Показват се публикациите с етикет Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն. Показване на всички публикации
Показват се публикациите с етикет Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն. Показване на всички публикации

събота, 20 декември 2008 г.

«Օրհներգութիւն Մեծասքանչին»

ԼԵՎՈՆ ԼԱՃԻԿՅԱՆ
Այս վերնագրով Բեյրութում, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանավորությամբ, վերջերս լույս տեսած հաստափոր հատորը (շուրջ 600 էջ) գալիս է համալրելու հայագիտական մերօրյա ուշագրավ հրատարակությունների շարքը: Թվով այն 68-րդ գիրքն է «Գէորգ Մելիտինեցի գրական մրցանակ» մատենաշարում: Մատենաշար, որի երթը սկիզբ է առել ուղիղ 40 տարի առաջ՝ 1968-ին, ամփոփելով հայրենաբնակ եւ սփյուռքահայ ժամանակակից հայ գրողների ու գիտնականների մեծարժեք երկասիրություններ:
«Օրհներգութիւն Մեծասքանչին» հատորի (Անթիլիաս, 2008 թ.) պարունակությունը կազմում են արեւմտահայ եւ արեւելահայ բանաստեղծների ու արձակագիրների՝ հայոց այբուբենին եւ Մեսրոպ Մաշտոցին ձոնած քերթվածներն ու արձակ ստեղծագործությունները, հայ եւ օտար մեծաց վկայություններն ու մտածումները ոսկեղենիկ մեր Մայրենիի մասին:
Դժվար է մարդկության պատմության եւ համաշխարհային գրականության մեջ հիշել մեկ այլ դեպք, երբ գրերի գյուտին կամ գյուտարարին անդրադառնալիս՝ որեւէ ազգի ներկայացուցչի մոտ սրտի դող նկատվի կամ նրա աչքերի առջեւ սրբի մի պատկեր կենդանանա: Մինչդեռ այդպես է հայերիս պարագայում: Անափ ու անպարագիծ սերն առ Մաշտոց դարերի ընթացքում արտահայտվել է նրա անվան շուրջ ստեղծված անհաշիվ բանաստեղծություններում ու պոեմներում, պատմվածքներում ու վեպերում: Թերեւս դժվար է գտնել մի հայ բանաստեղծի կամ արվեստագետի, որն իր ստեղծագործության մեջ չի ներշնչվել նրա լուսավոր կերպարով: Սա «էապես հայկական երեւոյթ» է համարում գրախոսվող հատորի կազմող-խմբագիր, բեյրութահայ ժամանակակից բանաստեղծ Սարգիս Կիրակոսյանը: Այդ երեւույթի նորօրյա շքեղ դրսեւորում է նաեւ նորատիպ այս ժողովածուն, որտեղ փորձ է արվում (միանգամից ասենք՝ հաջող փորձ) տալու մինչ օրս այս ուղղությամբ ստեղծված «ծով գրականության» ընդհանուր ու ամբողջական պատկերը:
Գրքիս ծնունդին մղիչ ուժ եւ ներշնչման աղբյուր է ծառայել Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի 1-ը հունվարի 2007 թվակիր կոնդակը, որը պատգամ ու հորդոր է բոլոր հայորդիներին աչքի լույսի պես պահել-պահպանելու հայ լեզուն: «1600 տարիներու պատմութիւնը իր ամէնէն ահաւոր զէնքերով չկրցաւ սպաննել հայ լեզուն,- գրում է նա եւ շարունակում,- Այսօր մե՛նք է, որ կը սպաննենք հայ լեզուն՝ երբեմն մեր անտարբերութեամբ, երբեմն մեր տգիտութեամբ, երբեմն մեր անհաւատարմութեամբ ու մեր օտարասիրութեամբ»:
Այս մտահոգությունն, անշուշտ, պատել է մերօրյա շատ մտավորականների: «Օրհներգութիւն Մեծասքանչին» հատորը հենց նման մտահոգության ծնունդ է, մտահոգություն մեր Մեծասքանչի, նրա գալիք ճակատագրի հանդեպ: Տպավորություն է ստեղծվում, թե նորահաս սերունդներն անտեղյակ են այն հոգեւոր գանձին, որ իրենց է ժառանգվել պապերի կողմից: Այլապես, այսպես հեշտությամբ ու օրը ցերեկով չէր բռնաբարվի ու անխնա կերպով չէր լլկվի մեր մայրենի լեզուն: Ներկայացվող աշխատությունը կազմելով ու խմբագրելով՝ Սարգիս Կիրակոսյանը լեզվապահպան, ուստի եւ ազգապահպան սուրբ գործին մասնակցության իր բաժին պարտականությունն է բերել: Այս կապակցությամբ «Երկու խօսք»-ում նա գրում է. «Ո՛չ ոք, ո՛չ մէկ հայ իրաւունք ունի հեռու մնալու այս նուիրական պարտականութենէն, որովհետեւ Մեսրոպակերտ հայ լեզուն ո՛չ միայն հաղորդակցութեան պարզ գործիք մըն է, այլեւ հայ ժողովուրդի ինքնութեան աղբիւրը, հայ մշակոյթի առանցքը, հայ ազգի գոյութեան երաշխիքը, մէկ խօսքով՝ հայ ժողովուրդի անմահութեան մշտակարկաչ եւ կենսայորդ յաւերժական աղբիւրը»: Սրանք սոսկ սիրակեզ հայ բանաստեղծի հոգու զեղումներ չեն, այլ մայր լեզվի կարեւորության պարզորոշ գիտակցումն ունեցող Մաշտոցի հավատարիմ զավակի ճշմարիտ դատողութիւններ:
Ժողովածուն բաղկացած է 7 մասերից՝ «Արեւմտահայերէն բանաստեղծութիւններ», որը, բնականաբար, ներառում է նաեւ սփյուռքահայ քերթողների գործերը, «Արեւելահայերէն բանաստեղծութիւններ», «Արեւմտահայերէն արձակ գրութիւններ», «Արեւելահայերէն արձակ գրութիւններ», որոնց հաջորդում են արեւմտահայ, արեւելահայ եւ օտար գրողների ու մտավորականների վկայությունները հայերենի մասին: Գովելին այն է, որ նկատի առնելով «Օրհներգութիւն Մեծասքանչին» նախորդած բոլոր կամ գրեթե բոլոր նմանօրինակ հրատարակութիւնները՝ լույս տեսած Հայաստանում եւ Սփյուռքում, կազմող-հեղինակն ամենայն ուշադրությամբ ծանոթացել է դրանց՝ բաղդատելով միմյանց հետ եւ ավելացնելով մոռացված բազմաթիվ անուններ ու ստեղծագործություններ: Նշելի է եւ այն, որ նա անդրադարձել է բուն սկզբնաղբյուրներին՝ խույս տալու համար տարատեսակ վրիպակներից ու անհարկի միջամտություններից:
Անշուշտ, կատարվել է ահռելի գործ եւ ներդրվել հսկայաչափ ջանք: Հեղինակը, սակայն, հեռու է «ամբողջական եւ անթերի աշխատանք մը կատարած ըլլալու» հավակնությունից: Թեեւ հենց նման հատորներն են հարթում դեպի այդօրինակ արդյունք առաջնորդող ճանապարհները: Մյուս կողմից, կատարված աշխատանքի գիտականությունն առավել ապահովված կլիներ, եթե ներկայացված յուրաքանչյուր ստեղծագործության տակ նշվեին գրության տարեթիվն ու այլ ծանոթագրություններ: Միաժամանակ ցանկալի կլիներ հրատարակված տեսնել սույն հատորի շարունակությունը՝ պարունակությամբ հայ եւ այլազգի պատմիչների (Կորյուն, Մովսես Խորենացի, Ղազար Փարպեցի եւ այլն) ու գիտնականների (պատմաբաններ, լեզվաբաններ, գրականագետներ) արժեքավոր երկասիրություններից բերված հատվածների, որոնցով առավել կամբողջանար հայոց այբուբենի ստեղծման խորհուրդն ու լիարժեք պատկերը:
Այդուհանդերձ, «Օրհնութիւն Մեծասքանչին» խորագրյալ ժողովածուն սոսկ «լեզվական հայրենասիրության» վառ ցույց չէ առ մեր, ինչպես բանաստեղծ խմբագիրն է նշում, «ամենամեր գանձը»՝ ոսկեղենիկ հայերենը: Այն ընդհանուր հայրենասիրության մասնավոր դրսեւորում է՝ խիստ օգտակար եւ ուսանելի:

сряда, 17 декември 2008 г.

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԸՆԴՈՒՆԵՑ ՆՈՐՎԵԿԻՈՅ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ

12/16/2008
Երեքշաբթի գիշեր, 16 Դեկտեմբեր 2008-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս ընդունեց Նորվեկիոյ նախկին վարչապետ Դոկտ. Պոնտեւիքը: Վեհափառ Հայրապետին մօտէն ծանօթ ըլլալով, Պոնտեւիք Նորին Սրբութեան պարզեց միջ-կրօնական, մարդկային իրաւանց եւ խաղաղութեան շրջագծէն ներս իր կարգ մը ծրագիրները:
Յայտնենք որ Պոնտեւիք իր վարչապետութեան շրջանի աւարտին, հաստատած էր ոչ-կառավարական կազմակերպութիւն մը Օսլոյի մէջ, որուն նպատակն է մարդկային իրաւանց ու խաղաղութեան եւ արդարութեան կապուած ծրագիրներ մշակել:
Նախկին վարչապետը միօրեայ այցելութեամբ կը գտնուէր Լիբանան, տեսակցութիւններ ունենալու պետական բարձրաստիճան պատասխանատուներու հետ:


вторник, 16 декември 2008 г.

Ծառայութեան Ճամբով Հոգեւոր Աճ

ԱՐԵՒՄՏԵԱՆ ԹԵՄԻ ԱՌԱՔԵԼՈՒԹԻՒՆԸ ԿԸ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒԻ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ ՀՈՎԱՆԻԻՆ ՏԱԿ

ՄԵՍՐՈՊ Ա. ՔՀՆՅ. ԹԱՇՃԵԱՆ

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Աթոռին Անթիլիաս հաստատումը բնական արդիւնքն էր պատմական բախտորոշ դէպքերու եւ նոյնքան մըն ալ սփիւռքացած մեր ժողովուրդի պահաջներուն, հոգեմտաւոր կարիքներուն։ Այս բովանդակութեան մէջ, երջանկայիշատակ Տ. Սահակ Բ. Կաթողիկոսը ունեցաւ կամրջողի դեր ու նոր մեկնակէտ մը արձանագրեց մեր եկեղեցւոյ կեանքին մէջ։ Անթիլիասը դարձաւ յատկապէս Սփիւռքի հայութեան նոր փարոսը, որմէ արձակուող լոյսը տարածում գտաւ Թեմերուն ճամբով ու Միացեալ Նահանգներու Արեւմտեան ափը հասաւ Արեւմտեան Թեմի հաստատումով։Պատմական անկիւնադարձ մը կերտող երջանկայիշատակ վեհափառին ապրած դժուարին պայմանները, ինչպէս ծանօթ է, բազում էին. թէեւ ան իր կողքին նշանակած էր աթոռակից կաթողիկոս մը, սակայն անոր տրտմութիւններու շարքին աւելցաւ հատ մըն ալ, երբ աթոռակիցը վախճանեցաւ 1936 թուին, հինգ տարիներու հարուստ վաստակ մը ձգելով ետին։ Անոր փոխարէն, կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ կը նշանակուի Տ. Պետրոս Արք. Սարաճեանը՝ Կիպրոսի Առաջնորդը։Սահակ Բ. մեծանուն Կաթողիկոսը կը վախճանի 1939ին։ Իրեն կը յաջորդէ Տ. Տ. Պետրոս Ա. Կաթողիկոսը, որ դժբախտաբար կը վախճանի յաջորդ տարի, 1940ի Սեպտեմբերին։ Համաշխարհային Բ. պատերազմը ծագած էր։ Նոր կաթողիկոսի մը ընտրութիւնը կարելի կը դառնայ միայն 1943ին։ Հիւսիսային Ամերիկայի Առաջնորդը՝ Տ. Գարեգին Արք. Յովսէփեանց կաթողիկոս կ՚օծուի երկու տարի ետք, 1945ի Ապրիլին։ Անոր գահակալութեան շրջանին )1945էն 1952(, Կաթողիկոսութիւնը կ՚ունենայ մշակութային ծաղկում։ Կաթողիկոսը՝ ինք, գիտնական մըն էր։ Զարկ կու տայ դպրեվանքին, կ՚արդիականացնէ տպարանը եւ թափ կու տայ հրատարակչական գործին։ Արժէքաւոր հատորներ լոյս կը տեսնեն։ Կաթողիկոսարանի ամսաթերթը աւելի բովանդակալից կը դառնայ։ Դպրեվանքի ուսանողներուն թիւը կը բարձրանայ եւ Ս. Աթոռի գործունէութեան դաշտը կ՚ընդարձակուի։ Անոր վախճանումէն ետք, չորս տարիներ կը սահին, մինչեւ յաջորդին՝ յանձին Բերիոյ Թեմի Առաջնորդ երջանկայիշատակ Զարեհ Ա. Փայասլեան սրբակրօն երիտասարդ կաթողիկոսին ընտրութիւնը եւ օծումը )1956ին(։ Խոր նուիրումի տէր հոգեւորական մըն էր ան, որուն քաջ ծանօթ էր այս տողերուն հեղինակը։ Զարեհ Վեհափառը դպրեվանքի առաջին շրջանաւարտներէն էր։ Ան Բերիոյ Թեմին առաջնորդութիւնը վարած էր շուրջ 16 տարի։ Իր օրերուն, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը մասնակից դարձաւ միջ-եկեղեցական շարժումին, Ս. Աթոռի միաբանները սքանչելի աշխատանք տարին այդ ուղղութեամբ։ Անոր ազնուական նկարագիրն ու բարի հոգին խորապէս ազդեցին դպրեվանքի ուսանողներուն վրայ, որոնք քաջաբար մտան հայ եկեղեցւոյ քաղցր լուծին տակ։ Անոր անակնկալ վախճանումը, 48 տարեկանին, 18 Փետրուար 1963ին, խորապէս խոցեց սիրտը համայն հայութեան։ Երջանկայիշատակ Զարեհ Վեհափառը համակ սէր էր ու բարութիւն։ Ան իր սիրտն ու ականջը հայրաբար կը բանար Կիլիկեան կաթողիկոսութեան հովանին փնտռող հատուածներու, որոնք պաշտօնական դիմունագիրով կը բացատրէին Վեհափառին, թէ ինչպէս ներքին թեմական ու ծխական խլրտումներու եւ անհասկացողութիւններու պատճառով՝ դուրս ձգուած են եկեղեցիներէն, զրկուելով խորհրդակատարութիւններէ, Ս. Հաղորդութենէ եւ եկեղեցի յաճախելու առիթէն։ Անցնինք Երջանկայիշատակ Զարեհ Վեհափառի յաջորդին։1963ին, կաթողիկոս կ՚ընտրուի Տ. Խորէն Արք. Բարոյեան։ Իր հովուապետական առաջնորդութեամբ, կաթողիկոսութիւնը դրական ու շինարարական բեղուն շրջան մը կը բոլորէ ի ծառայութիւն ամենակալ Աստուծոյ եւ Հայ ժողովուրդին։ Շնորհիւ իր նկարագիրին, Վեհափառը յաջողած էր Կիլիկեան Աթոռը օժտել նիւթական ամուր ապահովութեամբ։ Եթէ Խորէն Վեհափառը չդասաւանդեց ուսանողներու, բայց խօսեցաւ հայ ժողովուրդին զաւակներուն։ Եթէ գիրքեր չգրեց եւ չհրատարակեց, փոխարէնը շինարարական գործով զբաղեցաւ եւ շինել տուաւ եկեղեցիներ ու բարեզարդեց՝ Լիբանանի Թեմի բոլոր շրջաններուն մէջ։ Միեւնոյն ժամանակ զսպանակիչ ուժը հանդիսացաւ հայեցի դաստիարակութիւն ջամբելու սրբազան գործին։ Կիլիկեան Ս. Աթոռի յաջորդականութիւնը ապահովելու մտադրութեամբ, ան աթոռակից նշանակեց Տ. Գարեգին Արք. Սարգիսեանը՝ Ամերիկայի Արեւելեան Թեմի օրուան Առաջնորդը, 22 Մայիս 1977ին։ Մայիս 29ին ալ Տ. Խորէն Ա. Կաթողիկոսին ձեռամբ աթոռակից կաթողիկոսին օծումը կատարուեցաւ, մասնակցութեամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածինի միաբանութեան անդամ արքեպիսկոպոսներու եւ եպիսկոպոսներու եւ ներկայութեամբ բազմահազար հաւատացեալներու։Գարեգին Բ. Աթոռակից Կաթողիկոսը 1983ին յաջորդեց երանաշնորհ Տ. Խորէն Կաթողիկոսին։ Ան իր բարձրագոյն ուսումը ստացած էր Օքսֆորտի համալսարանին մէջ։ Դասաւանդած է եկեղեցւոյ պատմութեան ու աստուածաբանական նիւթեր։ Տեսչական եւ ուսուցչական պաշտօններ վարած է դպրեվանքին մէջ։ Իբրեւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս, ան 18 տարիներու ընթացքին զգալի ներդրումներ ունեցաւ ազգային-կրօնական, մշակութային եւ հրատարակչական բնագաւառներուն մէջ։ Գործօն դեր ունեցաւ միջ-եկեղեցական յարաբերութեանց մէջ։ Իր հիմնական ուղղութիւնը եղած է եկեղեցական կեանքի վերանորոգումն ու վերաշխուժութիւնը։ Բազմաթիւ գիրքեր հրատարակած է աստուածաբանական, հայագիտական, փիլիսոփայական, բարոյագիտական եւ գրական նիւթերու մասին։ Սերունդէ սերունդ պիտի յիշուին իր պերճախօսական ճառերը, եւ ներհուն աստուածաբանի իր շնորհները։ Ան 1995ին ընտրուեցաւ Ամենայն Հայոց կաթողիկոս, սակայն վաղահաս վախճանումով, առիթ չունեցաւ ցուցաբերելու իր բազմակողմանի հոգեկան ու իմացական շնորհները։ Երանաշնորհ Տ. Գարեգին Ա. Ամենայն Հայոց հայրապետը իր աչքերը փակեց 1999ին, Էջմիածնայ մէջ։Գարեգին Բ. Կաթողիկոսի Էջմիածնայ գահ բարձրանալէն ետք, Մեծի Տանն Կիլիկիոյ Ս. Աթոռին գահակալ ընտրուեցաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս։ Ան ծնած է 1947ին, վարդապետ ձեռնադրուած է 1968ին։ 1968էն 1975 կը դասաւանդէ Պէյրութի Հայկազեան Քոլէճին մէջ։ 1978ին, տակաւին ուսանող Միացեալ Նահանգներու մէջ, Լիբանանի Թեմի տեղապահ կ՚ընտրուի. այդ օրերուն, Լիբանան կը գտնուէր եղբայրասպան քաղաքացիական պատերազմի մէջ։ Լիբանանի հայութիւն, իր եկեղեցական-ազգային ու ընկերային կեանքերով, մատնուած էր վտանգալից կացութեան։ Տարի մը ետք կ՚ընտրուի Առաջնորդ։ 1980ին կը ստանայ Ծայրագոյն վարդապետի աստիճան, իսկ յաջորդ օրն ալ եպիսկոպոս կը ձեռնադրուի։ 1985ին կը ստանայ Արքութեան տիտղոսը։Արամ Ա. Վեհափառը կը մարմնաւորէ ուխտեալ ու հաւատաւոր եկեղեցականը։ 28 Յունիս 1995ին, ներկայութեամբ Տ. Տ. Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Մեծի Տանն Կիլիկիոյ Ազգ. Պատգամաւորական Ժողովը, Անթիլիասի Մայր Տաճարին մէջ զինք կ՚ընտրէ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս։ Օծումէն անմիջապէս ետք կը յայտարարէ. «Սրտիս բովանդակ զօրութեամբ կ՚ըսեմ.- ամբողջական ու յանձնառու ծառայութիւն՝ նոյն եւ մէկ եկեղեցւոյ, նոյն եւ մէկ հայրենիքի։ Անթիլիասը բոլորին է անխտիր, եւ անոր դռները բաց են բոլորին առջեւ»։ Հայ եկեղեցւոյ պատմութեան մէջ առաջին անգամն է որ Ամենայն Հայոց կաթողիկոս մը, շրջապատուած պատրիարքներով եւ Մեծի Տանն Կիլիկիոյ ու Ս. Էջմիածնի միաբանութիւններէն 12 եպիսկոպոսներով, կը մասնակցին Կիլիկիոյ Ս. Աթոռին ընտրեալ Կաթողիկոսի օծման արարողութեան։Ներհուն աստուածաբան Վեհափառը 1983ին կ՚ընտրուի Եկեղեցիներու Համաշխարհային Խորհրուդի վարչութեան անդամ, իսկ 1991ին ալ կ՚ընտրուի նախագահ՝ Կեդրոնական ու Գործադիր վարչութեանց։ Սիրոյ եւ խաղաղութեան ջահը ձեռքին, քաջարի Վեհափառը բազմաթիւ այցելութիւններով հանդիպումներ ունեցած է պետութեանց ղեկավարներու եւ կրօնական հաստատութեանց ներկայացուցիչներու հետ, կամուրջներ կերտելով նաեւ իսլամ եւ քրիստոնեայ կրօններուն միջեւ։ Հաշտութեան ռահվիրայ՝ կը հաւատայ, որ խաղաղութիւն կը հաստատուի, եթէ մարդիկ հաշտարար ոգիով լեցուած խօսիլ սկսին իրարու հետ։ Այլ խօսքով՝ հաշտութեան բանալին Սէրն է։Ստեղծագործութեամբ, մարդ արարածին բնութիւն մը տրուած է, որ ըստ էութեան բարի է, քանզի ինչ որ Աստուած ստեղծած է, չի կրնար չար ըլլալ։ Մարդ արարածին բնութիւնը, սակայն, փոփոխական է, թէեւ կրնայ երանութեան հասնիլ, եթէ շարունակէ կապուած մնալ անփոփոխելի եւ գերագոյն Բարիին՝ Աստուծոյ։Սակայն հարկ է գիտնալ, որ մարդուն բնութիւնը չէ որ ընթացք կու տայ չարութեան, այլ՝ անոր ազատ կամքը։Չարին իշխանութեան ներքեւ կը տառապի երկրագունտը, կը տուայտի մարդկութիւնը։ Ստեղծուած աշխարհը ոչ միայն հետզհետէ անկատարելիութեան կը դիմէ, այլ նաեւ Աստուծոյ պատկերին նմանողութեամբ ստեղծուած մարդ արարածն ալ, իր գոյութեան նպատակէն կը հեռանայ արագընթաց, նաեւ ընտրելով վիրաւորուած ապրիլ ապականուած աշխարհի մը մէջ։ Սատանան է, ուրեմն, սկիզբը մարդկային դժբախտութեանց։ Հայց. Առաքելական եկեղեցին չի կրնար կրաւորական դիրք բռնել այս երեւոյթին դիմաց։ Մարդ արարածը գործիք դարձած է չարին ձեռքերուն մէջ։ Ու հակառակ անոր, որ գիտենք թէ համայն աշխարհը չարին մէջ է, գիտենք նաեւ, որ մենք ալ Աստուծմէ ենք )Ա. Յովհ. 5։19(։ Հետեւաբար, անհրաժեշտ է պատրաստուիլ պաշտպանութեան։ Շնորհն է մեր պաշտպանութեան ամրոցը։ Առաքինութեան զէնքերով զինուելու է, որպէսզի քրիստոնեան անխոցելի մնայ։ «Մէկդի նետենք խաւարի գործիքները եւ հագնինք լոյսի զրահը», կ՚ըսէ առաքեալը )Հռոմ. 13։13(։

Tuesday, December 16, 2008
ԱՍՊԱՐԷԶ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԸՆԴՈՒՆԵՑ ՊՈՒԼՈՍ ՄԱԹԱՐ ԵՊԻՍԿՈՊՈՍԸ





12/13/2008


Շաբաթ 13 Դեկտեմբեր 2008-ի առաւօտուն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Վեհարանի իր գրասենեակին մէջ ընդունեց մարոնիներու Պէյրութի առաջնորդ Պուլոս Մաթար Եպիսկոպոսը:
Հանդիպման ընթացքին քննարկուեցան Միջին Արեւելքի Եկեղեցիներու Խորհուրդի յառաջիկայ ծրագիրները: Խօսակցութեանց առանցքը հանդիսացաւ Խորհուրդի զանազան բաժանմունքներուն գործունէութիւնը, որոնք նոր ծրագրաւորման ենթարկուած էին Ընդհանուր Ժողովէն ետք, երբ Նորին Սրբութիւնը ընտրուած էր Խորհուրդի չորս նախագահներէն մին:
Վեհափառ Հայրապետը այս առիթով անդրադարձաւ նաեւ անցնող ամիս Վատիկան կատարած իր պաշտօնական այցելութեան, եւ կարգ մը մանրամասնութիւններ հաղորդեց Մաթար Եպիսկոպոսին, որոնք տեղական ու շրջանային մակարդակի վրայ գործակցութեան նոր կարեւորութիւններ կրնան ստեղծել:

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՔՐԻՍՏՈՆԵԱՅ-ԻՍԼԱՄ ԵՐԿԽՕՍՈՒԹԵԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ ԹԵՀՐԱՆՈՒՄ

12/14/2008

13-14 Դեկտեմբեր 2008, Թեհրանի մէջ, քրիստոնեայ-իսլամ երկխօսութեան միջազգային համագումար մը տեղի ունեցաւ Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի Իսլամ-Քրիստոնեայ Յարաբերութիւններու Բաժանմունքին եւ Իրանի Իսլամական Մշակոյթի եւ Միջազգային Հաղորդակցութեան Կազմակերպութեան Միջ-կրօնական Երկխօսութեան Կեդրոնին մասնակցութեամբ:
Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի պատուիրակութիւնը գլխաւորեց Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսեան (Առաջնորդ Թեհրանի Հայոց):
Համագումարի դասախօսութիւններուն առանցքը կազմեց տարբեր կրօններու հետեւորդներուն միջեւ համակեցութիւնը: Սեպուհ Սրբազան դասախօսեց ՙՀայերը Իրանի մէջ - քրիստոնեայ-իսլամ համատեղ կեցութեան տիպար օրինակ՚ նիւթին շուրջ:
14 Դեկտեմբերին, նոյն կեդրոնէն ներս, Սեպուհ Սրբազան մասնակցեցաւ ուրիշ միջազգային համագումարի մըն ալ, որուն գլխաւոր թեման էր ՙՔաղաք եւ երկխօսութիւն՚ը:
Յայտնենք, որ Ե.Հ.Խ.-ին եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան Կրօնական Երկխօսութեանց Բաժանմունքին միջեւ երկխօսութիւնը ու գործակցութիւնը սկսաւ, Վեհափառ Հայրապետին նախաձեռնութեամբ շուրջ տասը տարիներ առաջ եւ տարին անգամ մը հանդիպում տեղի կ’ունենայ հերթաբար Ժընեւի եւ Թեհրանի մէջ: Այս ծիրէն ներս շուրջ չորս տարիներ առաջ նախկին Նախագահ Խաթեմի այցելեց Ժընեւի Ե.Հ.Խ.-ի կեդրոնը եւ դասախօսութիւն տուաւ:

Ս. ՅԱԿՈԲ ՄԾԲՆԱՑԻ ՀԱՅՐԱՊԵՏԻ, ՄԱՐՈՒԳԷ ՃԳՆԱՒՈՐԻ ԵՒ ՄԵԼԻՏՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ Ի ՅԻՇԱՏԱԿ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆ ԴՊՐԵՎԱՆՔԷՆ ՆԵՐՍ


12/12/2008

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ տօնացոյցին համաձայն նշուեցաւ Ս. Յակոբ Մծբնացի Հայրապետի, Մարուգէ Ճգնաւորի եւ Մելիտոս Եպիսկոպոսի յիշատակը:
Ուրբաթ, 12 Դեկտեմբեր 2008-ին, յետ դասընթացքներուն, Դպրեվանեցիները Երեկոյեան Ժամերգութիւնը կատարելէ ետք, նաեւ կատարեցին Սուրբերուն յիշատակի Նախատօնակը:
Նոյն երեկոյ, Դպրեվանքի սրահին մէջ տեղի ունեցաւ յատուկ հանդիսութիւն, գեղարուեստական յայտագրով, թատերական ներկայացումով ու դասախօսութեամբ: Ժառանգաւորաց բաժնէն՝ Երրորդ ժառանգաւորացի սաները պատրաստած էին գեղարուեստական յայտագիրը: Ներկայ գտնուեցան նաեւ Դպրեվանքի հայոց լեզուի եւ Գրականութեան դասախօս՝ Տիար Սարգիս Կիրակոսեան:
Բացման խօսքով հանդէս եկաւ Գարտանաքեան Յակոբ: Ապա յաջորդաբար Ստեփանեան Յովհաննէս ներկայացուց Յակոբի կեանքն ու գործունէութիւնը, իսկ Քիւրքլեան Վիգէն ընթերցեց Ս. Աւետարանէն հատուած մը: Ս. Մարուգէ Ճգնաւորի եւ Մելիտոս Եպիսկոպոսի կեանքն ու գործունէութիւնը ներկայացուց Սապունճեան Գարլոս, իսկ Նարեկ Աղօթամատեանէն հատուած մը կարդաց Ալթունեան Յովհաննէս: Կիրակոսեան Աբրահամ Ս. Յակոբին նուիրուած ՙՅաղթող եւ Սուրբ Հայրապետ՚ շարականէն հատուած մը երգեց: Ապա ամբողջ դասարանին մասնակցութեամբ ներկայացուեցաւ կենդանի պատկեր, որ առնուած էր Ս. Յակոբի հրաշագործ կեանքէն:
Աւարտին Տիար Սարգիս Կիրակոսեան իր սրտի խօսքը փոխանցեց դպրեվանեցիներուն: Անդրադառնալով անոնց առաքինի վարքին ու հաւատացեալներու վրայ ունեցած ազդեցութեան, ան ըսաւ. ՙՍուրբերը նպաստեցին հայ ժողովուրդի հաւատքի աճման եւ բարօրութեան, իրենց կենցաղով, քրիստոնէավայել ներողամտութեամբ, եղբայրասիրութեամբ ու խոնարհութեամբ՚:
Եզրափակումը կատարուեցաւ Դպրեվանքի Հսկիչ՝ Հոգշ. Տ. Մակար Աբղ. Աշգարեանի կողմէ: Ան գնահատեց Երրորդ ժառանգաւորացի սաները իրենց տարած աշխատանքին համար, ապա բոլորին ուղղելով իր խօսքը, ըսաւ. ՙԱյսօր մենք հոգեպէս կ’ազդուրուեցանք մեր երանելի սուրբերուն վարքով ու սրբակեաց կենցաղով՚: Հայր Սուրբը կոչ ուղղեց դպրեվանեցիներուն հետեւելու անոնց օրինակին:

понеделник, 15 декември 2008 г.

Ս. ՅԱԿՈԲ ԵԿԵՂԵՑՒՈՅ ԱՆՈՒԱՆԱԿՈՉՈՒԹԵԱՆ ՏՕՆԻ ՆՇՈՒՄ

Ս. Յակոբ Մծբնայ հայրապետի անուանակոչութեան տօնին առիթով՝ շաբաթ, 13 դեկտեմբերի յետմիջօրէի ժամը 2։30-ին, Էշրեֆիէի Ս. Յակոբ եկեղեցւոյ շրջափակին մէջ տեղի ունեցաւ ոչխարներու զենում, իսկ երեկոյեան՝ ժամերգութիւն, որուն յաջորդեց մատաղի պատրաստութիւն՝ խանդավառ մթնոլորտի մէջ։Կիրակի, 14 դեկտեմբերին, Ս. Յակոբ եկեղեցւոյ մէջ պատարագ մատուցեց եւ տօնին առիթով իր պատգամը փոխանցեց Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ եպս. Խաչերեան։ Ան հարց տուաւ, թէ ուրկէ՞ կու գայ հաւատքը եւ ինչպէ՞ս կ՚աւելնայ՝ շեշտելով, որ հաւատքը կը սկսի տունէն, ընտանիքէն։ «Քրիստոնէական դաստիարակութիւնը հաւատքի աղբիւրն է եւ հայ քրիստոնեայի կեանքին մաս կը կազմէ, շեշտեց առաջնորդ սրբազանը եւ աւելցուց, որ քրիստոնէական դաստիարակութիւնը եւս կը սկսի տունէն, ուր ծնողներ իրենց զաւակներուն պէտք է փոխանցեն հոգեւոր գիտելիքներու հիմնական սկզբունքները։ «Մենք մեր տուներուն մէջ պիտի վերականգնենք եւ վերապրինք քրիստոնէական հաւատքը իր պարզութեամբ, մեր գործը պիտի շարունակէ դպրոցը, ապա անձը իր կեանքի փորձառութեամբ պիտի հարստացնէ զայն», հաստատեց Գեղամ եպս. Խաչերեան՝ աւելցնելով, որ քրիստոնէական դաստիարակութիւնը սերունդէ-սերունդ փոխանցուող պարգեւ մըն է։Անդրադառնալով Ս. Յակոբի կամ այլ սուրբերու տօնակատարութիւններու՝ առաջնորդ սրբազանը կոչ ուղղեց, որ «մեր տուներուն մէջ ապրինք այդ տօնակատարութիւնները եւ տօները վերածենք քրիստոնէական դաստիարակութեան առաջին եւ ամէնէն կարեւոր դպրոցին, այլ խօսքով՝ վերահաստատենք այդ դպրոցը»։Աւարտին տեղի ունեցաւ մատաղօրհնէքի արարողութիւն, որուն յաջորդեց սիրոյ սեղան։

петък, 12 декември 2008 г.

ՀԱՆԴԻՊՈՒՄ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԵՒ ԱՄԵՆԱՊԱՏԻՒ ՍՖԷՅՐ ՊԱՏՐԻԱՐՔԻ ՄԻՋԵՒ






















12/12/2008







Ուրբաթ 12 Դեկտեմբեր 2008-ին, Մարոնիներու պատրիարքարանին մէջ, Պքէրքէ, հանդիպում մը տեղի ունեցաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի եւ Մարոնիներու պատրիարք Ն.Ա. Նասրալլա-Պութրոս Սֆէյր պատրիարքին միջեւ: Վեհափառ Հայրապետին կ’ընկերանային Լիբանանի Հայոց Առաջնորդ Գերշ. Տ. Գեղամ Եպս. Խաչերեան եւ Միջ-եկեղեցական յարաբերութեանց բաժանմունքի վարիչ՝ Գերշ. Տ. Նարեկ Եպս. Ալեէմէզեան:
Երկու հոգեւոր պետերուն միջեւ այս հանդիպումը կ’իյնար, Վեհափառ Հայրապետին Վատիկան կատարած պաշտօնական այցելութեան աւարտին, ուր Նորին Սրբութիւնը կարեւորութեամբ անդրադարձած էր նաեւ Լիբանանին:
Խօսակցութեան նիւթ դարձան Վեհափառ Հայրապետին վատիկանեան հանդիպումները, քննարկուեցան ընդհանրապէս Միջին Արեւելքի եւ յատկապէս Լիբանանի առնչուած երեսները:
Արամ Ա. Կաթողիկոս յայտնեց, որ թէ՜ Պապին եւ թէ արտաքին յարաբերութեանց պատասխանատու կարտինալին հետ իր հանդիպումներուն ընթացքին շեշտած է Լիբանանի եւ ընդհանրապէս Միջին Արեւելքի քաղաքական իրավիճակը:
Երկու հոգեւոր պետերը անդրադարձան նաեւ Լիբանանի այժմու կացութեան, շեշտեցին ներքին միասնականութիւնը ու երկրին ապահովութիւնը ամրապնդելու անհրաժեշտութիւնը, եւ խաղաղ մթնոլորտի մէջ յառաջիկայ խորհրդարանական ընտրութիւնները կատարելու հրամայականը:






Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ Կ’ԸՆԴՈՒՆԻ ԿԱՐՏԻՆԱԼ ՍԱՆՏՐԻՆ

11/28/2008

Ուրբաթ 28 Նոյեմբեր 2008-ի առաւօտուն, Վատիկան տուած իր պաշտօնական այցելութեան վերադարձէն անմիջապէս յետոյ, Վեհափառ Հայրապետին այցելեց Վատիկանի Արեւելեան Կաթոլիկ Եկեղեցիներու Բաժանմունքի Նախագահ Կարտինալ Սանտրին: Յայտնենք, որ Կարտինալ Սանտրին վերջին չորս օրերուն կը գտնուէր Լիբանան, մասնակցելու Լիբանանի մէջ կայացած արեւելեան կաթոլիկ եկեղեցիներու հոգեւոր պետերու ժողովին:
Աւելի քան ժամ մը տեւող հանդիպման ընթացքին լայնօրէն քննարկուեցաւ Վեհափառ Հայրապետին այցելութիւնը՝ Վատիկան: Վեհափառ Հայրապետը ընդհանուր գիծերով ներկայացուց իր այցելութեան յատկանշական երեսները: Կարտինալ Սանտրին, մօտէն հետեւած ըլլալով Վեհափառ Հայրապետին այցելութեան բոլոր հանգրուաններուն, պատմական որակեց այս այցելութիւնը ու մեծապէս արդիւնաւէտ: Ան անդրադարձաւ յատկապէս նահատակաց համաքրիստոնէական օր մը ճշդելու եւ Ս. Զատկուայ միացեալ թուական ունենալու Վեհափառ Հայրապետին արծարծած գաղափարներուն: Ան նաեւ անդրադարձաւ Վեհափառ Հայրապետին Անթիլիասէն տարած Նահատակաց մասունքին եւ այդ առիթով Վեհափառին արտասանած խօսքին:
Հանդիպման ընթացքին նաեւ անդրադարձ կատարուեցաւ ընդհանրապէս Միջին Արեւելքի քրիստոնէութեան ներկայութեան եւ մասնաւորաբար Լիբանանի կացութեան: Վեհափառը յայտնեց, որ այս մասին ինք խօսած է Ն.Ս. Պապին հետ եւ Վատիկանի բարձրաստիճան պատասխանատուներու հետ եւ անոնց մօտ յստակօրէն տեսած է զօրակցութիւն՝ Լիբանանի եւ ամբողջ շրջանի քրիստոնէութեան նկատմամբ: Կարտինալ Սանտրին իր կարգին հաստատեց Վեհափառ Հայրապետին մօտեցումը, ըսելով, որ իր ներկայութիւնը Լիբանան ինքնին շօշափելի արտայայտութիւն մըն է Վատիկանի զօրակցութեան:
Կարտինալ Սանտրին նաեւ անդրադարձաւ Հռոմի եկեղեցիներէն՝ Սուրբ Վլաս եկեղեցին Հայ եկեղեցւոյ տրամադրութեան տակ դնելու մասին, որպէսզի անհրաշետութեան պարագային հոն կատարուին հայ եկեղեցւոյ ծէս ու պատարագ: Ան նաեւ յայտնեց այս գծով գոյութիւն ոնեցող կարգ մը զգայնութիւնները: Վեհափառ Հայրապետը նախ իր գոհունակութիւնը յայտնեց այս գծով Հայ եկեղեցւոյ նկատմամբ կաթոլիկ եկեղեցւոյ էքիւմենիք վերաբերումին գծով, միաժամանակ մաղթելով որ զգայնութիւնները շուտով փարատին:
Սոյն հանդիպման Կարտինալին կողքին ներկայ էին նաեւ Լիբանանի մօտ Պապական Նուիրակը, Կարտինալին օգնական երկու եպիսկոպոսները, եւ Պքէրքէի ներկայացուցիչը:
Հանդիպման աւարտին Վեհափառ Հայրապետը լանջախաչ մը նուիրեց Կարտինալ Սանտրիին:

ՄԻՋԻՆ ԱՐԵՒԵԼՔԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ԽՈՐՀՈՒՐԴԻ




12/08/2008

Երկուշաբթի 8 Դեկտեմբեր 2008-ի առաւօտուն, Անթիլիասի Մայրավանքին մէջ Արամ Ա. Կաթողիկոսին նախագահութեամբ տեղի ունեցաւ Միջին Արեւելքի Եկեղեցիներու Խորհուրդի բարձրաստիճան պատասխանատուներու հանդիպում:
Հանդիպման ներկայ էին Խորհուրդի կաթոլիկ եկեղեցիներու նախագահը Մաթար Արքեպիսկոպոս, ընդհանուր քարտուղար Դոկտ. Կրկէս Սալեհ, տնտեսական յանձնախումբի փոխ-ատենապետ Դոկտ. Հապիպ Պատր եւ ուրիշներ:
Հանդիպման ընթացքին ընդհանուր արժեւորումը կատարուեցաւ Միջին Արեւելքի Եկեղեցիներու Խորհուրդի վերջին ամիսներու գործունէութեան գլխաւոր երեսներուն, ինչպէս նաեւ շորրջ երկու շաբաթներ առաջ Պէյրութի մէջ Խորհուրդի տնտեսական օժանդակութիւն կատարող արեւմտեան եկեղեցական կազմակերպութիւններու ներկայացուցիչներուն հետ տեղի ունեցած համդիպման: Յայտնենք, որ միջազգային տնտեսական տագնապը նաեւ իր անդրադարձը ունեցած է Խորհուրդի կեանքին: Այս կացութեան դիմաց առնուեցան կարեւոր որոշումներ երկու հանգրուանով գործադրելի: Հանդիպման ընթացին Վեհափառ Հայրապետը նաեւ հեռախօսային հաղորդակցութիւն ունեցաւ Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի ընդհանուր քարտուղարին հետ երկու խորհուրդներուն միջեւ գործացկութիւնը աւելի ծաւալելու հեռանկարներուն շուրջ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԸՆԴՈՒՆԵՑ



12/11/2008

Լիբանանի մէջ Յունաստանի դեսպան Փանոս Քալօճէօփուլոս, Հինգշաբթի 11 Դեկտեմբեր 2008-ի առաւօտուն այցելեց Անթիլիասի Մայրավանքը եւ հանդիպում մը ունեցաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի հետ:
Հանդիպման ընթացքին կողմերը քննարկեցին լիբանանեան քաղաքականութեան վերջին զարգացումներուն տարբեր երեսները, ինչպէս նաեւ հայ ժողովուրդի գործօն մասնակցութիւնը երկրի քաղաքական ու ընկերային կեանքին:
Ընդառաջելով դեսպանին փափաքին, Վեհափառ Հայրապետը նաեւ իրեն պարզեց անցեալ շաբաթ Վատիկան տուած իր այցելութեան գլխաւոր երեսները:
Շրջանային ու միջազգային կացութեան շրջագծին մէջ, անդրադարձ կատարուեցաւ հայ եւ յոյն եկեղեցիներու յարաբերութեան, ինչպէս նաեւ վերջին քանի մը օրերուն Աթէնքի ու շրջակայ քաղաքներուն մէջ տեղի ունեցող վայրագութեանց դրդապատճառներուն:

събота, 10 ноември 2007 г.