събота, 20 декември 2008 г.

Քրիստոսին առաջինը հավատացած մեր թագավորի՝ սբ Աբգար նախավկայի հիշատակության օր

Սուրբ Աբգար թագավորը

Ըստ ավանդության՝ Ա դարի քրիստոնյա անդրանիկ թագավորն է, պարթև Արշակունի Արշամի որդին: Նրան անվանել են «ավագ այր», որովհետև բոլորից իմաստուն և հանճարեղ էր: Այս թագավորի մասին են գրել Պատմահայր Մովսես Խորենացին, ասորի պատմիչ Լաբուբնա Եդեսացին, Պրոկոպիոս և Եվսեբիոս հույն պատմիչները: Նա կառուցել է նաև Եդեսիա քաղաքը: Քաղաքը կառուցվեց այնտեղ, որտեղ հայոց զորքը պահպանում էր Եփրատի անցուղին հռոմեացի Կասիոս զորավարի բանակից: Թագավորը հետագայում Մծբինից այնտեղ է տեղափոխում արքունիքը, բոլոր կուռքերը և այլն:
Այս թագավորի օրոք է ծնվում աշխարհի Փրկիչ Հիսուս Քրիստոսը: Եվ Աբգարը, լսելով Հիսուսի հրաշքների և սքանչելագործությունների մասին, հավատում է Նրան և իր պատգամավորների միջոցով նամակ-խնդրագիր ուղարկում Երուսաղեմ՝ Փրկչին, որպեսզի Նա գա և բժշկի իրեն: Այդ ժամանակ Աբգար թագավորը տառապում էր չարաչար ցավերով: Պատասխան թղթում ասվում է, որ Քրիստոս դեռ գործեր ունի Երուսաղեմում կատարելու, բայց անպայման իր աշակերտներից մեկին կուղարկի, ով կժշկի արքային: Փրկչի համբարձումից հետո Ս. Թադեոս առաքյալը գալիս է Եդեսիա, բժշկում Աբգարին, քարոզում Ավետարանը և քաղաքում իրեն հաջորդ կարգում Ադդե մետաքսագործին: Հիսուս Աբգարին էր ուղարկել նաև իր դաստառակը՝ անձեռագործ պատկերը: Այս դաստառակը երկար ժամանակ պահվել է Եդեսիայում, ապա նաև տարբեր վայրերի եկեղեցիներում:
Այս ամենից հետո Աբգար թագավորը նամակներ է գրում Տիբերիոս կայսրին, Ասորեստանի Ներսեհ թագավորին՝ հորդորելով նրանց ևս ընդունել Հիսուս Քրիստոսին՝ որպես Աստվածորդու և Փրկչի:
Աբգարը մահացել է հավանաբար Ա դարի առաջին կեսին:
Հայ Առաքելական Եկեղեցին Քրիստոսին առաջինը հավատացած սուրբ Աբգար նախավկա թագավորի հիշատակը տոնում է հիսնակաց պահքի Դ կիրակիին հաջորդող շաբաթ օրը:

ԱՅՍՕՐ ԱԲԳԱՐՆԵՐԻ ՏՈՆՆ Է






Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ս. Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող Անդրանիկ թագավորի հիշատակության օրը: Այս մասին Panorama.am-ին ասաց Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու քահանա Տեր Շմավոն Ղևոնդյանը: Նրա խոսքով, այս առիթով եկեղեցիներում ժամերգության ընթացքում հատուկ շարականներ են ընթերցվելու: «Տոնի խորհուրդը ժամերգությունների կամ պատարագի միջոցով բոլոր սրբերին հիշելն է»,-ասաց Տեր Շմավոնը:





Ավանդույթի համաձայն, Աբգար թագավորի օրոք ծնվել է աշխարհի Փրկիչ Հիսուս Քրիստոսը: Եվ Աբգարը, լսելով Հիսուսի հրաշքների և սքանչելագործությունների մասին, հավատացել է Հիսուսին և պատգամավորների միջոցով նամակ-խնդրագիր ուղարկել Երուսաղեմ` Փրկչին, որպեսզի Նա գա և բժշկի իրեն: Այդ ժամանակ Աբգար թագավորը տառապել է «չարաչար ցավերով»:





Պատասխան թղթում ասվել է, որ Քրիստոս դեռ գործեր ունի Երուսաղեմում կատարելու, բայց նրան բժշկելու համար անպայման կուղարկի աշակերտներից մեկին: Փրկչի համբարձումից հետո Ս. Թադեոս առաքյալը եկել է Եդեսիա, բժշկել Աբգարին, քաղաքի բոլոր հիվանդներին և ախտավորներին, քարոզել Ավետարանը և իրեն հաջորդ կարգել Ադդե մետաքսագործին:





Ինչպես նշվում է, Հիսուսն Աբգարին է ուղարկել նաև իր դաստառակը` անձեռագործ պատկերը: Այս դաստառակը երկար ժամանակ պահվել է Եդեսիայում, ապա նաև տարբեր վայրերի եկեղեցիներում: Այս ամենից հետո Աբգար թագավորը նամակներ է գրել Տիբերիոս կայսրին, Ասորեստանի Ներսեհ թագավորին` հորդորելով նրանց ևս ընդունել Հիսուս Քրիստոսին` որպես Աստվածորդու և Փրկչի: Աբգարը մահացել է Ա դարի առաջին կեսին:

петък, 19 декември 2008 г.

Ծննդեան Տօնին Ծիսակատարութիւն

Ամենապատիւ եւ Գերերջանիկ Տէր Ներսէս Պետրոս ԺԹ. Կաթողիկոս Պատրիարք Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց սուրբ Ծննդեան առիթով Հայրապետական Սուրբ Պատարագը պիտի մատուցանէ եւ օրուան պատգամը պիտի տայ սուրբ Գրիգոր Լուսաւորիչ սուրբ Եղիա Աթոռանիստ եկեղեցի, Տեպպաս հրապարակ, Հինգշաբթի 25 Դեկտեմբեր 2008 առաւօտեան ժամը 10.30ին։
Հոգեւոր Տէրը շնորհաւորութիւնները պիտի ընդունի Պատրիարքարանի դահլիճին մէջ հետեւեալ ժամերուն.
Հինգշաբթի 25 Դեկտեմբեր ժամը 12.00էն- 13.30 եւ 16.30էն- 19.00։
Ուրբաթ 26 Դեկտեմբեր ժամը 11.00էն- 13.00 եւ 16.30էն- 19.00։
Հինգշաբթի 1 Յունուար 2009 ժամը 11.00էն- 13.00 եւ 16.30էն- 19.00։
Դիւան Հայ Կաթողիկէ Պատրիարքութեան
Պէյրութ, 19 Դեկտեմբեր 2008

«Դիմանկարներ» ժամանակակից Հայաստանից



Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում երեկ տեղի ունեցավ գրականագետ Ֆելիքս Բախչինյանի գրքերի շնորհանդեսը։ Դրանք վերջին երկու տարվա ընթացքում «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի հրատարակած 12 անուն գրքերն են, որոնց մեծամասնությունը հայ ներկա պատմության մեջ հայտնի քաղաքական, հասարակական, մշակութային, հոգեւոր գործիչների յուրօրինակ դիմանկարներն են։Գրքերը վաճառքի ենթակա չեն, դրանք բաժանվելու են դպրոցներին, գրադարաններին։ Դիմանկարների շարքը շարունակելի է. «Ես պատվերով չեմ գրում, այլ սրտի կանչով։ Եթե մարդն ինձ հարազատ է, եւ կարծում եմ, որ նա բարի գործ է անում»։ Ընթերցողի սեղանին են մաեստրո Հովհաննես Չեքիջյանի, գրող Վարդգես Պետրոսյանի, «ՎիվաՍել ՄՏՍ»—ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանի, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ մայոր Ալիկ Սարգսյանի, ՀՀ ոստիկանության գեներալ լեյտենանտ Հովհաննես Հունանյանի, 1930—ականներին Հայաստանի փոխվարչապետ Արամայիս Երզնկյանի եւ այլոց դիմանկարները։ Գրքերից առաջինը մենագրություն է նվիրված՝ հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենին։Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը գրական գործունեության ընդարձակում մաղթեց գրականագետին։ Հայաստան—Լիտվա, Հայաստան—Վրաստան, Հայաստան–Ռուսաստան գրական կամուրջներն ամրապնդելու գործում գրականագետի դերը բացառիկ է գնահատում ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը՝ նշելով, որ այդ աշխատանքի շնորհիվ կյանքի կոչված գրքերը մոտ 60—ն են։Գրականագետ Աելիտա Դոլուխանյանն ասում է. «Նանսենը ունի մի հետաքրքիր գիրք, կոչվում է Հայաստանը եւ Մերձավոր Արեւելքը։ Դիմելով բոլոր պետություններին, որպեսզի ողբերգությունից հետո օգնեն հայերին, նա վերջում հայերին է դիմում եւ ասում, որ հայերը հույսը իրենց վրա դնեն։ Ֆելիքս Բախչինյանի այս գրքերն ուզում են ասել, որ մենք ունենք գործիչներ, ունենք արվեստագետներ, որոնք մտածում են մեր ազգի մասին։ Այս կերպ նա ուզում է իրականացնել Նանսենի պատգամը»։Ֆելիքս Բախչինյանը ներկայացրեց նաեւ «Սե լա վի» («Այսպիսին է կյանքը») պատմվածքների առաջին ժողովածուն։

Կ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
18-12-2008

ՀԵՂԻՆԱԿԻ ԱՆՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ ՉԷ՞

Վերջերս վերահրատարակվել եւ «բարեպաշտ ընթերցողին է հասցեագրվել» եզակի մի գիրք` «Հայ եկեղեցու պատարագամատույցը», որը պարունակում է Ս. պատարագի գրաբար ամբողջական բնագիրը` արեւելահայերեն թարգմանությամբ ու բացատրություններով:
Իսկ թե ով է թարգմանության հեղինակը, չի նշվում: Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի պաշտոնական կայքէջում տեղադրված լուրի մեջ, օրինակ, նշվում է միայն, որ գիրքը վերահրատարակվել է թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, եւ որ վերահրատարակելու համար իր սիրահոժար համաձայնությունն է տվել է ԱՄՆ արեւելյան թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը: Իսկ վերջինիս տնօրինությամբ «Պատարագամատույցը» մի անգամ արդեն տպագրվել է Նյու Յորքում` 2002 թվականին: Դրա հեղինակը Անանիա արքեպիսկոպոս Աբաջյանն է, ում անունը, սակայն, հայաստանյան վերահրատարակության արդյունքում անհետացել է, ինչը նրան դառնացնում է: Այս քայլը ԱՄՆ-ում ապրող արդեն նախկին արքեպիսկոպոսը, ում աշխարհիկ անունը Ավետիք Արաբաջյան է, մեզ հետ հեռախոսազրույցում մանր արարք որակեց, «որը ցավ է պատճառում եւ որը եկեղեցու սպասավորներին վայել չպիտի լինի»: «Սա գրական վանդալիզմի ամենաաչքառու օրինակ է, եւ դաժան ձեւով անտեսված է իմ հեղինակային իրավունքը»,- վստահ է Ավետիք Արաբաջյանը: Իսկ հնարավոր համարո՞ւմ է, որ իր անունն ուղղակի պատահմամբ է դուրս մնացել: Այս հարցին նա բացասական պատասխան է տալիս: Այդ դեպքում ինչո՞ւ են որոշել իր հետ այդպես վարվել: «Ինձ թվում է` պատճառը եկեղեցական ասպարեզից հեռացած լինելս է: Չուզեցին` անունս մնա այդ գրքի մեջ, ինչը արդար չէ, ճիշտ չէ»,- ասում է նախկին արքեպիսկոպոսը` միեւնույն ժամանակ նկատելով, որ եկեղեցական ասպարեզից հեռանալը որեւէ նշանակություն չպիտի ունենա գրականության մեջ ու որոշիչ հանգամանք չպիտի դառնա ստեղծագործողի կամ թարգմանչի անունը հիշատակելու հարցում: Աշխարհական Ավետիք Արաբաջյանը պատմում է, որ 1981-89 թվականներին ինքը եղել է Ադրբեջանի թեմի առաջնորդը: Կոտորածից հետո եկել է Էջմիածին, իսկ դրանից հետո Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը նրան հրավիրել է ԱՄՆ` Ադրբեջանից գաղթած հայերին օգտակար լինելու համար: «2000-ին ինքը առաջարկեց, որ ես այդ «Պատարագամատույցը» թարգմանեմ ռուսերեն, որպեսզի Ադրբեջանից եկած հայերը հասկանան, քանի որ հայերեն չէին հասկանում, գրաբար չէին հասկանում: Հետո միտք ծագեց, որ նաեւ արեւելահայերեն թարգմանենք, որովհետեւ հայեր էլ կային Հայաստանից, որ գրաբար լավ չգիտեին եւ չգիտեն: Ու «Պատարագամատույցը» արեւելահայերեն եւ ռուսերեն փոխադրեցի կամ թարգմանեցի: Երկու տարի աշխատեցի վրան, 2002 թվականին այստեղ հրատարակվեց»,- գրքի հրատարակման նախապատմությունն է ներկայացնում Արաբաջյանը: Նրա խոսքով` Նյու Յորքում տպագրված եւ Հայաստանում վերահրատարակված գրքերի ձեւավորումն ամբողջովին նույնն է, միայն թե երկրորդում իր անունն է բացակայում: Ինչ վերաբերում է «Պատարագամատույցի» վերահրատարակությանը Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի համաձայնությանը, ապա, ըստ Ավետիք Արաբաջյանի, ինքը զանգահարել է նրան եւ հայտնել, որ վշտացած է: Վերջինս էլ պատասխանել է, թե վերահրատարակելու համաձայնություն տալու ժամանակ տեղեկություն չի ունեցել, թե Արաբաջյանի անունը պետք է հանվի: Առաջարկել է դիմել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին` ուղղելու բացթողումը: Ավելին, ինչպես փոխանցում է մեր զրուցակիցը, Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանն ասել է, որ արվածը ճիշտ չէ: «Նավասարդ սրբազանի հետ չեմ խոսել: Այդպիսի արարքից հետո ի՞նչ խոսեմ: Արդեն ամեն ինչ անվերադարձ է, գիրքը վաճառքի մեջ է: Ուղղակի միտքս ի՞նչ է. ես ուզում եմ, որ պատմության առաջ, երբ որ ժամանակը գա, որեւէ մի տեղ հիշատակություն լինի, որ այսպիսի բան կատարվեց, եւ Հայաստանի մեջ իմանան, որ ես եմ դրա հեղինակը: Մի քիչ ուզում եմ ինձ պաշտպանած լինեմ այդ իմաստով»,- ասում է ԱՄՆ-ում գտնվող նախկին հոգեւորականը:
Երեկ դիմեցինք Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվան` նշված խնդրի կապակցությամբ մեկնաբանություն խնդրելու: Նախ ասացին, թե չեն հիշում` ով է վերահրատարակված «Պատարագամատույցի» հեղինակը, քանի որ ֆայլը Խաժակ սրբազանն է տրամադրել, ապա մեր հիշեցնելուց հետո ասացին, թե գրքի վրա մի ամբողջ խումբ է աշխատել եւ բոլորի անունը չէին կարող գրել: Նկատեցին, որ բացառիկ գիրք է հրատարակվել, հոյակապ գործ է արված, եւ եթե մարդ իրական հավատք ունի, պետք է ուրախ լինի դրա համար: Իսկ եթե մենք այդտեղ էլ ինչ-որ վատ բան գտնենք ու գրենք այդ մասին, ապա կարող ենք այլեւս որեւէ հարցով չզանգահարել իրենց: Հետո, սակայն, սխալ համարելով մեկնաբանություն տալը, հայտարարեցին` գրեք` մամլո դիվանը անբարյացկամ է, մեր հարցերին չի պատասխանում:

ԱՆՆԱ ԶԱԽԱՐՅԱՆ

նիստերը` շուտով եկեղեցիներում

Երեկ ՀՀ կառավարությունը Արագածոտնի մարզում անց է կացրել արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նիստն անց է կացվել կացվել Օշական գյուղում գտնվող Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցուն կից դպրատանը: Խիստ ազնվաբարո կյանք վարող մեր կառավարության անդամ «քրիստոնյաները» եկեղեցու հարեւանությամբ անցկացված այս նիստում որոշում են կայացրել ԱԱԾ-ին նոր հսկայական շենք նվիրել Նուբարաշենում եւ նոր շենք ոստիկանությանը` Իջեւանում:

Սուրբ Ծննդեան Ընդունելութիւն

Ս. Ծննդեան եւ Աստուածայայտնութեան տօնին օրը՝ Յունուար 6, Հայց. եկեղեցւոյ Արեւմտեան թեմի առաջնորդարանի «Արշակ եւ Էլիանոր Տիգրանեան» համալիրի «Գալայճեան» սրահին մէջ տեղի պիտի ունենայ առաջնորդին հիւրընկալութեամբ ընդունելութիւն մը, երեկոյեան ժամը 6էն 9: Ընդունելութիւնը սրտաբաց հրաւէր մըն է բոլոր հաւատացեալներուն, առիթ մը ստեղծելով առաջնորդ Յովնան արք. Տէրտէրեանին իր օրհնութիւնները բաշխելու եւ միեւնոյն ատեն գնահատելու թեմէն ներս տարուող աշխատանքները:
Երեկոն պիտի սկսի առաջնորդին գլխաւորութեամբ հոգեւորականներու կողմէ կատարուող աւանդական «Տնօրհնէք»ի արարողութեամբ, ապա պիտի գործադրուի գեղարուեստական յայտագիր մը: