понеделник, 15 декември 2008 г.

ԱՅՐՎԵԼ Է ԵԿԵՂԵՑՈՒ ՏԱՆԻՔԸ


Դեկտեմբերի 15-ին Արարատի մարզի Այգեզարդ գյուղի եկեղեցում բռնկված հրդեհի հետեւանքով այրվել է եկեղեցու 10 քմ մակերեսով տանիքը:

«Թող մեր ձեռաց գործերը ըլլան ուղիղ, որպեսզի Տերը հաջողությամբ պսակե զանոնք»


Կյանքը. հայրենիք եւ սեր
Մարդու հայրենիքը Երկիր մոլորակն է, որ սկիզբ է առնում աշխարհի այն անկյունից, ուր քո հայրենիքն է։ Մարդու ժողովուրդը համայն մարդկությունն է, որ սկիզբ է առնում այն ժողովրդից, որին պատկանում ես դու։ Որքան մեծ է մարդկային հոգին, եւ որքան մեծ է սերն առ մարդկություն, նույնքան մեծ է սերն իր ժողովրդի ու հայրենիքի նկատմամբ։Վազգեն կաթողիկոսի անձը շաղախված էր քրիստոնեական սիրո բաղադրատոմսով, եւ կյանքը գործուն սեր էր մարդու, մարդկության ու իր ժողովրդի հանդեպ, ըստ էության՝ աստվածային սեր ե՛ւ Աստծու սեր, հովվապետի սեր ե՛ւ մոլորյալ ոչխարի, ե՛ւ անմեղ գառան նկատմամբ։Այն ուներ եւս մեկ ապշեցուցիչ հատկություն. կենարար էր եւ վարակիչ։ Ընտրյալներ կան, ում վերուստ տրված սիրո պաշարը հորդում է անսպառ աղբյուրի նման, ճաճանչվում լույսի նման, տարածվում, ոռոգում, ողողում միտք ու հոգի։Եվ քանի որ դա գործուն սեր էր, վերածվում էր գործի, մարմնավորվում որպես հայրենասիրություն։ Հայրենասիրությունը ծառայություն է հայրենիքին ու ժողովրդին։ Եվ այդ ծառայության դիսեւորումներից մեկը ազգապահպան լիցքն էր, որ Վեհափառի հոգուց բխելով՝ տարածվում էր ի Հայաստանս եւ ի սփյուռս։ Վազգեն կաթողիկոսն իր գահակալության տարիներին կատարել է բազում հովվապետական այցեր, որոնք, այլեւայլ արդյունքից զատ, մեծապես նպաստել են նաեւ սփյուռքահայության պահպանմանը եւ առաջ բերել յուրահատուկ արձագանք՝ ուխտագնացություն դեպի Հայաստան, դեպի Էջմիածին։Անհնար է պատկերացնել, թե այն ժամանակներում սփյուռքահայի համար ինչ էր Հայաստանն ու Էջմիածինը։ Իր գահակալության առաջին իսկ օրից Վազգեն Առաջինը երազանք է ունեցել. «Մայր Աթոռը դարձնել անխորտակելի կամուրջ, որ միացնե մեր սփյուռքը հայրենի հողին»։ Վազգեն կաթողիկոսը երջանիկ մարդ էր. նրան բախտ էր վիճակված կյանքի կոչել բազում երազանքներ, մեծապատիվ մտահղացումներ. այս մեկը՝ նույնպես։Բայց ինչու՞ սոսկ այս մեկը։ Երբ մարդ գործում է սիրո եւ ծառայության մղումով՝ հայրենասիրության է վերածվում նրա ողջ կյանքը, ողջ գործունեությունը։ Այդպես հայրենասիրություն էր եկեղեցաշինությունը, մշակութային գործունեությունը, կաթողիկոսական ծիսակեցությունից մինչեւ առօրյա պարզ կյանքը, լուսաբացի հրճվանքն ու քարոզը պատարագի ժամանակ։ Ու թերեւս ամենամեծ գործը, որ արել է Վազգեն կաթողիկոսն այս աշխարհում, սիրո այն համընդհանուր շունչն էր, որ տարածում էր նա իր շուրջ, եւ այդ մթնոլորտում ճաճանչվող ուրույն նրբերանգ՝ սեր առ հայրենիք։
Խոսքը
Սերը երբեք չի կորչում«Սիրեցեք զմիմեանս», սիրեցեք մեկդ մյուսին։«Սիրեսցե զընկեր քո, իբրեւ զանձն քո», սիրիր քո ընկերոջը, ինչպես քո անձը։«Սէր երբեք ոչ անկանի», սերը երբեք չի կորչում։Սիրելի հավատացյալներ, ահա երեք պատգամներ, որ արտասանած է երկու հազար տարիներ առաջ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոս։ Հիսուսի Ավետարանը տակավին բազմաթիվ նման արտահայտություններ ունի սիրո մասին, մարդասիրության մասին։ Դրա համար էլ Հիսուսի Ավետարանը կոչվում է նաեւ սիրո Ավետարան, իսկ քրիստոնեական ուսմունքը՝ սիրո վարդապետություն։Իրոք, մարդկային կյանքում, ե՛ւ ընտանեկան կյանքում, ե՛ւ հասարակական կյանքում, ե՛ւ աշխատանքի վայրում, ի՞նչ կա ավելի կարեւոր ու անհրաժեշտ, քան մարդկանց փոխադարձ սերը մեկը մյուսի նկատմամբ։ Մարդկային, ընտանեկան եւ հավաքական կյանքի հիմքերը ամրացված են մարդկանց փոխադարձ սիրո հարաբերությունների վրա։ Առանց անխառն սիրո վատառողջ վիճակ կստեղծվի թե՛ ընտանիքում, թե՛ աշխատանքի վայրում, թե՛ հասարակական կյանքում եւ թե քաղաքացիական կյանքում։Այս ճշմարտությունը Հիսուս հստակորեն հաստատել եւ մեզ է պատգամել, որ մարդկային բնականոն կյանքի, առողջ կյանքի, շինարար կյանքի, իմաստավորված կյանքի կառույցը հիմնված է մարդկանց միջեւ փոխադարձ սիրո վրա։ Ուրեմն, քանի որ այդպես է, հարց տանք, թե ի՞նչ պետք է հասականալ սեր ասելով, մարդասիրություն ասելով։Հավաքական կյանքում սեր ասելով պետք է հասկանալ առաջին հերթին՝ գութ եւ կարեկցություն մեր նմանների նկատմամբ։ Երբ մեկը հիվանդ է, երբ մեկը չքավոր է կամ զրկանքների մեջ կամ անիրավված, ահա այդպիսիների նկատմամբ մենք քրիստոնեաբար զգում ենք կարեկցություն, գութ։ Մարդկային ամենաազնիվ զգացմունքներից մեկն է գութը եւ գերազանցապես քրիստոնեական։Երկրորդ՝ սեր, մարդասիրություն ասելով պետք է հասկանանք մեր նմաններին օգնելու մեր մղումը։ Բոլոր ազնիվ մարդիկ, որ կարեկցում են իրենց նմաններին, նաեւ նրանց օգնելու մասին են մտածում։ Բավական չէ միայն կարեկցել հիվանդին, աղքատին, տկարին, զրկյալին, սգավորին կամ անարդարվածին, այլ պետք է նաեւ նրան օգնության ձեռք երկարել։ Դա իրավ սիրո արտահայտություն է։ Եվ օգնելու տարբեր ձեւեր կան։ Կարելի է նյութապես օգնել, կարելի է եւ բարոյապես օգնել, կարելի է մեկին հոգեպես մխիթարել, կարելի է բարի խորհուրդներով օգտակար լինել, կարելի է քաջալերել, հույս ներշնչել։ Մարդասիրություն ասելով պետք է հասկանանք նաեւ մեկս մյուսի նկատմամբ գնահատանքի վերաբերմունք ունենալը։ Ամեն մարդ ծնված է որոշ ընդունակություններով, որոշ շնորհներով, առավել կամ նվազ չափով, եւ մեզանից ամեն մեկը իր նմանի մեջ պետք է տեսնի եւ գնահատի այդ շնորհը, այդ ընդունակությունը։ Պետք է գնահատենք նրանց բարի գործերը, նրանց շինարար աշխատանքը, նրանց ազնիվ ձգտումները։Եվ, վերջապես, սեր ասելով պիտի հասկանանք նաեւ ներողամտություն։ Եթե իսկապես մեկը մյուսին սիրում է, նրա հանդեպ լինում է նաեւ ներողամիտ, որովհետեւ ամեն մարդ ենթակա է սխալվելու։ Ավետարանն ասում է. «Ո՞վ է այն մարդը, որ ապրում է եւ մեղք չի գործում»։ Բոլոր մարդիկ հավասարապես, կարող եմ ասել, ենթակա են սխալմունքների եւ տկարությունների։ Իսկապես սեր ունեցողը դեպի իր ընկերը ներողամիտ կլինի, խստասիրտ չի լինի եւ բազում անգամներ բարի խոսքով կփորձի նրան ցույց տալ ուղիղ ճանապարհը։ Ուրեմն, ներողամտության ոգին էլ կարեւոր արտահայտություններից մեկն է մարդասիրության, ընկերասիրության։Այսպիսով, գութ եւ կարեկցանք, ընկերոջը օգնելու ձգտում, գնահատանքի վերաբերմունք դեպի մեր նմանները եւ նաեւ ներողամտության ոգի,— ահա այս բոլորով արտահայտվում է ճշմարիտ մարդասիրությունը, ճշմարիտ ընկերասիրությունը հասարակական կյանքում։ Հայ սփյուռքը՝ մնայուն իրողություն …Մեր ուշադրությունը այս պահին կուզենք ուղղել դեպի սփյուռքի մեր եկեղեցիները, սփյուռքի հայկական կյանքը։ Տարակույս չկա, որ լավ է, որ սփյուռք չունենայինք, եւ ամբողջ հայությունը, վեց—յոթը միլիոն, իր մայր հայրենիքին մեջ ապրեր։ Սակայն քանի որ մեր անցած դժբախտ պատմությունը այսպես է տնօրինած, եւ այս է մեր ճակատագիրը, պետք է մենք քաջությամբ ընդունինք այն եւ ոչ միայն աշխատինք պահպանել սփյուռքը, այլեւ այդ սփյուռքեն օգուտ ալ քաղենք մեր ժողովրդի ապագայի համար։ Հետեւաբար մեր գիտակցության առջեւ սփյուռքահայ կյանքն ալ պիտի նկատվի հայ ժողովուրդի վերածնունդի եւ վերազարթոնքի ճանապարհին վրա զարգացող նոր իրականություն, նոր եկեղեցական ազգային ուժ։ Սփյուռքը պետք է ընդունինք իբրեւ կայուն իրականություն, մնայուն իրականություն եւ այդպես կազմակերպենք մեր կյանքը։ Կխոհրինք, թե արդեն ժամանակն է, որ հայությունը ավելի կազմակերպված ձեւով, նպատակասլաց կերպով նայի իր կյանքին, իր ներկային եւ ապագային։Սփյուռքահայ կյանքի տարածքի վրա բազում սքանչելի ձեռնարկներ կան, բազմաթիվ միություններ, կազմակերպություններ, որոնցմե ամեն մեկը իր տեղը ունի, իր իմաստը, իր անհրաժեշտությունը։ Սակայն համայն հայությունը ի մի հավաքող, մեկ կամարի տակ համախմբող կազմակերպությունը մեր սուրբ Եկեղեցին է՝ Աստուծո մեծագույն պարգեւը հայ ժողովրդին ոչ միայն հոգեւոր, այլ նաեւ ազգային տեսակետով։ Գուցե երբեմն մենք կանգիտանանք կամ հարկ եղած կարեւորությամբ չենք գնահատեր մեր Եկեղեցվո այս գերագույն դերը, գոյության իմաստը, բայց մեր ամբողջ պատմությունը կվկայե այդ մասին։ Մանավանդ օսմանյան կայսրության շրջանին, ամբողջ հինգ հարյուր եւ ավելի տարիներ շարունակ հայ ժողովուրդը կարողացած է ինքզինքը ամուր պահպանել շնորհիվ միայն հայ Եկեղեցիին։ Եվ միայն 1915—ի ահավոր հարվածն էր, որ սասանեց այն։ Հետեւաբար, ուղիղ գնահատելով մեր Եկեղեցվո դերը եւ կոչումը՝ քրիստոնեական, բարոյական, մշակութային եւ ազգային տեսակետով, կխորհինք, թե գոյություն ունեցող բոլոր կազմակերպությունները, պահելով հանդերձ իրենց ծրագիրները իրենց գործունեության սահմանին մեջ, պետք է նեցուկ հանդիսանան, օգնեն, որպեսզի այս համահայկական սուրբ հաստատությունը հետզհետե ամրանա, հետզհետե իր սուրբ առաքելությունը կարողանա իրագործել առավելագույն արդյունքով։
Ազատություն եւ փառք
Քանի մը օրեր առաջ, երբ Ժնեւ կգտնվեինք, առավոտ մը, երբ Լեմանի ափին կքալեինք, շենքի մը պարսպին զետեղված մարմարե մեծ տախտակի վրա կարդացինք հետեւյալ քանդակված խոսքերը.«La liberte des plus faibles est la gloire des plus forts» (Lamartine)։(«Տկարների ազատությունը ուժեղների փառքն է»)։Հուզումի ուժգին ցնցում մը ապրեցանք, ըմբոշնելով պահ մը վեհությունը, գաղափարական գեղեցկությունը այս մտածումին։ Ինչքան այժմեական է այսօր ալ Լամարտինի այդ խոսքը։ Բայց եւ տխրությամբ պետք է ավելացնենք, թե մեր օրերու մարդկությունը ինչքան հեռու է այդ մեծ գաղափարի կենսագործումեն։ Մանավանդ մենք, իբրեւ փոքր ժողովուրդ, տակավին ինչքան ծարավի ենք արդարության։ Այնուամենայնիվ, հավատքով զորացած ու միշտ ապագայի հույսերով լուսավորված, լավատես հոգիով մենք պետք է դեպի հառաջ ընթանանք, մեր բոլոր ուժերը լարած, մեր պարտքը կատարելով մեր Եկեղեցվո եւ մեր ժողովրդի հանդեպ, այն հաստատ համոզումով, որ ի վերջո համայն մարդկությունը պիտի հասնի իսկական խաղաղության, արդարության եւ ազատության նավահանգիստը, հերջանկություն բոլոր ազգերու եւ մանավանդ հերջանկություն եւ ի մխիթարություն անցյալի մեջ տանջված եւ այժմ վերածնված մեր ժողովուրդին։


Հակոբ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»

Սբ Թեոպոմպոս եպիսկոպոսի, Թեովնաս վկայի և չորս զինվորների՝ Բասոսի, Եվսեբիոսի, Եվտիքեսի և Բասիլիդեսի հիշատակության օր

Սուրբ Թեոպոմպոս եպիսկոպոսը և Թեովնաս վկան

Ս. Թեոպոմպոս եպիսկոպոսը և Թեովնաս վկան նահատակվել են 303 թ. Նիկոմիդիայում Դիոկղետիանոսի հալածանքների ժամանակ: Լինելով քրիստոնյա՝ նա ընդդիմանում է թագավորին՝ չերկրպագելով կուռքերին, որի համար վառված հնոցի մեջ է նետվում: Սակայն սուրբը հրաշքով փրկվում է, և թագավորն ավելի է զայրանում և նրան բանտ են նետում: Այդ ժամանակ թագավորը կանչում է Թեովնաս մոգին և խնդրում, որ իր կախարդություններով հաղթի Թեոպոմպոսին: Սակայն Թեովնասը, պարտվելով վերջինից, հավատում է Հիսուս Քրիստոսին, որի պատճառով էլ կենդանի թաղվում է խորը փոսում, իսկ Թեոպոմպոսը՝ գլխատվում: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Թեոպոմպոս եպիսկոպոսի, Թեովնաս վկայի և չորս զինվորների՝ Բասոսի, Եվսեբիոսի, Եվտիքեսի և Բասիլիդեսի հիշատակը տոնում է Հիսնակաց պահքի Դ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը:

Սուրբ Բասոսը, Եվսեբիոսը, Եվտիքեսը և Բասիլիդեսը
Ս. Բասոսը, Եվսեբիոսը, Եվտիքեսը և Բասիլիդեսը նահատակվել են Նիկոմիդիայում Դիոկղետիանոսի հալածանքների ժամանակ: Սրանք այն չորս զինվորներն էին, ովքեր պահպանում էին Թեոպոմպոս եպիսկոպոսին: Բայց տեսնելով նրա համբերությունն ու անկոտրում հավատքը՝ դարձի են գալիս և քրիստոնյա դառնում: Դիոկղետիանոս կայսրը, իմանալով այս մասին, կանչում է նրանց, պատիվներից, հարստություններից զրկում և բանտարկում: Անասելի տանջանքներ կրելուց հետո Քրիստոսի երանելի վկաներն ընդունում են նահատակության անթառամ պսակը: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Թեոպոմպոս եպիսկոպոսի, Թեովնաս վկայի և չորս զինվորների՝ Բասոսի, Եվսեբիոսի, Եվտիքեսի և Բասիլիդեսի հիշատակը տոնում է Հիսնակաց պահքի Դ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը:

Հոգեհանգիստ՝ Համայն Ռուսիո Պատրիարքի հոգու խաղաղության համար


Դեկտեմբերի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Սուրբ Պատարագ, հընթացս որի նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց հոգեհանգստյան արարողություն` Մոսկվայի և Համայն Ռուսիո երջանկահիշատակ Ալեքսի Բ Պատրիարքի հոգու խաղաղության համար:
Մինչ հոգեհանգստյան արարողությունը ներկաներին իր խոսքն ուղղեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը` անդրադառնալով Ռուս Ուղղափառ Եկեղեցու նորոգ հանգուցյալ Հովվապետի կյանքին և գործունեությանը: Սրբազան Հայրը կարևորությամբ ընդգծեց լուսահոգի Պատրիարքի հսկայական ավանդը Ռուս Ուղղափառ Եկեղեցու հոգևոր վերազարթոնքի մեջ: Եզնիկ Սրբազանը, մասնավոր անդրադարձ կատարելով Ալեքսի Բ Պատրիարքի միջկրոնական և միջեկեղեցական գործունեությանը, մասնավորապես խոսեց Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա ջերմ կապերի և արդյունավետ համագործակցության մասին: Սրբազան Հայրը նշեց նաև հանգուցյալ Ալեքսի Բ Պատրիարքի խաղաղասիրական գործունեության մասին և շեշտեց Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված նրա գործադրած ջանքերը:
Սրբազան արարողությանը ներկա էր նաև ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեպսան Նիկոլայ Պավլովը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ

ԳԱՐԵԳԻՆ Բ-Ն «Ս.ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ» ՇՔԱՆՇԱՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՍԻՐԻԱՀԱՅ ԲԱՐԵՐԱՐ ԳԱԲՐԻԵԼ ՋԱՄԲԱՐՋԻԻՆ


Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշան է հանձնել սիրիահայ բարերարներ տեր և տիկին Գաբրիել Ջամբարջիներին` բարձր գնահատելով ազգային կյանքում նրանց մատուցած ծառայությունները:Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, շքանշանի հանձնման արարողությանը հանդես են եկել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, տիարք Շահեն Կարամանուկյանն ու Լևոն Սարգսյանը: Նրանք անդրադարձել են Ջամբարջիների ազգօգուտ և եկեղեցաշեն գործունեությանը, նրանց առաքինի և բարերար ոգուն, Գ. Ջամբարջիի ունեցած մեծ ներդրմանը հայ-սիրիական կապերի հաստատման գործում և նրա հոգատար վերաբերմունքն ազգային կրթական և գիտական հաստատությունների նկատմամբ:Շքանշանի հանձնումից հետո Կաթողիկոսին շնորհակալական խոսքով դիմել է Գ. Ջամբարջին` վստահեցնելով, որ պիտի շարունակի իր ծառայությունը ազգին և Եկեղեցուն: Արարողությունը փակվել է Գարեգին Բ-ի օրհնությամբ:

Վեճ գմբեթի տակ. հայկական եկեղեցիների պաշտպանությունը բողոքի ալիք է բարձրացրել Վրաստանում

Արիս Ղազինյան
«ԱրմենիաՆաուի» թղթակից
15 Դեկտեմբեր, 2008

Վերջին հանգստյան օրերն աչքի ընկան հայ հասարակական-քաղաքական հանրության շրջանում տարբեր գործիչների և պատգամավորների ելույթներով, որոնք առնչվում էին հայ-վրացական հարաբերությունների զարգացման հեռանկարներին: Խնդրի նման աշխուժացման պատճառն աննախադեպ իրադարձությունն էր. դեկտեմբերի 11-ին Թբիլիսիում Հայաստանի դեսպանատան առջև հակահայկական բողոքի ակցիա անցկացվեց: Հանրահավաքի մասնակիցները հանդես եկան «Հայաստանի հյուսիսային շրջանում գտնվող տասը եկեղեցիները Վրաց ուղղափառեկեղեցուն հանձնելու» պահանջով:Հայ-վրացական հարաբերություններում սկզբունքային փոփոխություններն ակնհայտ էին դարձել արդեն անցյալ ամիս:Նոյեմբերի 18-ին պաշտոնական Երևանն առաջին անգամ բողոքի նոտայով դիմեց Վրաստանի իշխանություններին: Երկկողմ հարաբերությունների ամբողջ նորագույն պատմության ընթացքում նման բան դեռ չէր եղել:Երևանի պաշտոնական նոտան անմիջապես հաջորդեց Թբիլիսիում հայկական եկեղեցու նկատմամբ հերթական ոտնձգությանը, երբ նոյեմբերի 16-ին վրաց հոգևորական Տարիել Սիկինչելաշվիլին Սբ. Նորաշենի տարածքում էքսկավատորով կազմակերպել էր աշխատանքներ, իբր` «տապանաքարերի տակի և շրջակա տարածքների հողը մաքրելու նպատակով»: Արդյունքում` եկեղեցու պատի տակ գտնվող` այդ քաղաքի հայ մեկենասների գերեզմանաքարերը տեղաշարժվել են: Հայկական եկեղեցիների նկատմամբ Թբիլիսիի իշխանությունների նման վերաբերմունքն արդեն վաղուց հազվադեպ չէ:Այժմ Թբիլիսիում 29 հայկական եկեղեցիներից (սկսած 20-րդ դարից) միայն երկուսն են (Սբ. Գևորգը և Սբ. Էջմիածինը) գործող, մինչդեռ մյուսները կամ վաղուց ավերված են, կամ վրացականացված:Սակայն, միայն նոյեմբերին պաշտոնական Երևանը բողոքի նոտայով դիմեց Վրաստանի կառավարությանը: Ոմանք դա դիտարկում են վերջերս տեղի ունեցած վեցօրյա պատերազմի (վրաց-օսական) համատեքստում, մյուսները` մի փոքր այլ կերպ: Այդուհանդերձ, բոլորը համակարծիք են, որ Հայաստանի իշխանությունների այս քայլը պատահական չէ և բավական հատկանշական: «Աբխազիայից և Հարավային Օսիայից հետո վրացական կողմը պետք է ավելի իմաստուն լինի և զգուշանա այլ ազգերի ինքնությունը վկայող տարրերը յուրացնելու փորձից»,- ասաց «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը:«Վրացական կողմը չի ճանաչում հայկական եկեղեցիները և կոչ է անում եկեղեցիների պատկանելության խնդիրը քննող հանձնաժողով ստեղծել: Նմանօրինակ վերաբերմունք ենք տեսնում նաև թուրքերի կողմից, ովքեր կոչ են անում ստեղծել ցեղասպանության խնդրի առնչությամբ պատմաբանների հանձնաժողով»,- ասաց Հանրապետական խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը:Ակնհայտ է, որ գալիք տաիր կդառնա երկկողմ հարաբերություններում առկա շատ վիճելի խնդիրների պարզաբանման ժամանակաշրջան: Արդեն այժմ պարզ է, որ «եկեղեցական վեճը» հայ-վրացական հակասության սառցալեռան ընդամենը գագաթն է:

Ս. ՅԱԿՈԲ ԵԿԵՂԵՑՒՈՅ ԱՆՈՒԱՆԱԿՈՉՈՒԹԵԱՆ ՏՕՆԻ ՆՇՈՒՄ

Ս. Յակոբ Մծբնայ հայրապետի անուանակոչութեան տօնին առիթով՝ շաբաթ, 13 դեկտեմբերի յետմիջօրէի ժամը 2։30-ին, Էշրեֆիէի Ս. Յակոբ եկեղեցւոյ շրջափակին մէջ տեղի ունեցաւ ոչխարներու զենում, իսկ երեկոյեան՝ ժամերգութիւն, որուն յաջորդեց մատաղի պատրաստութիւն՝ խանդավառ մթնոլորտի մէջ։Կիրակի, 14 դեկտեմբերին, Ս. Յակոբ եկեղեցւոյ մէջ պատարագ մատուցեց եւ տօնին առիթով իր պատգամը փոխանցեց Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ եպս. Խաչերեան։ Ան հարց տուաւ, թէ ուրկէ՞ կու գայ հաւատքը եւ ինչպէ՞ս կ՚աւելնայ՝ շեշտելով, որ հաւատքը կը սկսի տունէն, ընտանիքէն։ «Քրիստոնէական դաստիարակութիւնը հաւատքի աղբիւրն է եւ հայ քրիստոնեայի կեանքին մաս կը կազմէ, շեշտեց առաջնորդ սրբազանը եւ աւելցուց, որ քրիստոնէական դաստիարակութիւնը եւս կը սկսի տունէն, ուր ծնողներ իրենց զաւակներուն պէտք է փոխանցեն հոգեւոր գիտելիքներու հիմնական սկզբունքները։ «Մենք մեր տուներուն մէջ պիտի վերականգնենք եւ վերապրինք քրիստոնէական հաւատքը իր պարզութեամբ, մեր գործը պիտի շարունակէ դպրոցը, ապա անձը իր կեանքի փորձառութեամբ պիտի հարստացնէ զայն», հաստատեց Գեղամ եպս. Խաչերեան՝ աւելցնելով, որ քրիստոնէական դաստիարակութիւնը սերունդէ-սերունդ փոխանցուող պարգեւ մըն է։Անդրադառնալով Ս. Յակոբի կամ այլ սուրբերու տօնակատարութիւններու՝ առաջնորդ սրբազանը կոչ ուղղեց, որ «մեր տուներուն մէջ ապրինք այդ տօնակատարութիւնները եւ տօները վերածենք քրիստոնէական դաստիարակութեան առաջին եւ ամէնէն կարեւոր դպրոցին, այլ խօսքով՝ վերահաստատենք այդ դպրոցը»։Աւարտին տեղի ունեցաւ մատաղօրհնէքի արարողութիւն, որուն յաջորդեց սիրոյ սեղան։

Հրաժարվում են մասնակցել կլոր սեղանին

15 Դեկտեմբերի 2008

Վրաստանի դեսպանի խորհրդական Նինո Ափցիաուրին մերժեց Հետքի կլոր սեղանին մասնակցելու հրավերը` պատճառաբանելով, որ ինքը խորհրդակցել է դեսպանի հետ, որը նպատակահարմար չի գտել խորհրդականի մասնակցությունը քննարկմանը, քանի որ Վրաստանը եկեղեցիների վերաբերյալ դեռ պաշտոնապես հայտարարություն չի արել:
«Դեռ Վրաստանի մշակույթի նախարարությունը, քաղաքապետարանը պաշտոնապես բան չեն ասել, երբ հայտնեն, մենք կմասնակցենք»,-ասաց դեսպանի խորհրդականը:
Հետքը նախատեսել էր Վրաստանի հայկական եկեղեցիների վիճակի, մասնավորապես վերջերս Թբիլիսիի Սուրբ Նորաշեն եկեղեցու շուրջ կատարվող իրադարձությունների վերաբերյալ կլոր սեղան-քննարկում կազմակերպել երեք բանախոսների միջեւ: Հրավիրվել էր Հայկական ճարտարապտությունն ուսումնասիրող կազամակերպության հայկական գրասենյակի ղեկավար Սամվել Կարապետյանը, Հայաստանում Վրաստանի դեսպանի խորհրդական Նինո Ափցիաուրին եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Կլոր սեղանին մասնակցելու պատրաստակամություն եւ համաձայնություն տվել էր միայն Սամվել Կարապետյանը:
Տեր Վահրամն էլ պատճառաբանեց, որ «անընդհատ նույն մարդիկ են հրավիրվում, այդ քննարկումները ոչ մի նոր բան, խնդրին նոր լուծում չեն տալու»: Նա նաեւ ասաց, որ ոչ միայն անիմաստ են նմանատիպ քննարկումները, այլ նաեւ անիմաստ է իր մասնակցությունը: