понеделник, 15 декември 2008 г.

Վեճ գմբեթի տակ. հայկական եկեղեցիների պաշտպանությունը բողոքի ալիք է բարձրացրել Վրաստանում

Արիս Ղազինյան
«ԱրմենիաՆաուի» թղթակից
15 Դեկտեմբեր, 2008

Վերջին հանգստյան օրերն աչքի ընկան հայ հասարակական-քաղաքական հանրության շրջանում տարբեր գործիչների և պատգամավորների ելույթներով, որոնք առնչվում էին հայ-վրացական հարաբերությունների զարգացման հեռանկարներին: Խնդրի նման աշխուժացման պատճառն աննախադեպ իրադարձությունն էր. դեկտեմբերի 11-ին Թբիլիսիում Հայաստանի դեսպանատան առջև հակահայկական բողոքի ակցիա անցկացվեց: Հանրահավաքի մասնակիցները հանդես եկան «Հայաստանի հյուսիսային շրջանում գտնվող տասը եկեղեցիները Վրաց ուղղափառեկեղեցուն հանձնելու» պահանջով:Հայ-վրացական հարաբերություններում սկզբունքային փոփոխություններն ակնհայտ էին դարձել արդեն անցյալ ամիս:Նոյեմբերի 18-ին պաշտոնական Երևանն առաջին անգամ բողոքի նոտայով դիմեց Վրաստանի իշխանություններին: Երկկողմ հարաբերությունների ամբողջ նորագույն պատմության ընթացքում նման բան դեռ չէր եղել:Երևանի պաշտոնական նոտան անմիջապես հաջորդեց Թբիլիսիում հայկական եկեղեցու նկատմամբ հերթական ոտնձգությանը, երբ նոյեմբերի 16-ին վրաց հոգևորական Տարիել Սիկինչելաշվիլին Սբ. Նորաշենի տարածքում էքսկավատորով կազմակերպել էր աշխատանքներ, իբր` «տապանաքարերի տակի և շրջակա տարածքների հողը մաքրելու նպատակով»: Արդյունքում` եկեղեցու պատի տակ գտնվող` այդ քաղաքի հայ մեկենասների գերեզմանաքարերը տեղաշարժվել են: Հայկական եկեղեցիների նկատմամբ Թբիլիսիի իշխանությունների նման վերաբերմունքն արդեն վաղուց հազվադեպ չէ:Այժմ Թբիլիսիում 29 հայկական եկեղեցիներից (սկսած 20-րդ դարից) միայն երկուսն են (Սբ. Գևորգը և Սբ. Էջմիածինը) գործող, մինչդեռ մյուսները կամ վաղուց ավերված են, կամ վրացականացված:Սակայն, միայն նոյեմբերին պաշտոնական Երևանը բողոքի նոտայով դիմեց Վրաստանի կառավարությանը: Ոմանք դա դիտարկում են վերջերս տեղի ունեցած վեցօրյա պատերազմի (վրաց-օսական) համատեքստում, մյուսները` մի փոքր այլ կերպ: Այդուհանդերձ, բոլորը համակարծիք են, որ Հայաստանի իշխանությունների այս քայլը պատահական չէ և բավական հատկանշական: «Աբխազիայից և Հարավային Օսիայից հետո վրացական կողմը պետք է ավելի իմաստուն լինի և զգուշանա այլ ազգերի ինքնությունը վկայող տարրերը յուրացնելու փորձից»,- ասաց «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը:«Վրացական կողմը չի ճանաչում հայկական եկեղեցիները և կոչ է անում եկեղեցիների պատկանելության խնդիրը քննող հանձնաժողով ստեղծել: Նմանօրինակ վերաբերմունք ենք տեսնում նաև թուրքերի կողմից, ովքեր կոչ են անում ստեղծել ցեղասպանության խնդրի առնչությամբ պատմաբանների հանձնաժողով»,- ասաց Հանրապետական խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը:Ակնհայտ է, որ գալիք տաիր կդառնա երկկողմ հարաբերություններում առկա շատ վիճելի խնդիրների պարզաբանման ժամանակաշրջան: Արդեն այժմ պարզ է, որ «եկեղեցական վեճը» հայ-վրացական հակասության սառցալեռան ընդամենը գագաթն է:

Ս. ՅԱԿՈԲ ԵԿԵՂԵՑՒՈՅ ԱՆՈՒԱՆԱԿՈՉՈՒԹԵԱՆ ՏՕՆԻ ՆՇՈՒՄ

Ս. Յակոբ Մծբնայ հայրապետի անուանակոչութեան տօնին առիթով՝ շաբաթ, 13 դեկտեմբերի յետմիջօրէի ժամը 2։30-ին, Էշրեֆիէի Ս. Յակոբ եկեղեցւոյ շրջափակին մէջ տեղի ունեցաւ ոչխարներու զենում, իսկ երեկոյեան՝ ժամերգութիւն, որուն յաջորդեց մատաղի պատրաստութիւն՝ խանդավառ մթնոլորտի մէջ։Կիրակի, 14 դեկտեմբերին, Ս. Յակոբ եկեղեցւոյ մէջ պատարագ մատուցեց եւ տօնին առիթով իր պատգամը փոխանցեց Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ եպս. Խաչերեան։ Ան հարց տուաւ, թէ ուրկէ՞ կու գայ հաւատքը եւ ինչպէ՞ս կ՚աւելնայ՝ շեշտելով, որ հաւատքը կը սկսի տունէն, ընտանիքէն։ «Քրիստոնէական դաստիարակութիւնը հաւատքի աղբիւրն է եւ հայ քրիստոնեայի կեանքին մաս կը կազմէ, շեշտեց առաջնորդ սրբազանը եւ աւելցուց, որ քրիստոնէական դաստիարակութիւնը եւս կը սկսի տունէն, ուր ծնողներ իրենց զաւակներուն պէտք է փոխանցեն հոգեւոր գիտելիքներու հիմնական սկզբունքները։ «Մենք մեր տուներուն մէջ պիտի վերականգնենք եւ վերապրինք քրիստոնէական հաւատքը իր պարզութեամբ, մեր գործը պիտի շարունակէ դպրոցը, ապա անձը իր կեանքի փորձառութեամբ պիտի հարստացնէ զայն», հաստատեց Գեղամ եպս. Խաչերեան՝ աւելցնելով, որ քրիստոնէական դաստիարակութիւնը սերունդէ-սերունդ փոխանցուող պարգեւ մըն է։Անդրադառնալով Ս. Յակոբի կամ այլ սուրբերու տօնակատարութիւններու՝ առաջնորդ սրբազանը կոչ ուղղեց, որ «մեր տուներուն մէջ ապրինք այդ տօնակատարութիւնները եւ տօները վերածենք քրիստոնէական դաստիարակութեան առաջին եւ ամէնէն կարեւոր դպրոցին, այլ խօսքով՝ վերահաստատենք այդ դպրոցը»։Աւարտին տեղի ունեցաւ մատաղօրհնէքի արարողութիւն, որուն յաջորդեց սիրոյ սեղան։

Հրաժարվում են մասնակցել կլոր սեղանին

15 Դեկտեմբերի 2008

Վրաստանի դեսպանի խորհրդական Նինո Ափցիաուրին մերժեց Հետքի կլոր սեղանին մասնակցելու հրավերը` պատճառաբանելով, որ ինքը խորհրդակցել է դեսպանի հետ, որը նպատակահարմար չի գտել խորհրդականի մասնակցությունը քննարկմանը, քանի որ Վրաստանը եկեղեցիների վերաբերյալ դեռ պաշտոնապես հայտարարություն չի արել:
«Դեռ Վրաստանի մշակույթի նախարարությունը, քաղաքապետարանը պաշտոնապես բան չեն ասել, երբ հայտնեն, մենք կմասնակցենք»,-ասաց դեսպանի խորհրդականը:
Հետքը նախատեսել էր Վրաստանի հայկական եկեղեցիների վիճակի, մասնավորապես վերջերս Թբիլիսիի Սուրբ Նորաշեն եկեղեցու շուրջ կատարվող իրադարձությունների վերաբերյալ կլոր սեղան-քննարկում կազմակերպել երեք բանախոսների միջեւ: Հրավիրվել էր Հայկական ճարտարապտությունն ուսումնասիրող կազամակերպության հայկական գրասենյակի ղեկավար Սամվել Կարապետյանը, Հայաստանում Վրաստանի դեսպանի խորհրդական Նինո Ափցիաուրին եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Կլոր սեղանին մասնակցելու պատրաստակամություն եւ համաձայնություն տվել էր միայն Սամվել Կարապետյանը:
Տեր Վահրամն էլ պատճառաբանեց, որ «անընդհատ նույն մարդիկ են հրավիրվում, այդ քննարկումները ոչ մի նոր բան, խնդրին նոր լուծում չեն տալու»: Նա նաեւ ասաց, որ ոչ միայն անիմաստ են նմանատիպ քննարկումները, այլ նաեւ անիմաստ է իր մասնակցությունը:

неделя, 14 декември 2008 г.

Տիրոջ եւ «տիրոջ» ծառաները

Եպիսկոպոսի գործունեության գնահատականը պետք է տան հավատացյալները
Վերջերս բավականին մեծ մարդկային խռովք ապրեցի, երբ տեղեկացա, որ չնչին տպաքանակ ունեցող թերթերից մեկի էջերում ինչ-որ մեկը փորձ է արել ցեխ շպրտել Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ տեր Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի վրա: Ընդ որում, կարելի է ենթադրել, որ հեղինակն առանձնապես տեղյակ չէ թեմի անցուդարձից եւ, մասնավորապես, կարծում է, որ թեմի՝ դեռեւս կառուցման փուլում գտնվող առաջնորդանիստ տաճարն էլ գտնվում է Մոսկվայի Արբատում: Իրականում տաճարը գտնվում է Տրիֆոնովսկայա փողոցում: Ըստ իս, եպիսկոպոսի գործունեությանը գնահատական տալու առաջնահերթ իրավունքը պատկանում է թեմի հավատացյալներին, եւ որպես ականատես ինքս էլ կարող եմ վկայակոչել այն ձեռքբերումները, որոնց հասել է թեմը վերջին 4 տարվա ընթացքում՝ Եզրաս եպիսկոպոսի առաջնորդությամբ: Մասնավորապես, վերը հիշատակված կառուցվող Մայր տաճարին կից արդեն գործում են Հայորդաց տունն ու կիրակնօրյա դպրոցը, որոնց գործունեության կարեւորությունն անհերքելի է՝ դրանք հնարավորություն են ընձեռում հայոց լեզու, պատմություն եւ կրոն ուսումնասիրել մեծաթիվ հայազգի պատանիների: Միայն այն, որ Հայորդաց տանը գործում են տարբեր մշակութային խմբակներ, իսկ կիրակնօրյա դպրոցում ուսանում է ավելի քան 300 հայազգի երիտասարդ, պերճախոս վկայություն է՝ թեմը ծավալում է ոչ թե զուտ էկումենիկ, այլ նաեւ հայապահպանության նվիրական առաքելություն: Իսկ կառուցվող տաճարը, որը եկեղեցական համալիր է, իր արտաքին տեսքով անասելի պատկառանք ու էսթետիկ հաճույք է պատճառում:
Ուշադրության է արժանի նաեւ ներկայումս թեմի հոգեւոր հավաքատեղի համարվող Սբ. Հարություն եկեղեցու ու նրա շրջակա միջավայրի բարեկարգ եւ խնամված տեսքը, ինչն այդպես էլ բաղձալի փափագ մնաց նախորդ՝ 27 տարի թեմը ղեկավարած եւ տարբեր թերթերով գովերգված սրբազանի օրոք: Մինչ 2004 թվականը, երբ եկեղեցին տնօրինում էր թեմի՝ դեռեւս 2002-ին կարգալույծ եղած եւ 2 տարի բռնությամբ եկեղեցին տնօրինած նախորդ առաջնորդը, Սբ. Հարություն եկեղեցու շրջակա տարածքը գտնվում էր, մեղմ ասած, անմխիթար վիճակում. ամենուր տարածված էին զանազան ցածրակարգ ուտելիքների բույրեր՝ այդ տեսարանից հավատացյալին միայն ընկճվածություն էր պատում:
Թեմի արդյունավետ գործունեության մասին է վկայում նաեւ այն հանգամանքը, որ «Поклогнная гора" կոչվող վայրում քրիստոնյա բոլոր եկեղեցիների կառուցման համար նախատեսված տարածքում Հայ առաքելական եկեղեցուն է հատկացվել ամենակենտրոնական տեղը: Սրբազանը, համոզված եմ, գովեստի խոսքերի կարիք բնավ չի զգում, քանզի նրա գործունեությունը տեղավորվում է եկեղեցանվեր առաքելության մեջ:
Թե՛ կառուցվող տաճարի, թե՛, առհասարակ, թեմի գործունեության մասին յուրաքանչյուրը կարող է տեղեկություններ քաղել www.armenianchurch.ru էլեկտրոնային կայքից:

ՌՈՒԶԱՆՆԱ ԿՈՒՐԱԶՅԱՆ
«ԱՌԱՎՈՏ»

Ո՞վ է Հրանդ Տինք, Ըստ Իր Ուսուցիչին՝ Հրանդ Կիւզէլեանի

15 Սեպտեմբեր, 1954-ին Մալաթիա քաղաքին մէջ ծմած հայ մը, որ 1961-ի ատենները Պոլիս գաղդած է ընտանիքով: Երբ եօթ տարեկան էր մայրը բերաւ Կ. Պոլսի Կէտիկփաշայի մեր՝Հայ Աւետարանական եկեղեցի, որ մեր խնամքին տակ գտնուող գաւառացի տղոց բնակարանը ընդունիմ: Պատասխանեցի, թէ մեր նպատակը Անատոլուի մէջ մնացած հայ մանուկը փրկել է, որոնք օր ըստ օրէ կ՛իսլամացուին ու կը թրքացուին: Ըսաւ, թէ այս տղուն հայրը Բողոքական է պէտք է ընդունիս, մերժեցի պատասխանելով, թէ մեր նպատակը Աւետարանականները հաւաքելը չէ. այս տղոցը բոլորն ալ հայ են, ունինք նոյնիսկ Կաթողիկէ տղաք եւ Ասորիներ: Առաքելականն ալ, Կաթողիկէն ալ ու Աւետարանականն ալ Հայ են: Մենք ոչ մէկ խտիր կը դնենք, ոչ ալ կողմնակցութիւն կ՛ընենք:Օրեր անցան, երբ լսեցի թէ հայրը անգործ ըլլալուն, մայրը փողոց ձգած է Հրանդը եւ իրմէ պզտիկ երկու եղբայրները Խոսրովը մօտ 6, իսկ Երուանդը 4 տարեկան: Դրացիներու խնդրանքին վրայ երեքն ալ ընդունեցի Կէտիկփաշայի Հայաստանեայց Աւետարանական Եկեղեցիին հովանաւորութեան տակ գտնուող Պատանեկան Տան մէջ (Պատանեկան Տունը հիմնուած էր 1957-ին վերոյիշեալ եկեղեցիին հոգաբարձութեան ձեռնարկով, որուն նպատակն էր գաւառներէն հայորդիներ բերել եւ հայեցի ու քրիստոնէական կրթութեամբ դաստիարակել, նկատի ունենալով, որ գավառներուն մէջ ոչ եկեղեցի մնացած էր ոչ ալ դպրոց):Հրանդը եւ Երուանդը ութը տարի մեր խնամքին տակ գտնուեցան, Խոսրովը նախակրթարան աւարտելէ ետք Այնճար ղրկեցի ուսումը շարունակելու համար, որով երեքն ալ դաստիարակուեցան հայեցի ու քրիստոնէական կրթութեամբ: Հրանդը նախակրթարանէն շրջանաւարտ ըլլալէ ետք իր ուսումը շարունակեց Պէզճեան վարժարանին մէջ (Հայոց Պատրիարքարանի հովանու ներքո գտնուող կրթական հաստատութիւն), միշտ մնալով Պատանեկան Տան խնամքին տակ: Լիսէի բաժինը Սբ. Խաչ Դպրեվանքի մէջ շարունակեց միայն երկու տարի, յետոյ թրքական Լիսէ եւ Համալսարան: Վկայական ստացաւ Կենդանաբանական ճիւղէն եւ շարունակեց ուսումը Գրական ու Փիլիսոփայական ճիւղերուն մէջ:Ուսանողութեան շրջանին ամուսնացաւ Ռաքէլ անուն աղջկան մը հետ, որ 1968-ին Սիլոբի կոչուած վայրը գացեր ու քսան մանուկներ արձանագրեր էի, որոնց երեքը Ռաքէլ ու իր երկու եղբայրներն էին, որոնց մայրը կանուխ մահացած էր: Հրանդը ծանօթացած էր Ռաքէլի, երբ երկուքն ալ մեր խնամքին տակ կգտնուին: Հրանդ Տինքը ակտիվ մասնակցութիւն ունենալով Հայ Աւետարանական եկեղեցու կողմե ստեղծված մանուկներու ամառնային հանգիստի ՔամփԱրմենի (ճամբար) մէջ, որ կգտնվեր ծօվեզերքին մոտ՝ Թուզլա բնակավայրում: Նա սկզբում որպես, մանուկ, պատանի կհանգստանար ճամբարում, եղավ ջոկատավար, իսկ ավելի ուշ դարձավ ճամբարի ընդհանուր պատասխանատուներէն մեկը:Հրանդ Տինքը որոշ ժամանակ եղաւ Կէտիկփաշայի Հայաստանեայց Աւետարանական Եկեղեցիին հոգաբարձութեան մեկ անդամը:Հրանդը գրենական պիտոյքներու վաճառատուն մը բացաւ եւ տարիներ վերջ, 5 Ապրիլ 1996-ին սկսաւ հրատարակել ԱԿՕՍ շաբաթաթերթը, 12 էջնոց թերթ մը՝ միայն 2 էջ հայերէն եւ մնացեալը թրքերէն ըլլալով: Եւ առաջին մէկ օրէն սկսաւ Հայոց պատմութիւնը թրքերէնով հրատարակել, որպէսզի Թուրք լրագրողներ եւ Թուրքեր կարդան եւ գիտակցին, թէ հազարաւոր տարիներէ ի վեր Հայեր կ՛ապրէին՝ ներկայիս Թուրքեայ կոչուած տարածքին վրայ, բայց այժմ Հայ ժողովուրը այդ հողերուն վրայ չգտնուիր:

Հրանդ Կիւզէլեան



14 Դեկտեմբեր, 2008




Սբ Իգնատիոս և Ադդե հայրապետների ու Մարութա եպիսկոպոսի հիշատակության օր

Սուրբ Իգնատիոս Անտիոքացի

Ս. Իգնատիոս Անտիոքացին կոչվել է նաև «Աստվածազգյաց», քանզի, ըստ ավանդության, նա այն երջանիկ մանուկն էր, որին Հիսուս Քրիստոս գրկեց և իր առաքյալներին պատգամեց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք այս մանուկների նման, երկնքի արքայություն չեք մտնի» (Մատթ. ԺԸ 3): Եղել է Պետրոս և Հովհաննես առաքյալների աշակերտը, ինչպես նաև Անտիոքի երկրորդ եպիսկոպոսը և մեծ հեղինակություն վայելել Արևելքում: Տրայանոս կայսեր հրահրած քրիստոնեական հալածանքների ժամանակ ձերբակալվել է և հռոմեական զինվորների ուղեկցությամբ տարվել Հռոմ, ուր և նահատակվել է 113/117թթ.՝ ինքնակամ նետվելով առյուծների առաջ: Գրել է բազմաթիվ նամակներ՝ ուղղած քրիստոնեական տարբեր համայնքների, որոնցից պահպանվել են 7-ը: Հայ Առաքելական Եկեղեցին ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդեի և Մարութա եպիսկոպոսի հիշատակը տոնում է Հիսնակաց պահքի Դ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը:


Սուրբ Ադդե հայրապետ

Ս. Ադդե հայրապետը (Ա դ.) եղել է Եդեսիայի եպիսկոպոսը՝ իր ձեռնադրությունն ստանալով Թադեոս առաքյալից: Նահատակվել է հեթանոս թագավորի հրամանով Ա դարի երկրորդ քառորդում: Հայ Առաքելական Եկեղեցին ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդեի և Մարութա եպիսկոպոսի հիշատակը տոնում է Հիսնակաց պահքի Դ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը:


Սուրբ Մարութա եպիսկոպոսը

Ս. Մարութան եղել է Չորրորդ Հայքի Նփրկերտ քաղաքի եպիսկոպոսը: Նրա հայրն ասորի էր, իսկ մայրը՝ հայ: Մեծ հեղինակություն է վայելել Պարսկաստանում և Բյուզանդիայում: Մասնակցել է 381 թ. Կ. Պոլսի Տիեզերական ժողովին: Երկու անգամ, իբրև Թեոդոս կայսեր բանագնաց, գնացել է պարսից Հազկերտ արքայի մոտ բանակցելու՝ քրիստոնյաների դեմ հալածանքները դադարացնելու համար: Վախճանվել է 422 թ.: Հայ Առաքելական Եկեղեցին ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդեի և Մարութա եպիսկոպոսի հիշատակը տոնում է Հիսնակաց պահքի Դ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը: