четвъртък, 18 декември 2008 г.

Օսման Քյոքերը Գուգարաց թեմում

Դեկտեմբերի 13-ին Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի հրավերով Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ պոլսահայ «Սայաթ-Նովա» երգչախմբի, «Քարդեշ Թուրքուլեր» համույթի և ՊԿՍԹ պարախմբի համատեղ համերգը: Համերգը կազմակերպվել էր Հայաստան-Թուքիա «Երաժշտական կամուրջ» նախագծի շրջանակներում և վերնագրված էր «Դռները բացե՛ք գարուն է գալիս»: Միջոցառմանը հյուրերին ողջունեց Սրբազան Հայրը և նշեց, որ այս համերգը տեղի չէր ունենա, եթե չլիներ Հրանտ Դինքը, ում երազանքն է եղել Հայաստանում նման միջոցառում կազմակերպելը: Սրբազան Հոր ելույթից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հրանտ Դինքի հիշատակը:

Համերգին հնչեցին հայկական, թուրքական, քրդական, ասորական, վրացական ժողովրդական երգեր:

Դեկտեմբերի 14-ին կրկին Գուգարաց թեմի առաջնորդի հրավերով Վանաձորում էր թուրք պատմաբան Օսման Քյոքերը: Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճում տեղի ունեցավ պարոն Քյոքերի և Վանաձորի մտավորականների հանդիպումը, որի ժամանակ ողջույնի խոսքով ելույթ ունեցավ Սրբազան Հայրը: Հանդիպմանը ներկա էին քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսուցիչներ:

Թուրք պատմաբանն ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց իր «Հայերը Թուրքիայում 100 տարի առաջ» գիրքը: Այս գիրքը լույս է տեսել 2005թ. Թուրքիայում և պարունակում է բացիկներ Օրլանդո Կալումենոյի հավաքածուից: Գրքի մեջ հավաքված են հարյուր տարվա պատմություն ունեցող օսմանյան ժամանակաշրջանի բացիկներ, որոնք արտացոլում են հայկական համայնքի խաղաղ, և շատ դեպքերում բարգավաճ կյանքը Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում:

Լրագրողի պատմելու ընթացքում մեծ էկրանի վրա ցուցադրվեցին գրքում զետեղված 700 բացիկներից: Այս բացիկների միջոցով ներկայացվում են Օսմանյան Թուրքիայի տարածքում գտնվող հայկական մարզերն ու քաղաքները` համապատասխան բնակչության թվերով, դպրոցներով, եկեղեցիներ-վանքերով, կրթամշակութային կենտրոններով և արհեստագործական ու արդյունաբերական հիմնարկներով:

«Թուրքիայում միայն թուրք ազգի պատմությունն է ուսուցանվում: Երկրում բնակվող այլ ազգերը դիտվել են որպես մեծ ու փոքր խնդիրների աղբյուր: Իմ նպատակն է այսօրվա թուրք երիտասարդին ծանոթացնել հատկապես հայ ազգի անցյալի հետ, որն իր ստեղծագործ ու խաղաղասեր էությամբ միայն նպաստել է Օսմանյան Թուրքիայի զարգացմանը»,-ասաց Օսման Քյոքերը և խոստովանեց, որ այստեղ գալով` մի տեսակ անհանգստություն է ունեցել, որովհետև առաջին անգամ պիտի հանդես գար մի լսարանի առջև, որտեղ բոլոր ունկնդիրները հայեր են:

Թուրքիայում նա 7 անգամ կազմակերպել է բացիկների ցուցահանդես, որը վերնագրել է «Սիրելի եղբայրս», և ունեցել է 20 ասուլիս: Պարոն Քյոքերը նշեց, որ մտադիր է լույս ընծայել երկրորդ գիրքը, որի մեջ կզետեղվեն մոտ 1000 նոր բացիկներ:

Հանդիպման ավարտին եղավ հարց և պատասխան, ապա Սրբազան Հայրը բոլորի անունից շնորհակալություն հայտնեց պարոն Քյոքերին և ասաց. «Վանաձորցիների համար այս հանդիպումը բացառիկ մի առիթ է թուրք մտավորականից լսել հայերիս պատմական անցյալի մասին և հասկանալ կորստի չափն ու նորովի գնահատելու այսօրվա ձեռքբերումները: Մեր պատմաբանների համար չհետազոտված աղբյուր է այս տարբերակով անցյալի գնահատումը: Ուստի, հատկապես պատմության դասախոսների համար, խիստ անհրաժեշտ գիտելիքներ էր պարունակում սույն դասախոսությունը, այն ավելի առարկայական պատկերացում է տալիս հայության անսահման կորուստների մասին»:

Դիվան Գուգարաց թեմի

Няма коментари:

Публикуване на коментар