петък, 12 декември 2008 г.

Մծբինի սուրբ Հակոբ հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օր

13 դեկտեմբեր 2008
Մծբինի սուրբ Հակոբ հայրապետ

Սուրբ Հակոբ (Մծբնեցի) հայրապետ Սբ Հակոբ (Մծբնեցի) հայրապետն Ընդհանրական Եկեղեցու հեղինակավոր և սիրված սրբերից է: Կատարած բազում հրաշքների շնորհիվ նրան կոչել են նաև «Սքանչելագործ»: Վարքագրական աղբյուրների համաձայն՝ ս. Հակոբը պարթևական տոհմից էր և մեր առաջին հայրապետ ս. Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ որդին: Երբ Անակ Պարթևի տոհմը բնաջնջվում է, դայակները մանուկ Սուրենին և Հակոբին փախցնում են Կեսարիա, ուր նրանք դաստիարակվում են քրիստոնեական ոգով և շնչով: Շատ չանցած, մանուկ Հակոբն իր քրոջ Սակդենի տեղափոխվում են Պարսկաստան և որոշ ժամանակ ապրում արքունիքում: Սակայն Հակոբը թողնում է այդ ճոխ կյանքը՝ իրեն նվիրելով ճգնակեցությանը: Հետո ս. Հակոբը գնում է Մծբին՝ հանդիպելով Մարուգե ճգնավորին, ով հռչակված էր իր սրբակենցաղությամբ և հոգետեսությամբ: Վերջինից լսելով, որ այդ կողմերի մարդկանցից շատեր, թեպետև հավատքի են եկել, բայց թերահավատորեն են մոտենում Ս. Գրքին և կասկածում Նոյյան տապանի գոյությանը, որոշում է բարձրանալ լեռը՝ տապանը տեսնելու և նրանից մի մաս բերելու համար: Հակառակ սրբի անկոտրում կամքի՝ նա չի կարողանում հասնել Արարատի գագաթը և երկար տանջվելուց հետո նիրհում է: Երազում հրեշտակը այցելում է նրան և տապանից մի մասունք է դնում սրբի գլխատակին: Ըստ ավանդության՝ ս. Հակոբի պառկած տեղում մի սառնորակ աղբյուր է բխել, որը հայտնի է եղել իր բուժիչ և հրաշագործ հատկություններով, իսկ աղբյուրի կողքին հետագայում սրբի անունով եկեղեցի է կառուցվել: Նոյյան տապանի այդ մասունքը ցայսօր պահվում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Լինելով ժամանակի պատկառելի անձնավորություներից մեկը՝ մասնակցել է 325 թ. Նիկիայի Տիեզերական ժողովին: Իր կյանքի ընթացքում բազմաթիվ հրաշքներ է գործել: Մծբինի եպիսկոոսի մահից հետո Աստված Մարուգեին հայտնում է, որ Հակոբն է լինելու աթոռի արժանի հետնորդը: Երկար տարիներ իր հոտը հովվելուց հետո մահանում է 350 թ.: Հայ Առաքելական Եկեղեցին Մծբինի ս. Հակոբ հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակը տոնում է Դ Հիսնակաց կիրակիին նախորդող շաբաթ օրը:
Մելիտոս եպիսկոպոս

Սուրբ Մելիտոս եպիսկոպոս Ս. Մելիտոս եպիսկոպոսը († 381) ծնվել է Փոքր Հայքի Մելիտինե քաղաքում: 358 թ. դառնում է Փոքր Հայքի Սեբաստիա քաղաքի եպիսկոպոսը, իսկ 360 թ. ընտրվում է Անտիոքի Աթոռի գահակալ: Նա, լինելով վարքով սրբակենցաղ, վարվեցողությամբ` քաղցրաբարո, աստվածպաշտության մեջ` անկեղծ, միաժամանակ խուսափում էր ժամանակի աստվածաբանական վիճաբանություններից: Եվ ժողովուրդն ակնկալում էր, որ նրան կհաջողվեր խաղաղություն հաստատել կրոնական վեճերի պատճառով պառակտված Անտիոք քաղաքում: Արդարև, նա ի զորու է լինում սիրաշահել այս անհանդարտ քաղաքի բնակչությանը. հեռու մնալով աստվածաբանական վիճելի խնդիրների արծարծումից` բավականանում է միայն բարոյական ու գործնական քարոզներով, աշխատում է աստիճանաբար բարեկարգել որոշ անկարգություններ: Սակայն Կոստանդիոս արիոսական կայսեր կազմակերպած Անտիոքի ժողովում, որի նպատակն էր երևան հանել Մելիտոսի վարդապետական համոզումները, բացահայտում է իր ուղղափառ լինելը: Արիոսականների սադրանքով երիցս դատապարտվում է աքսորի: Ս. Մելիտոս եպիսկոպոսի գրչին է պատկանում «Հավատքի շարադրում» աստվածաբանական երկը, որն օգնել է բազում մոլորվածների վերադառնալու ճշմարիտ հավատքի: Սուրբը մասնակցել է 381 թ. Կ. Պոլսի Բ Տիեզերաժողովին` նախագահելով այն, սակայն տակավին ժողովը չավարտված` վախճանվել է: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Անտիոքի Մելիտոս հայրապետի հիշատակը տոնում է Խաչվերացի Թ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը, ինչպես նաև Հիսնակաց Դ կիրակիին նախորդող շաբաթ օրը։

ՀԱՆԴԻՊՈՒՄ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԵՒ ԱՄԵՆԱՊԱՏԻՒ ՍՖԷՅՐ ՊԱՏՐԻԱՐՔԻ ՄԻՋԵՒ






















12/12/2008







Ուրբաթ 12 Դեկտեմբեր 2008-ին, Մարոնիներու պատրիարքարանին մէջ, Պքէրքէ, հանդիպում մը տեղի ունեցաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի եւ Մարոնիներու պատրիարք Ն.Ա. Նասրալլա-Պութրոս Սֆէյր պատրիարքին միջեւ: Վեհափառ Հայրապետին կ’ընկերանային Լիբանանի Հայոց Առաջնորդ Գերշ. Տ. Գեղամ Եպս. Խաչերեան եւ Միջ-եկեղեցական յարաբերութեանց բաժանմունքի վարիչ՝ Գերշ. Տ. Նարեկ Եպս. Ալեէմէզեան:
Երկու հոգեւոր պետերուն միջեւ այս հանդիպումը կ’իյնար, Վեհափառ Հայրապետին Վատիկան կատարած պաշտօնական այցելութեան աւարտին, ուր Նորին Սրբութիւնը կարեւորութեամբ անդրադարձած էր նաեւ Լիբանանին:
Խօսակցութեան նիւթ դարձան Վեհափառ Հայրապետին վատիկանեան հանդիպումները, քննարկուեցան ընդհանրապէս Միջին Արեւելքի եւ յատկապէս Լիբանանի առնչուած երեսները:
Արամ Ա. Կաթողիկոս յայտնեց, որ թէ՜ Պապին եւ թէ արտաքին յարաբերութեանց պատասխանատու կարտինալին հետ իր հանդիպումներուն ընթացքին շեշտած է Լիբանանի եւ ընդհանրապէս Միջին Արեւելքի քաղաքական իրավիճակը:
Երկու հոգեւոր պետերը անդրադարձան նաեւ Լիբանանի այժմու կացութեան, շեշտեցին ներքին միասնականութիւնը ու երկրին ապահովութիւնը ամրապնդելու անհրաժեշտութիւնը, եւ խաղաղ մթնոլորտի մէջ յառաջիկայ խորհրդարանական ընտրութիւնները կատարելու հրամայականը:






Լուսին Գաբրիէլեանի Մանրանկարչական Գործերու Ցուցահանդէս

12 Դեկտեմբեր 2008

ԼիբանանՀայ Կաթողիկէ Մեսրոպեան Բարձրագոյն վարժարանի հիմնադրութեան 70 ամեակի առիթով ծրագրուած մշակութային ձեռնարկներու ծիրին մէջ, նախագահութեամբ դոկտ.Մովսէս Հերկելեանի, Հինգշաբթի 11 Դեկտեմբեր 2008-ին, երեկոյեան ժամը 8։00-ին, բացումը տեղի ունեցաւ տաղանդաւոր արուեստագէտուհի՝ Լուսին Գաբրիէլեանի մանրանկարչական գործերու անհատական ցուցահանդէսին։Լուսին Գաբրիէլեան՝ 1983-ին աւարտած է Հալէպի Ազգային Քարէն եւ Եփփէ Ճեմարանը (Սուրիա) եւ Հալէպի «Արշիլ Կորքի» եւ «Մարտիրոս Սարեան» գեղարուեստից ակադեմեաները։1997-ին եղած է շրջանաւարտ Երեւանի Գեղարուեստի Պետական Ակադեմիայի, արժանանալով Մագիստրոս Արուեստից վկայականին եւ մասնագիտանալով «Մեսրոպ Մաշտոց» Ազգային Մատենադարանի մանրանկարչութեան ճիւղին մէջ։1996-2000, Հայաստանի մէջ հետեւած է Ֆրանսերէնի, հին յունարէնի, գրաբարի եւ համակարգիչի դասընթացքներուն։1983-2006 Լուսին Գաբրիէլեան ունեցած է նկարչութեան դասաւանդման մանկավարժական գործունէութիւն, Սուրիոյ, Հայաստանի եւ Լիբանաի կրթական եւ բարեսիրական զանազան հաստատութիւններուն մէջ։1992-ին ունեցած է իր առաջին անհատական ցուցահանդէսը Հալէպի «Լեւոն Շանթ» ցուցասրահին մէջ։2004-2006 կատարած է որմանկարներու եւ եկեղեցական սպասներու մանրանկարչական ձեւաւորումներ Զմմառու վանքին մէջ։2001-2007 մասնակցած է զանազան հաւաքական ցուցահանդէսներու եւ կատարած է ամսագրային նկարազարդումներ։Լուսին Գաբրիէլեան Հայ Քրիստոնէական սրբանկարչութեան դարաւոր աւանդներուն հաւատարիմ արուեստագիտուհին է, որուն գործը արժանի է ամենայն գնահատանքի եւ քաջալերանքի։Մեսրոպեան Բարձրագոյն վարժարանի համար, Հայ մշակոյթը կրթութեան հետ միասին կարեւորագոյն լծակներէն մէկը կը հանդիսանայ Հայ ինքնութեան պահպանման պայքարին, որուն հաւատարիմ եւ լծուած կը մնայ վարժարանը 70 տարիէ ի վեր։Ցուցահանդէսը բաց է մինչեւ Շաբաթ՝ 13 Դեկտեմբեր 2008 երեկոյեան ժամը 9։00-ը։

«Մեր հույսերի, մեր տեսիլքների իրագործման մեծ ճանապարհ ունենք անցնելու»


Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի խոսքը

Մեծարգո նախագահ Հայաստանի Հանրապետության, տիար Սերժ Սարգսյան, սիրելի աստվածասեր, բարեպաշտ ժողովուրդ. լրացավ 20—րդ տարելիցը 1988 թ. երկրաշարժի, որը մեծ ավերածություններ պատճառեց մեր երկրին, մեծ կորուստներ եւ վիշտ՝ մեր ժողովրդին։ Այսօր աղոթքով ոգեկոչում ենք հիշատակը աղետի հազարավոր զոհերի։Այս օրերին ցավի զգացումով ապրեցինք վերհուշը տարերային աղետի կործանարար հետեւանքների։ Մեր առջեւ հառնեցին համատարած փլուզումների պատկերները, մարդկանց վշտահար ու տանջահար դեմքերը, բայց նաեւ՝ Հայաստանից եւ աշխարհի տարբեր կողմերից օգնության շտապող գթասիտ մարդկանց անհատնում հոսքը, ավտոմեքենաների անվերջ շարասյուները, որ մխիթարություն, քաջալերանք ու լավատեսություն էին բերում։ Արդարեւ, սիրելիներ, այդ դժնդակ օրերին զորացյալ հույսով ապրեց, հավատով գործեց, սիրով համախմբվեց մեր ժողովուրդը՝ ամոքելու վիշտը, վերացնելու երկրաշարժի աղետալի հետեւանքները։ Ծանր ու դժվարին եղան նաեւ երկրաշարժին հաջորդած տարիները։ Արցախը մարտնչում էր ազատ կյանքի համար, եւ Հայաստանն ու Արցախը հայտնվել էին անօրինական շրջափակման մեջ։ Երկրաշարժից վիրավոր, մթության ու ցրտի, սովի ու կարիքի մեջ անգամ իր արդար դատի պաշտպանությունից չնահանջեց մեր ժողովուրդը։ Այդ օրերին Հայրենիքում եւ սփյուռքում մեկ եւ նույն մտքով էր ապրում ազգս հայոց՝ վերացնել աղետի պատճառած ավերածությունները, հաղթահարել տնտեսական կյանքի ճգնաժամը, շրջափակման դժվարությունները, պաշտպանել Արցախը։ Աստծո պարգեւած զորությամբ, միասնական ուժերով մեր ժողովուրդը ձեռնամուխ եղավ ծառացող հրամայականների դիմագրավմանը, Հայաստանում եւ Արցախում հայրենի պետականության վերականգնմանը եւ իր ազատ կյանքի կառուցմանը։ Այսօր մենք հիշում ենք 20 տարիների հերոսական պատմությունը մեր ժողովրդի, զոհողությունների ու նվիրումի պատմությունը, պայքարի եւ կառուցումի պատմությունը։ Այդպիսին պիտի մնան ու հիշվեն այդ տարիները, պիտի հիշվեն մարդիկ իրենց գործերով, պիտի փառաբանվի Աստված, որ «տվեց մեզ հավիտենական մխիթարություն եւ բարի հույս իբրեւ շնորհ» (Բ Թեսաղ. Բ 15) եւ օրհնեց մեր ժողովրդի ջանքերը եւ արդար հույսերը։Երկրաշարժից հետո հսկայածավալ աշխատանք է կատարվել, ահռելի ջանք ու միջոց ներդրվել։ Այսօր աննվազ են հայրենի կառավարության, մեր ժողովրդի ջանքերը՝ ամբողջովին վերացնելու երկրաշարժի հետեւանքները, վերակառուցումներով, բարելավվող կյանքով լուսավորելու եւ պայծառացնելու մեր երկիրը՝ համայն հայության հայրենիքը։ Արդարեւ, աշխարհասփյուռ հայության միասնական ջանքերով, հավատով ու նվիրումով ձեռք բերված հաջողություններն ու հաղթանակները այս տարիների ընթացքում մեծ տեղաշարժեր ու փոփոխություններ են բերել, բայց չի փոխվել ու Աստծո ողորմությամբ չի փոխվելու մեր ժողովրդի հավատարմությունը ինքն իրեն՝ Քրիստոսասեր իր ազատ, արարող, արդարասեր հոգուն։Սիրելիներ, այսօր հանուն աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդի, մենք վերստին մեր երախտագիտությունն ենք հայտնում այն աջակցության համար, որ ցուցաբերեցին բազմաթիվ երկրներ ու ժողովուրդներ, կազմակերպություններ եւ անհատներ՝ Հայաստան առաքելով բազմապիսի օգնություն եւ կիսելով մեր ժողովրդի վիշտը։ Այդ աջակցությունն ու սատարումը արտահայտությունը եղավ եղբայրասիրության, արտահայտությունը եղավ մարդկության կամքի՝ ընթանալու դեպի բարօր, խաղաղ ու ապահով աշխարհ։Առ Բարձրյալն աղոթքով մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում մեր ժողովրդի զավակներին, ովքեր տարիներ շարունակ ջանք ու միջոց են ներդրել վերացնելու համար երկրաշարժի ավերածությունները, վերականգնելու աղետյալ բնակավայրերը։ Մեր գնահատանքը, սերն ու օրհնությունը՝ աղետի գոտու մեր հարազատ բոլոր զավակներին, որ համբերեցին ու դիմացան նեղություններին եւ վերստին կառուցեցին իրենց տները, քաղաքներն ու գյուղերը ու զավակներ մեծացրեցին՝ հույսով ու հավատով։ Մեր հույսերի, մեր տեսիլքների իրագործման մեծ ճանապարհ ունենք անցնելու, եւ ինչպես հայացքը ընդգրկում է հորիզոնը, ինչպես երազը պատկերում է նպատակը, այս հստակատեսությամբ ու լավատեսությամբ, առ Աստված ապավինությամբ պիտի ընթանանք դեպի մեր հայրենիքի բարեշեն ու բարեհույս ապագան, դեպի բարօր եւ միասնական կյանքը համայն մեր ժողովրդի։Խոնարհումով երկրաշարժի զոհերի հիշատակի առջեւ, աղոթք բարձրացնենք երկինք նրանց հոգիների համար եւ հայցենք Բարձրյալի խաղաղությունը, շնորհն ու օրհնությունը համայն աշխարհին, մեր հայրենիքին եւ մեր կյանքին։ Եվ Աստված, որ «տվեց մեզ հավիտենական մխիթարություն եւ բարի հույս՝ իբրեւ շնորհ, թող հաստատ պահի ձեր սրտերը ամեն բարի խոսքի եւ գործի մեջ»։ Եվ թող «Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծու սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզ հետ լինեն։ Ամեն։
09-12-2008

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ Կ’ԸՆԴՈՒՆԻ ԿԱՐՏԻՆԱԼ ՍԱՆՏՐԻՆ

11/28/2008

Ուրբաթ 28 Նոյեմբեր 2008-ի առաւօտուն, Վատիկան տուած իր պաշտօնական այցելութեան վերադարձէն անմիջապէս յետոյ, Վեհափառ Հայրապետին այցելեց Վատիկանի Արեւելեան Կաթոլիկ Եկեղեցիներու Բաժանմունքի Նախագահ Կարտինալ Սանտրին: Յայտնենք, որ Կարտինալ Սանտրին վերջին չորս օրերուն կը գտնուէր Լիբանան, մասնակցելու Լիբանանի մէջ կայացած արեւելեան կաթոլիկ եկեղեցիներու հոգեւոր պետերու ժողովին:
Աւելի քան ժամ մը տեւող հանդիպման ընթացքին լայնօրէն քննարկուեցաւ Վեհափառ Հայրապետին այցելութիւնը՝ Վատիկան: Վեհափառ Հայրապետը ընդհանուր գիծերով ներկայացուց իր այցելութեան յատկանշական երեսները: Կարտինալ Սանտրին, մօտէն հետեւած ըլլալով Վեհափառ Հայրապետին այցելութեան բոլոր հանգրուաններուն, պատմական որակեց այս այցելութիւնը ու մեծապէս արդիւնաւէտ: Ան անդրադարձաւ յատկապէս նահատակաց համաքրիստոնէական օր մը ճշդելու եւ Ս. Զատկուայ միացեալ թուական ունենալու Վեհափառ Հայրապետին արծարծած գաղափարներուն: Ան նաեւ անդրադարձաւ Վեհափառ Հայրապետին Անթիլիասէն տարած Նահատակաց մասունքին եւ այդ առիթով Վեհափառին արտասանած խօսքին:
Հանդիպման ընթացքին նաեւ անդրադարձ կատարուեցաւ ընդհանրապէս Միջին Արեւելքի քրիստոնէութեան ներկայութեան եւ մասնաւորաբար Լիբանանի կացութեան: Վեհափառը յայտնեց, որ այս մասին ինք խօսած է Ն.Ս. Պապին հետ եւ Վատիկանի բարձրաստիճան պատասխանատուներու հետ եւ անոնց մօտ յստակօրէն տեսած է զօրակցութիւն՝ Լիբանանի եւ ամբողջ շրջանի քրիստոնէութեան նկատմամբ: Կարտինալ Սանտրին իր կարգին հաստատեց Վեհափառ Հայրապետին մօտեցումը, ըսելով, որ իր ներկայութիւնը Լիբանան ինքնին շօշափելի արտայայտութիւն մըն է Վատիկանի զօրակցութեան:
Կարտինալ Սանտրին նաեւ անդրադարձաւ Հռոմի եկեղեցիներէն՝ Սուրբ Վլաս եկեղեցին Հայ եկեղեցւոյ տրամադրութեան տակ դնելու մասին, որպէսզի անհրաշետութեան պարագային հոն կատարուին հայ եկեղեցւոյ ծէս ու պատարագ: Ան նաեւ յայտնեց այս գծով գոյութիւն ոնեցող կարգ մը զգայնութիւնները: Վեհափառ Հայրապետը նախ իր գոհունակութիւնը յայտնեց այս գծով Հայ եկեղեցւոյ նկատմամբ կաթոլիկ եկեղեցւոյ էքիւմենիք վերաբերումին գծով, միաժամանակ մաղթելով որ զգայնութիւնները շուտով փարատին:
Սոյն հանդիպման Կարտինալին կողքին ներկայ էին նաեւ Լիբանանի մօտ Պապական Նուիրակը, Կարտինալին օգնական երկու եպիսկոպոսները, եւ Պքէրքէի ներկայացուցիչը:
Հանդիպման աւարտին Վեհափառ Հայրապետը լանջախաչ մը նուիրեց Կարտինալ Սանտրիին:

ՄԻՋԻՆ ԱՐԵՒԵԼՔԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ԽՈՐՀՈՒՐԴԻ




12/08/2008

Երկուշաբթի 8 Դեկտեմբեր 2008-ի առաւօտուն, Անթիլիասի Մայրավանքին մէջ Արամ Ա. Կաթողիկոսին նախագահութեամբ տեղի ունեցաւ Միջին Արեւելքի Եկեղեցիներու Խորհուրդի բարձրաստիճան պատասխանատուներու հանդիպում:
Հանդիպման ներկայ էին Խորհուրդի կաթոլիկ եկեղեցիներու նախագահը Մաթար Արքեպիսկոպոս, ընդհանուր քարտուղար Դոկտ. Կրկէս Սալեհ, տնտեսական յանձնախումբի փոխ-ատենապետ Դոկտ. Հապիպ Պատր եւ ուրիշներ:
Հանդիպման ընթացքին ընդհանուր արժեւորումը կատարուեցաւ Միջին Արեւելքի Եկեղեցիներու Խորհուրդի վերջին ամիսներու գործունէութեան գլխաւոր երեսներուն, ինչպէս նաեւ շորրջ երկու շաբաթներ առաջ Պէյրութի մէջ Խորհուրդի տնտեսական օժանդակութիւն կատարող արեւմտեան եկեղեցական կազմակերպութիւններու ներկայացուցիչներուն հետ տեղի ունեցած համդիպման: Յայտնենք, որ միջազգային տնտեսական տագնապը նաեւ իր անդրադարձը ունեցած է Խորհուրդի կեանքին: Այս կացութեան դիմաց առնուեցան կարեւոր որոշումներ երկու հանգրուանով գործադրելի: Հանդիպման ընթացին Վեհափառ Հայրապետը նաեւ հեռախօսային հաղորդակցութիւն ունեցաւ Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի ընդհանուր քարտուղարին հետ երկու խորհուրդներուն միջեւ գործացկութիւնը աւելի ծաւալելու հեռանկարներուն շուրջ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԸՆԴՈՒՆԵՑ



12/11/2008

Լիբանանի մէջ Յունաստանի դեսպան Փանոս Քալօճէօփուլոս, Հինգշաբթի 11 Դեկտեմբեր 2008-ի առաւօտուն այցելեց Անթիլիասի Մայրավանքը եւ հանդիպում մը ունեցաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի հետ:
Հանդիպման ընթացքին կողմերը քննարկեցին լիբանանեան քաղաքականութեան վերջին զարգացումներուն տարբեր երեսները, ինչպէս նաեւ հայ ժողովուրդի գործօն մասնակցութիւնը երկրի քաղաքական ու ընկերային կեանքին:
Ընդառաջելով դեսպանին փափաքին, Վեհափառ Հայրապետը նաեւ իրեն պարզեց անցեալ շաբաթ Վատիկան տուած իր այցելութեան գլխաւոր երեսները:
Շրջանային ու միջազգային կացութեան շրջագծին մէջ, անդրադարձ կատարուեցաւ հայ եւ յոյն եկեղեցիներու յարաբերութեան, ինչպէս նաեւ վերջին քանի մը օրերուն Աթէնքի ու շրջակայ քաղաքներուն մէջ տեղի ունեցող վայրագութեանց դրդապատճառներուն: