբ Բասոսը, Եվսեբիոսը, Եվտիքեսը և Բասիլիդեսը
Ս. Բասոսը, Եվսեբիոսը, Եվտիքեսը և Բասիլիդեսը նահատակվել են Նիկոմիդիայում Դիոկղետիանոսի հալածանքների ժամանակ: Սրանք այն չորս զինվորներն էին, ովքեր պահպանում էին Թեոպոմպոս եպիսկոպոսին: Բայց տեսնելով նրա համբերությունն ու անկոտրում հավատքը՝ դարձի են գալիս և քրիստոնյա դառնում: Դիոկղետիանոս կայսրը, իմանալով այս մասին, կանչում է նրանց, պատիվներից, հարստություններից զրկում և բանտարկում: Անասելի տանջանքներ կրելուց հետո Քրիստոսի երանելի վկաներն ընդունում են նահատակության անթառամ պսակը: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Թեոպոմպոս եպիսկոպոսի, Թեովնաս վկայի և չորս զինվորների՝ Բասոսի, Եվսեբիոսի, Եվտիքեսի և Բասիլիդեսի հիշատակը տոնում է Հիսնակաց պահքի Դ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը:

Няма коментари:

Публикуване на коментар